7-ը սեպտեմբերի, 2018թ., Դիլիջան, Հայաստան. UWC Դիլիջանի քոլեջում մեկնարկել է հինգերորդ ուսումնական տարին։ Դպրոցական համայնքն արդեն դիմավորել է առաջին տարեցիներին, ովքեր ծանոթանում և ճանաչում են դպրոցն ու երկիրը, որն իրենց տունն է լինելու առաջիկա երկու տարիների ընթացքում։ Այս շրջանում նրանք որոշումներ են կայացնում առարկաների և արտադասարանական ծրագրերի ընտրության վերաբերյալ։
Ընթացիկ ուսումնական տարում քոլեջն ունի 218 ուսանող շուրջ 80 երկրից, այդ թվում 21 ուսանող Հայաստանից և Արցախից։ Մեր քարտեզին հայտնվել են նոր տեղանուններ՝ Կիրիբատի, Բարբադոս, Բելգիա, Հարավային Կորեա, Թունիս, Մոնտենեգրո և Կիպրոս։
UWC Հարավարևելյան Ասիա (Սինգապուր) քոլեջից մեր դպրոցական համայնքին է միացել նոր տնօրեն Գաբրիել Էռնեստո Աբադ Ֆերնանդեսը՝ առաջնորդելու քոլեջի հետագա զարգացումը։
UWC Դիլիջանի քոլեջը աշխարհի տարբեր մասերում գործող 17 քոլեջներից և դպրոցներից տասնչորսերորդն է։ Այն հիմնադրվել է սոցիալական ներդրողներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից՝ հիմնադիր հովանավորների օգնությամբ և աջակցությամբ։ Դպրոցը բացվել է 2014թ. և արդեն ունի շրջանավարտների երեք սերունդ։
UWC Դիլիջանի քոլեջի մամուլի հաղորդագրություն