Ինչեւէ, խոսենք Հայկի մասին: Որպես թեկնածու` առաջադրվելու առաջին իսկ օրվանից հասարակության շրջանում դժգոհության ալիք բարձրացավ, շատերն ընդդիմացան նրա թեկնածությանը, շատերը նույնիսկ զավեշտ ու ծաղր համարեցին դա: Բայց ի՞նչ արած, մի՞թե կա որեւէ մրցակցության որեւէ թեկնածու, որին բոլորն անխտիր համակրեն. չկա: Հայկ Մարությանը եւս բացառություն չէ: Բայց օրերս իր ելույթի ժամանակ նա արեց այնպիսի հայտարարություն, որ առանց այն էլ չեղած համակրանքն էլ ի չիք դարձավ: Արգիշտի Ա արքայի կառուցած քաղաքի ապագա քաղաքապետը, իսկ նա հաստատ կդառնա, քանի որ ՔՊ-ն օգնում է նրան այնպես, ինչպես ժամանակին ՀՀԿ-ն` Տարոն Մարգարյանին, ոչ ավել ոչ պակաս ասաց, որ իրենց դեմ խաղ չկա, հավելելով, որ երկրում կան սեւ եւ սպիտակ ուժեր, բայց հատկանշական է, որ մարգարեին բնորոշ դեմքի արտահայտությամբ ապագա քաղաքագլուխը հայտարարեց, որ ինքն ու իրեն սատարողներն սպիտակ ուժերն են, իսկ մյուսները` սեւ: Սրանից լավ երեւում է, որ վագրաձիերի մեծ սիրահար այս մարդը հայտնի «Մաֆիա» խաղի մեծ սիրահար է, բայց բացի խաղի սիրահար լինելուց, կարծես հոգու խորքում մի փոքր կրում է նրան, ում դեմ պայքարել է երկար տարիներ`Սերժին, Սերժին է նման այս մարդը: Որովհետեւ նրա հայտարարությունը, որից հետո «Որովհետեւ ես լյա՜վ տղա եմ» դեմքի արտահայտությամբ` նայում էր իր ունկնդիրներին, լսելուց հետո միանգամից ցանկություն էր առաջանում հարցնել. Պարոն Մարության, իսկ ինչքա՞ն կխփեք, 100-ից 70, 80, 90, թե՞ 100 տոկոս: Ձեր ճանապարհին կանգնած սեւերի գլխին Հովիկ Աբրահամյանի պես կբամփե՞ք, թե՞ ոչ: «Կապթող էղած» սեւերի ծնոտը Մհեր Սեդրակյանի պես կջարդե՞ք, թե՞ ոչ: Ձեր քաղաքապետ դառնալու ասֆալտապատ ճանապարհին խոչընդոտ դարձողի հետեւին, Մանվել Գրիգորյանի պես, «ձեռ կտա՞ք», թե՞ ոչ: Ձեզ դուր չեկողներին Շմայսի պես «մի հատ կբառնաբրե՞ք», թե՞ ոչ:
Չգիտեմ` ի՛նչ կանի Հայկ Մարությանը, բայց այն, որ հենց քարոզարշավի սկզբից ցույց տվեց, որ ինքն առանձնապես չի տարբերվում իր կերտած գռեհիկ կերպարներից, միանշանակ է: Նորմալ մարդը, ինչպիսին ներկայանում է Հայկ Մարությանը, որն, ի դեպ, հանդուրժողականության կողմնակիցն է, պետք է խոսեր ոչ թե սեւ ու սպիտակ ուժերի հակամարտության ու սպիտակների հաղթանակի մասին, այլ` այդ հակամարտությունը վերացնելու: Վերջին հաշվով նա պատրաստվում է դառնալ Հայաստանի մայրաքաղաքի ղեկավարը եւ պարտավոր է գիտակցել, որ ինքը նման ճանապարհով գրեթե ոչ մի շանս չունի` կարգին քաղաքապետ դառնալու, չնայած նրան, որ բոլորն իրեն «Կարգին Հայկ» են ասում: Նաեւ պարտավոր է գիտակցել, որ քաղաքապետարանը ոչ՛ «Կարգին կասետ» է, ո՛չ էլ՝ «Կարգին սերիալ», այստեղ պետք չէ դերի մեջ մտնել, ինչը հիմա ինքն է անում, քանի որ ժողովուրդը ո՛չ «Ադիկն» է, ոչ էլ «Վարդանիկը», առավել եւս՝ «Նավթալին հոպարը»:
Հ.Գ. Հատուկ նրանց, ովքեր այս տողերը կարդալուց հետո կհարցնեն՝ «իսկ Տարոնը լա՞վն էր»: Պատասխանում եմ՝ ո՛չ, լավը չէր, վատն էր, բայց խորհուրդ եմ տալիս համեմատության հարթակում համեմատել միմիայն լավի հետ:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում