Հարցազրույց արձակագիր Դավիթ Խաչիյանի հետ
– Վերջին շրջանում ձեզ իբրեւ ստեղծագործողի բնութագրելիս մասնագետները հավաստիացնում են, թե Խաչիյանը ոչ միայն հիանալի արձակագիր է, այլեւ՝ թատերագիր: Ափսոսանք են հայտնում, որ 2017թ. «Արտավազդ» մրցանակաբաշխությունում «Պատը» դրաման, որ ներկայացված է եղել «Լավագույն պիես» անվանակարգում, չի արժանացել ժյուրիի հավանությանը, որպես սփոփանք էլ նշում են, թե այդ դրաման «37-րդ օրի» հետ արժանացել է Կարինե Խոդիկյանի ուշադրությանը՝ տեղ գտնելով նրա խմբագրած «Դրամատուրգիա» պարբերականում… Հետաքրքիր է՝ դրամաները ներկայացրե՞լ եք որեւէ թատրոն:
– «Արտավազդ» մրցանակաբաշխության մասով նախընտրում եմ լռել: Յոթ տարի առաջ ստեղծած «Սասունցիների պարը» երկում ներկայացրել էի, թե ինչ է սպասվում Հայաստանին: Խնդրեմ՝ կարող եք ծանոթանալ. այն, ինչ որ գրված էր, ինչպես ասվում է՝ մեկը մեկին իրականություն դարձավ: Եթե ձեզ կամ ձեր թերթի ընթերցողին հետաքրքրում է իմաստը, կարող եմ մեկ-երկու նախադասությամբ ասել՝ պետք է աղբից մաքրել ամեն ինչ եւ պետք է սկսել սեփական տնից, ընտանիքից… Ներկայացրի թատրոններին, միայն Ստեփանակերտի դրամատիկականին գրավեց այն, բայց ինչ-ինչ պատճառներով քնեց: Ինձ մի բան է հետաքրքիր՝ թատրոնների գեղարվեստական ղեկավարները, ռեժիսորները ընդհանրապես կարդո՞ւմ են, թե՞ մենակ նրանց հետաքրքրում է, ասենք՝ «Պեպոն» կամ ցեղասպանության թեմաներով ստեղծագործությունները: Նրանք չեն գիտակցում, որ սահմանները բացվել են, պատերը քանդվել են… Իհարկե, փոքր թատրոններում բեմադրվում են ժամանակակից հեղինակների գործեր, բայց, չգիտես ինչու, ընտրվում են հենց ժամանակակից անհասկանալի գործեր… Չես հասկանում՝ բե՞մն է իջել հանդիսատեսի մոտ, թե՞ հակառակը: Մի խոսքով՝ ռաբիսը ցեցի նման կերել է մեզ: Մի բան էլ կա՝ այո, դպրոցներում պետք է սովորեցնել ոչ այնքան «Հայր մերը», որքան ուսուցանել Քոչարին ու Յարխուշտան: Հենց այդ ու նման պարերը հայրենասիրության իսկական օրինակներ են, ի վերջո, Քոչարի պարող տղային հայ աղջիկը հաստատ այլ կերպ կվերաբերվի: Քոչարի պարող տղան ոչ թե շունիկ կպահի, այլ կփորձի ընտանիք պահել, որը մեր հասարակության հիմքն է: Չե՞ք տեսնում՝ ընտանիքի ինստիտուտը մեռնում է… Կամ չեն ամուսնանում, կամ ամուսնալուծությունների թիվն օրեցօր ավելանում է: Մեզ հարկավոր է տղամարդ-կին նորմալ հարաբերություններ, այլ ոչ թե իբր ժամանակակից քամիների ազդեցությամբ խեղաթյուրված: Երջանկությունն ի վերջո պետք չէ փնտրել հայրենիքից դուրս եւ ամբողջ կյանքը ապրել «աբիժնիկի» կարգավիճակով, ազգային արժեքները ոտնահարելով ու մոռանալով: Մենք՝ հայերս, ի վերջո ի՞նչ ենք ուզում: Դրա պատասխանն այսօր չկա: Փոխարենը կան միայն երազանքներ, պատրանքներ, բառակապակցություններ՝ «հզոր հայրենիք», «հզոր բանակ», «բազմազավակ ընտանիքներ»… Բոլորը փոփոխություններ են ուզում, բայց ոչ մեկը չի ուզում սկսել իրենից: Մենք անգամ երազանք չունենք, մինչդեռ ամեն ինչ սկսվում է դրանից. փոքր երեխան խորանարդիկներից տունիկ է կառուցում, հետո արդեն դառնում ճարտարապետ: Երազանքից դեպի իրականություն տանող ճանապարհը պետք է հստակ լինի:
– Կարելի՞ է ենթադրել, որ դուք ամեն ինչ տեսնում եք կամ ընկալում երկու՝ սեւ կամ սպիտակ գույներով:
– Հարցը քաղաքակա՞ն ենթատեքստ ունի… Կպատասխանեմ հետեւյալ կերպ. եթե խոսենք սեւ ու սպիտակից, ապա այդ գույները հարյուրավոր այլ երանգներ ունեն… Վերջին ամիսներին մշտապես խոսում ենք աղբը ժամանակին հեռացնելուց, բայց չենք խոսում չաղտոտելուց:
– Խոսեցիք հատկապես աղբից, գուցե դրա պատճառը զբոսաշրջության ոլորտում ձեր գործունեությո՞ւնն է. դուք հանդիսանում եք Ռուսաստանի տուրիզմի ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, հեղինակն եք «Дневник турагента» ժողովածուի…
– Զբոսաշրջությունն ինձ համար միջոց է ֆինանսապես անկախ լինելու, ազատ ստեղծագործելու: Անկասկած, շատ կուզեի, որ գրականությունն ինձ ֆինանսապես ապահովեր…
– Ճիշտ են ասում ուրեմն, որ դուք եք ձեր գրքերի ֆինանսավորողը:
– Այո, սա անկախության գրականություն է, որտեղ դու պատվեր չես կատարում, հետեւաբար ինքդ ես որոշում անելիքդ: Ես հասել եմ այն աստիճանի, որ կարող եմ ինքս ինձ ֆինանսավորել: Իսկ ովքեր այդ հնարավորությունը չունեն, ուրեմն թող քիչ գրեն կամ նկարեն, բայց ստեղծեն շեդեւրներ, այլ ոչ թե սեփական մտքերի սղագրություն հանձնեն շուկային:
– Ձեր գործերը շեդեւրնե՞ր են:
– Հարցին չէի պատասխանի, բայց նշեմ, որ վերջին գիրքս՝ «Երազահան ըստ Ոդիսեւսի», օգտվել եմ շուրջ 150 աղբյուրից: Ես պրոֆեսիոնալ արձակագիր եմ ու գրում եմ պրոֆեսիոնալ ընթերցողի համար: Իսկ եթե ասեմ, որ այսօր պրոֆեսիոնալիզմը մեծ դեֆիցիտ է մեր հասարակության մեջ, ժխտող չի լինի:
– 2017թ. ձեր հեղինակած «37-րդ օրը» տեղ գտավ ժամանակակից դրամատուրգների աշխատությունների անթոլոգիայում…
– Այդ անթոլոգիան Արեւելյան Եվրոպայի երիտասարդ դրամատուրգների ստեղծագործությունների ծաղկաքաղ էր: Երեւան էր ժամանել գերմանաբնակ շվեյցարացի դրամատուրգ, որը ծանոթացավ Անուշ Ասլիբեկյանի, Աննա Դավթյանի, Ցոլակ Գալստյանի, Անուշ Քոչարյանի, Ստելլա Լորեցյանի ստեղծագործություններին եւս: Թվարկածս գործընկերներիս երկերն էլ տեղ են գտել այդ անթոլոգիայում, իհարկե՝ ոչ ամբողջությամբ:
– Դուք հայտնի եք նաեւ որպես թարգմանիչ: Ուրեմն ինչո՞ւ ձեր ստեղծագործությունները հենց ռուսերեն ու անգլերեն չեք ներկայացնում արտասահմանյան թատրոններին:
– Առայժմ դրա ժամանակը չէ:
– Վերադառնանք ձեր «Պատին»: Հավաստիացնում են, որ այս դրաման իմպրեսիոնիստական կտավի գործ է, աբսուրդի, սիմվոլիզմի եւ այլ «իզմերի» համադրություն՝ շաղախված թափանցիկ ենթատեքստերով: Նույնիսկ մեկ-երկու կարծիքներ կան, որ եթե որեւէ ռեժիսոր ծանոթանա ձեր թատերագրությանը, անտարբեր չի անցնի այս դրամայի կողքով:
– Խնդրեմ, թող ծանոթանան, բայց ասեմ, որ «Պատը» տրագիկոմեդիա է եւ ես ակադեմիզմի սիրահար եմ…
– Ամեն դեպքում, հիասթափված եք…
– Չէ, հիասթափված չեմ, սա հիասթափություն չէ, այլ ափսոսանք: Ժամանակը կարճ է, պետք է այն ռացիոնալ օգտագործել:
– Հավաստիացնում են, թե պրոֆեսիոնալ ջազմենի մակարդակի հիանալի տիրապետում եք իմպրովիզացիաների:
– Ինձ թույլ չեմ տա բեմ բարձրանալ իբրեւ դաշնակահար: Նվագում եմ իմ ու շրջապատիս համար, հիմնականում, այո, ջազային գործերի իմպրովիզացիաներ:
-Դուք տնտեսագիտության դոկտոր եք, դասավանդել եք, երբեւէ լսարան կվերադառնա՞ք:
-Միգուցե երբեւէ, այնուամենայնիվ, վերադառնամ…
Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ»
07.09.2018
Երբեք, ոչ մի ժամանակ գրականությունը և արվեստը հեղինակներին ֆինանսապես չեն ապահովել: Բոլորն էլ, մեծամասամբ, ստեղծել են (աշխատել) նվիրումով՝ անգամ հռչակավորները …