ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը որոշել է պայքարել կեղծ լրատվության՝ «ֆեյք նյուզի», «քոփի փեյսթի», ինչպես նաեւ համացանցում տեղ գտնող վիրավորանք եւ զրպարտություն պարունակող լուրերի, մեկնաբանությունների դեմ։
Հովհաննիսյանը զերծ մնաց բովանդակային առումով որեւէ բան հայտնելուց, թե ինչ կոնտենտ է ունենալու նախագիծը, քանի որ այս պահին դեռ քննարկվում է գաղափարը, որը միս ու արյուն կստանա մասնագիտական տարբեր շրջանակների հետ քննարկումների արդյունքում միայն։
«Այսօր առկա են խնդիրներ, մարտահրավերներ, որոնք տարեցտարի խորանում են՝ առաջացնելով մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, բազմաթիվ պրոբլեմներ, այդ թվում՝ լրատվամիջոցների գործունեության համար, իրական աշխատանք կատարող լրագրողների համար, որոնց աշխատանքը վատնում են ուրիշները կամ ֆինանսական հոսքերի հետ կապված խնդիրներ են ստեղծում նույն լրատվամիջոցների համար եւ այլն։ Սա էր պատճառը, որ որոշեցի ոչ թե նախագիծ ներկայացնել, այլ նախեւառաջ քննարկումների շարք կազմակերպել եւ դրանից հետո նախագիծ ներկայացնել»,- ասաց տիկին Հովհաննիսյանը։
ԱԺ փոխնախագահը նաեւ հիշեցրեց, որ առաջիկայում միջազգային կազմակերպություններն անդրադառնալու են այս խնդրին, եւ կլինեն բանաձեւեր, որոնք պարտադիր կլինեն Հայաստանի Հանրապետության համար, քանզի խնդիրը միայն մեզ չէ, որ բնորոշ է։
Իսկ հնարավո՞ր է նմանատիպ նախաձեռնությունը խոսքի ազատության սահմանափակման մասով ռիսկ առաջացնի։ Արփինե Հովհաննիսյանը նախ նշեց, որ ինքը նման ռիսկ չի տեսնում, ապա հիշեցրեց, որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ, եւ պետք է գտնել այն անհրաժեշտ լուծումները, որոնք հնարավորություն կտան մի կողմից չսահմանափակել խոսքի իրական ազատությունը եւ մյուս կողմից թույլ չտան, որպեսզի մարդու իրավունքների խախտումներ տեղի ունենան, պետք է լրագրողների աշխատանքը կարգավորվի, կամ ֆինանսական կորուստներ չկրի լրատվամիջոցը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Շատ լավ նախաձեռնություն է: Ցանկալի է նաև, որ լրատվամիջոցները չտպագրեն հայհոյանք, լատինատառ մեկնաբանություններ՝ ինչպես դա անում են «Հետքը» և «Առավոտը»: Եթե հասնեք նրան, որ ՖԲ-ն նույնպես լատինատառ չտպագրվի, շատ մեծ քանակով աղբ դուրս կմղվի, կրքերն էլ մասամբ կհանդարտվեն:
ՀԳ. Չհայհոյողներիս և հայատառ գրողներիս իրավունքներն էլ չեն խախտվի: