Մինչդեռ եգիպտացորենն օգտագործվում է ոչ միայն սննդում, այլեւ որպես անասնակեր ու թռչնակեր, եւ այն հիմնականում Ռուսաստանից է ներկրվում Հայաստան Վրաստանի միջոցով: Եթե եգիպտացորենի ներկրման գինն ավելանա, ապա շղթայական ռեակցիայի նման այն կանդրադառնա նաեւ տեղական արտադրության մսի, թռչնամսի եւ ձվի գների վրա: Նման կանխատեսում է անում Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Ըստ նրա՝ եթե եգիպտացորենը նավով, այնուհետ երկաթուղով հասցվի Հայաստան, դրա մեկ տոննան կարող է 20-25 դոլարով թանկանալ։ Քանզի եթե բեռնատարներն անմիջապես բեռը հասցնում են վերջնակետին, ապա նավն ու գնացքը նման հնարավորություն չունեն: Դրանց միջոցով հնարավոր է եգիպտացորենը միայն մինչեւ համապատասխան կայարան հասցնել, որտեղից էլ այն տնտեսավարողին առաքելու համար նորից բեռնատար մեքենաների ծառայության անհրաժեշտություն է առաջանալու:
Այսինքն՝ նման տեղափոխումը լրացուցիչ ծախսեր է նախատեսում, որոնք ավելի կթանկացնեն եգիպտացորենի գինը. «Վրաստանի եւ Հայաստանի երկաթուղիները շահագործող ընկերությունները համաձայնության են եկել հայ փոխադրողների համար Փոթիից ցորենը գնացքներով տեղափոխելու սակագինը նվազեցնելու հարցում: Վստահ եմ, որ նման քայլ կարվի նաեւ եգիպտացորենի համար:
Երկաթուղով բեռնափոխադրումը միանշանակ ավելի էժան է, ինչպեսեւ նավով, սակայն այդ ժամանակ բազում կողմնակի ծախսեր են առաջանում բեռը վերջնակետ հասցնելու համար. եգիպտացորենը պետք է հատուկ պահուստարաններ տեղափոխել նավամատույցներում՝ այսպես կոչված էլևատորներ, գազածխեցման ենթարկել, որպեսզի հատիկները երկար ճանապարհին չփչանան, չենթարկվեն վնասատուների հարձակմանը, այնուհետեւ լաստանավերով հասցնել մինչեւ Փոթի ու հետո՝ դեպի երկաթուղի:
Հայաստանում էլ արդեն երկաթուղուց պետք է բեռի տեղափոխում կազմակերպվի: Այնինչ մինչ օրս բեռնատարներով անմիջապես ռուս գյուղացիներից կարող էինք բեռն ուղիղ ճանապարհով հասցնել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է»: Սերգեյ Ստեփանյանի հաշվարկներով՝ մասնավորապես որպես թռչնակեր ծառայող եգիպտացորենի թանկացումը կարող է հանգեցնել թռչնամսի գնաճի 400-500 դրամով եւ ձվի գնաճի՝ 5-6 դրամով: Դա, միանշանակ, սպառողների համար ավելի անհասանելի կդարձնի հատկապես տեղական արտադրության թռչնամիսը, որի սպառման ծավալներն առանց այն էլ վերջին տարիներին զգալիորեն կրճատվել են թանկ լինելու պատճառով:
Մյուս կողմից էլ դա մեծ վնաս կլինի տեղական ֆերմերների համար, քանի որ դրսից ներկրվող միսն ու ձուն ավելի մրցունակ կդառնան եւ ավելի մեծ ծավալներով կիրացվեն. «Այն, ինչ կատարվեց մսի շուկայում՝ դրա գնաճին նպաստող որոշումների հետեւանքով, կկրկնվի նաեւ թռչնամսի եւ ձվի շուկայում: Այսօր խանութների սեփականատերերը նախընտրում են ներկրված միս վաճառել, որն ավելի մատչելի է, քան տեղականը, եւ հետեւաբար դրա պահանջարկը ավելի մեծ է:
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում