Կառավարությունը կարծես մտափոխվել է եւ մտադիր չէ նվազեցնել ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների եկամտային հարկի դրույքաչափը։ Զարմանալի է թերեւս այն հիմնավորումը, որ դրվել է նման մոտեցման հիմքում. կառավարության կարծիքով, այսպես, թե այնպես, դրանից այս խմբում ընդգրկված աշխատողների եկամուտների շոշափելի ավելացում չի լինի։
Թե որքանո՞վ է հիմնավորված այս փաստարկը, դատեք ինքներդ։
Մի բան ակնհայտ է, որ հերթական անգամ սոցիալապես անապահով հատվածը կանգնում է կոտրած տաշտակի առջեւ։ Կառավարությունը հակված չէ առավել նվազ եկամուտներ ունեցողների համար եկամտային հարկը դարձնել 20 տոկոս։ Թեեւ ներկայացված տարբերակներից մեկը ենթադրում է այդպիսի մոտեցում, այնուհանդերձ ակնհայտ է, որ կառավարությունը պատրաստ չէ գնալ այդ ճանապարհով։
Այնպես որ եկամտային հարկի հաշվին հասարակությանը խոստացված փաստացի վճարվող աշխատավարձի աճը, ըստ էության աշխատողների առնվազն կեսը չի զգա։ Թվում է, թե կառավարությունը պետք է մտածեր առաջին հերթին ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների եկամուտների ավելացման մասին։ Այնուհանդերձ նախապատվությունը տրվում է բարձր եկամուտ ունեցողներին։ Այդ մասին Հարկային օրենսգրքի փոփոխությունների առնչությամբ ակնարկեց նաեւ կառավարության ղեկավարը։
Ուստի ենթադրվում է, որ եկամտային հարկի վերջնական տարբերակը այդպիսին էլ կլինի։ Այլ հարց է, թե դա որքանով է բխում նաեւ հասարակության լայն զանգվածների շահերից։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից գործող օրենքի համաձայն, Հայաստանում սահմանված է եկամտային հարկի երեք սանդղակ։ Ըստ այդմ, մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձի պարագայում եկամտային հարկը կազմում է 23,150 հազարից մինչեւ 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս։ Ավելի բարձր եկամուտ ունեցողները հարկվում են 36 տոկոսով։ Երկար ժամանակ թմբկահարելով եկամտային հարկի նվազեցման թեման, այժմ կառավարությունը նախընտրում է այն տարբերակը, որ մինչեւ 150 հազար դրամ ստացողները պետք է շարունակեն հարկվել 23 տոկոսով։ Փոխարենը՝ նպատակահարմար է համարվում նվազեցնել երկրորդ եւ երրորդ խմբերում ընդգրկվածների եկամտային հարկի դրույքաչափերը՝ հավասարեցնելով 23 տոկոսի։
Ենթադրվում է, որ դրա շնորհիվ նրանք կստանան մի քանի տասնյակ միլիարդ դրամի հավելյալ եկամուտ։ Հատկապես երրորդ խմբում ընդգրկված քաղաքացիների համար, որոնց եկամուտներն առանց այդ էլ բարձր են, այս տարբերակը հարկային բեռի բավականաչափ կտրուկ իջեցում է։ Որ այս փոփոխության շնորհիվ հասարակության մի հատվածի եկամուտները կավելանան, անշուշտ լավ է։ Սակայն մեծ թվով քաղաքացիներ, ովքեր առանց այն էլ ունեն նվազ եկամուտներ, դրանից ոչինչ չեն ստանա։ Ընդհակառակը, նրանց մի մասի եկամուտները նույնիսկ կնվազեն։
Հ. ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում