«ՕԵԿ-ը բացառում է քաղաքական գործակցությունը Ռոբերտ Քոչարյանի եւ նրան սատարողների հետ. մենք շարունակելու ենք սատարել հեղափոխությանը եւ նոր իշխանության այն նախաձեռնությանը, որը պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս խորհրդարանը պետք է լուծարվի»,-սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսում այսօր հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Ապա նա ներկայացրեց իրենց քաղաքապետի թեկնածուին՝ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Շահգելդյանին, շեշտելով, որ նա մաքուր քաղաքական պատմություն եւ կառավարման փորձ ունի:
«Մհեր Շահգելդյանը տարբերվում է մյուս թեկնածուներից իր փորձառությամբ եւ բարձր գիտելիքներով, ազնիվ կեցվածքով: Մենք ոչ արյան, ոչ թալանի եւ ոչ էլ գողության հետ կապ չունենք: Հետեւաբար, այն թիմը, որին մենք ներկայացնում ենք, արատավոր երեւույթների հետ կապ չունի»,-վստահեցրեց Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ ՕԵԿ-ը քսանամյա քաղաքական կենսագրություն ունեցող առանցքային կազմակերպություններից է, որը դժվար, բայց հաստատուն ճանապարհ է անցել. «Մեր երկրում շատ դրական, լուսավոր փոփոխությունների նախաձեռնողն ենք եղել: Լինելով թե կոալիցիայի, թե ընդդիմության մեջ, ՕԵԿ-ը միշտ բարձրաձայնել է խնդիրների մասին: ՀՀ-ում շատ դրական փոփոխություններ են տեղի ունեցել ՕԵԿ-ի շնորհիվ, որը 250 օրենքի հեղինակ է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ