Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ իմ հայը

Սեպտեմբեր 08,2018 15:30
merujan Ter-Gulanyan

Իմ ապրած եւ մեծ աշխարհի հետ շփման տարիների ընթացքում ես երկար մտածում էի, որ մի օր կգրեմ, կփորձեմ հասկանալ, ճանաչել հայի, այսինքն թե՝ իմ հոր, մոր, իմ եւ ընկերներիս ու ճանաչածս մարդկանց տեսակն ու նպատակը:
Ուզում էի գրել ու վախենում էի պատմությունից, վախենում էի Խորենացուց, Նարեկացուց, ընդհանրապես պատմությունից էի վախենում: Վախենում էի իմ գիրը դնել նրանց կողքին՝ համարելով խոսքս անարժան գրոց հիշատակի: Սթափվում էի նաեւ Դեմիրճյանի, Նժդեհի ու Սարոյանի Հայի առջեւ…
Բայց ես իմ հային էի փնտրում, ում, կարծես թե, ճանաչել էի իմ լավ ու վատ, տրտում եւ ուրախ օրերի ընթացքում: Այնինչ ամեն հայ իր մեջ իր հայն ունի… Ինչպես Տերյան երեւելի բանաստեղծի Ղազար հայրն ու Թորոս հորեղբայրն իրենց հայերն ունեին. մեկը եկեղեցի էր սարքում, մյուսը գիշերը քանդում էր, ոչ այն պատճառով, որ եղբայրներն իրար չէին սիրում, այլ մեկը Աստված էր սիրում, մեկը՝ Լյուցիֆեր:

Մանկությանս տարիներին Ջավախքի Գոման մեր գյուղը լեփ-լեցուն էր ջահելությամբ, եւ քանի որ բոլոր ճանապարհները փակ էին, գյուղը մեծանում, մեծանում ու հորձանք էր տալիս: Եվ այդ հորձանուտում այնքան մոտիկ էինք հայտնվում մենք իրար ու այնքան էինք ճանաչում միմյանց, որ սկսում էինք խորհուրդներ տալ: Ինչպես նաեւ օրավուր օգնում իրար, որ հանկարծ այդ հորձանուտի մեջ հայտնված մեկը իրեն մենակ չզգար: Գյուղը տեր էր ու տնօրեն: Բայց եկավ մի պահ, երբ գյուղը սկսեց նոսրանալ:
Զարմանալի բան. ոչ մի կռունկ մենակ չի չվում, քանի որ նա չգիտի տեղ հասնելու ճանապարհը: Բայց մերոնք չվեցին, չվեցին աներամ, քանզի դրսի անհայտ աշխարհը կանչում էր նրանց մեկ առ մեկ ու կանչում էր աներամ:

Եվ եղավ այնպես, որ նրանք երամ դարձան դրսում՝ թողնելով հայրենական գյուղն աներամ՝ որպես հիշատակների ու սրբազան գերեզմանների հայրենիք: Տեր Աստված, ո՞վ վիրավորեց մեր ցեղին, ո՞ր ժամանակներում: Շատերն ասում են, թե Տիգրան Մեծից հետո, որն աշխարհակալ էր: Բայց ճիշտ չէ, թող ինձ ներեն գիտնականները, քանի որ Տիգրան Մեծը մեր պատմության մեջ ընդամենը երեկվա օրն էր եւ ընդամենը երկու հազար տարի առաջ:
Այնինչ մեր ցեղին վիրավորում են այսօր, ինչպես հազարամյակներ առաջ՝ խեղաթյուրելով մեր պատմությունը, մեր Ծննդոց գիրքը եւ մեր այսօրը: Սակայն չեմ կարծում, որ դրսից են վիրավորում, այլ մենք ենք անվանարկում իրար: Ո՞ւր է իմ Հայը, իմ ընկերն ու եղբայրը, որը հավերժ վիրավորված է: Ումի՞ց է վիրավորված եւ որերորդ հազարամյակում, ինքն էլ չգիտի…
Անվերջ փնտրում է, փնտրում-գտնում է ու շարունակում է փնտրել՝ մոռանալով, սակայն, որ իր հետ ապրող ժողովուրդները վաղուց արդեն չկան, բայց ինքը կա ու մնում է վիրավորված: Ի՞նչ եղավ մեզ հետ: Մտածում եմ, որ, թերեւս, իմ Հայը վիրավորեց ինքն իրեն՝ չհարգելով սեփական թագավորին, տասներկու հազար տարի առաջ նաեւ՝ սրբազան Քուրմ Արքային, վիրավորեց իր իշխանությանը եւ շարունակում է ապրել վիրավորված:
Այսինքն թե՝ մեզ ոչ ոք այնպես անվերադարձ չի վիրավորել, ինչպես ինքներս մեզ ենք վիրավորել: Այնինչ եղան ժամանակներ, երբ խոնարհ էինք օտար պետականությունների օտար իշխանությունների առջեւ, սակայն շարունակ երազելով ինքնիշխանություն, միեւնույն է՝ մնում էինք ապստամբ սեփական իշխանավորների դեմ, քանի որ ամեն հայի իր երկրում թվում է, թե ինքն է իշխանությունը:

Գաղտնիքը թերեւս այնտեղ է, որ Հայաստանում երբեք չի եղել ստրկատիրություն, ուստի մենք սիրում ենք մեր չունեցածն ավելին, քան ունեցածը… Ես փնտրեցի, ուզեցի հասկանալ իմ Հային եւ, թերեւս, դարձյալ չհասկացա, բայց խոստանում եմ մի օր գտնել ու հասկանալ անպայման:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

07.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930