Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Պուտին-Սարգսյան-Ալիեւ փարիզյան ջենթլմենական պայմանավորվածություններից

Սեպտեմբեր 08,2018 15:00

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը` Պուտին-Ալիեւ կայացած եւ Պուտին-Փաշինյան կայանալիք հանդիպումների մասին

– Մի քանի օր առաջ կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում ասել էիք, որ այդ հանդիպումը հստակեցումներ կմտցնի Արցախի հարցով առաջիկա զարգացումներում: Ի՞նչ արդյունքներ կարող ենք գրանցել:

– Ես ասել եմ, որ Պուտին-Ալիեւ հանդիպումը կարող է «ազդանշանային լինել», եւ հաջորդած փորձագիտական արձագանքները գալիս են հաստատելու իմ տպավորությունը: Եթե ուշադիր հետեւենք ռուս-ադրբեջանական կոնսոլիդացված քարոզչությանը, ապա կուրվագծվի հետեւյալ պատկերը. Պուտին-Սարգսյան-Ալիեւ ձեւաչափով որոշ համաձայնություններ եղել են: Գործնական քննարկումներն, ըստ երեւույթին, պետք է սկսվեին Ադրբեջանում նախագահական ընտրություններից եւ Հայաստանի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակվելուց, նոր կառավարության կազմավորումից հետո: Հայաստանում ապրիլյան իշխանափոխությամբ այդ նախագծումները մնացել են առկախ: Իմ կարծիքով՝ սեպտեմբերի 1-ին Իլհամ Ալիեւը ՌԴ նախագահին խնդրել է, որպեսզի ջանքեր գործադրի Հայաստանի նոր իշխանությանը ԼՂ հարցով նախկին պայմանավորվածություններին վերադարձնելու ուղղությամբ: Ես «ազդանշանային» ասելով նկատի էի ունեցել հենց այդ հավանականությունը:

– Սեպտեմբերի 8-ին կայանալու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահի հետ: Ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից: Ի նկատի ունենալով ՌԴ-ի հետ հավասարը հավասարի հետ հարաբերվելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, դրանց հետեւող գործողությունները` ՌԴ ԱԳ նախարարին նոր իրավիճակներին ադապտացվելու կոչերը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ եւ շուրջը տեղի ունեցածը եւ այլն, այդ ամենին ի պատասխան ՌԴ-ից հնչած հակադարձումները, ՀՀ-ՌԴ հարաբերություններում խութերը կխորանա՞ն, թե՞ հակառակը:

– Եթե անգամ Ռուսաստանում Հայաստանի հետ կապված «հարցեր են կուտակվել», ինչպես ասում է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը, եթե դրանում տեսանելի է նոր իշխանությունների թերացումը, ապա, միեւնույն է, մենք չպետք է նման տեսակետներ գեներացնենք: Հասարակությունը պետք է պատրաստ լինի նրան, որ ինքնիշխանության, այլ երկրների հետ հավասարի իրավունքով հարաբերվելու համար ինչ-որ ձեւով պետք է վճարել: Դա կարող է լինել նաեւ հայ-ռուսական հարաբերություններում շեշտադրումների որոշակի կոշտացումը: Չարժե դրանից ողբերգական-ապոկալիպտիկ հեռանկար ուրվագծել: Հայաստանը եւ Ռուսաստանը դաշնակից երկրներ են, եւ փոխհարաբերությունները պետք է կառուցվեն այդ հիմքով: Եթե Ռուսաստանի ընտրությունը դա չէ, ապա Հայաստանն էլ կարող է այլընտրանք տեսնել: Ցավոք, Հայաստանում կան անհատներ, խմբեր, քաղաքական ուժեր, որոնք փորձում են հայ-ռուսական հարաբերությունների «կրակի վրա ձեռքեր տաքացնել»: Դա նրանց պատիվ չի բերում:

– Պնդումներ կան, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցի կարգավորման հայեցակարգ չունի: Կիսո՞ւմ եք այդ մոտեցումը:

– Ես գիտեմ մեկ փորձագետի, որ նման տեսակետ արտահայտել է՝ իմ շատ հարգելի բարեկամ Դավիթ Շահնազարյանը: Ընդհանուր առմամբ, այո, դա ճիշտ դիտարկում է: Մյուս կողմից, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է վարվում, երբ հայեցակարգ չի հրապարակում: Չմոռանանք, որ նա ժամանակավոր կառավարության ղեկավար է:

– Արցախը բանակցությունների շուրջ վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի կողմից արտահայտված մոտեցումը արդյո՞ք բանակցային գործընթացից խուսափելու ձեւ է: Համենայնդեպս, նման տպավորություն կարող է ստեղծվել, ինչը ադրբեջանական կողմը փորձում է շահարկել եւ շրջանցել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը: Ի դեպ, դրանց մասին կարծես համանախագահներն էլ են մոռացել:

– Տպավորությունը, որ համանախագահները «մոռացել են» Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, երեւի մոտ է իրականությանը: Բայց դրա պատճառը, կարծում եմ, ոչ թե նոր իշխանությունների մոտ ԼՂ կարգավորման հայեցակարգի բացակայությունն է, այլ, ըստ երեւույթին, Փարիզում Սարգսյան-Ալիեւ բանակցությունների ոչ հրապարակային մասը: Վարչապետ Փաշինյանը, որքանով ես կարող եմ դատել, փորձում է հրաժարվել ինչ-ինչ «ջենթլմենական պայմանավորվածություններից»: Դա բանակցություններից խուսափելու ձեւ չէ, այլ իրավիճակը «մաքուր էջի» բերելու փորձ, ինչին, ի դեպ, բավական գործուն խոչընդոտում են հայաստանյան որոշ ուժեր եւ խմբեր:

– Ո՞ր ուժերն ու խմբերն են խոչընդոտում՝ նախկին իշխանակա՞ն:

– Կարծում եմ՝ հասկանալի է: Եթե ավելի կոնկրետ, ապա Ռոբերտ Քոչարյանը եւ նրա վերադարձի հետ հույսեր կապող որոշ ռուսահպատակ գործիչներ:

– Կրկին ակտիվացել են տեսակետները, որ Արցախի հարցի կարգավորման ֆորմատը պետք է փոխվի` համանախագահներից անցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում հարցի լուծման, որի անդամ է նաեւ Թուրքիան: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

– Նման տեսակետների ես ծանոթ չեմ: Տարիներ շարունակ այդ ուղղությամբ Ադրբեջանն է աշխատել եւ շարունակում է ջանքեր գործադրել: Բայց, պատկերավոր ասած, Կովբյուրոյի ժամանակները, երբ ԼՂ կարգավիճակը որոշվեց փակ նիստում, այն էլ՝ առանց քվեարկության, մնացել են անցյալում: Այդպես չի կարող լինել: Լեռնային Ղարաբաղը կայացած ռազմաքաղաքական սուբյեկտ է եւ պետք է պատրաստ լինի դիմագրավելու ցանկացած մարտահրավերի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

07.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Քաղաքականությունից չեմ հասկանում՝ խոհարար մարդ եմ, բայց որ մածունը մեծ-մեծ բրդում են՝ համեղ է ստացվում:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930