Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեղափոխությունը շարունակվում է…

Սեպտեմբեր 08,2018 13:30
Hexapoxutyun

Ժամանակը պահանջում է պատասխանել առաջադրվող մի քանի հարցերի, որ այսօր հնչում են ամենուր՝ հեռուստատեսությամբ, կայքերով, մամուլում, տրանսպորտում, «բլոտ» խաղացողների շրջանում, պաշտոնյաների ելույթներում: Առաջին հարցադրումը, որ լսեցի հեռուստատեսությամբ, հետեւյալն էր. արդյո՞ք մեր «թավշյա» հեղափոխությունը հեղափոխություն է: Պատասխան. դա հեղափոխություն չէ, որովհետեւ մարքսիստական ըմբռնմամբ հեղափոխությունը սոցիալական կարգերի արմատական փոփոխություն է՝ օրինակ, ավատատիրական կարգերը փոխվեցին կապիտալիստական կարգերի (ֆրանսիական հեղափոխությունը եւ այլն): Այդպիսի ըմբռնումը, կարծում եմ, ճիշտ չէ, որովհետեւ դիալեկտիկական մատերիալիզմի սովետական դասագրքերում գրված է, որ հեղափոխությունը որակական մի վիճակից մյուսին թռիչքաձեւ անցումն է, եւ այդ իմաստով է, որ դասագրքերում անդրադառնում էին նաեւ, օրինակ, բնագիտական, մշակութային հեղափոխություններին: Եվ, արդեն այս առումով, մեր նորօրյա հեղափոխությունը նույնպես հեղափոխություն է, որովհետեւ դա ոչ թե զուտ իշխանափոխություն է (դա կլիներ ընդամենը հեղաշրջում), այլ սոցիալական, գոյություն ունեցող կարգի արմատական փոփոխություն: Ի՞նչը ինչո՞վ է փոխարինվում, ի՞նչ որակական փոփոխություն է կատարվել: Իմ համոզմամբ, փոփոխվել է մի չափազանց կարեւորագույն բան. այն է՝ սոցիալական գոյություն ունեցող կարգից անցում է կատարվել նոր կարգի: Գոյություն ունեցող «սահմանադրական կարգ» համարվող կարգը փոխարինվել է իսկապես «սահմանադրական կարգով», իհարկե, այդ նոր կարգը դեռեւս միայն ծլարձակման փուլում է, այն պետք է կարողանալ դարձնել իսկապես դալար, եւ միայն հետո, այն էլ լավ խնամքից հետո կդառնա հաստաբուն մի ծառ, որին անգամ փոթորիկը չի կարող տապալել:

Ի՞նչ կարգ է եղել մինչեւ հեղափոխությունը, ի՞նչ է «սահմանադրական կարգը»: Փորձենք պատասխանել՝ առանց մանրամասների մեջ խորանալու: Առաջարկում եմ բացել գործող Սահմանադրության առաջին գլուխը, որ կոչվում է «Սահմանադրական կարգի հիմունքներ» եւ ուշադիր կարդալ գոնե մի քանի հոդված, իսկ ապա պատասխանել՝ եղե՞լ է, արդյոք, սահմանադրական կարգ, թե՝ ոչ: Եթե որեւէ մեկը կասի, որ Հայաստանի Հանրապետությունում եղել է. ա) ժողովրդավարական պետություն, բ) իրավական, գ) սոցիալական պետություն, դ) իշխանությունը պատկանում է ժողովրդին, ե) ժողովուրդն իշխանությունն իրականացնում է ընտրությունների եւ հանրաքվեների միջոցով, զ) ապահովված է իշխանությունների բաժանումը եւ հավասարակշռումը, է) մարդու իրավունքների պաշտպանությունը, որը պետության պարտականությունն է, եւ այլն (թույլ տվեք չշարունակել), ապա ես կասեմ, կա այդպիսի ժողովրդավարական պետություն, եւ դա Հայաստանի Հանրապետությունն է: Բերեմ միայն մի փաստարկ. Մարդու իրավունքների ֆրանսիական Հռչակագիրը ամրագրել է. եթե չկա իշխանությունների բաժանում, ապա չկա սահմանադրություն: Վերջակետ:

Եթե մի սահմանադրություն ամբողջ աշխարհը համարել է «սուպերնախագահական», այլ ոչ թե «կիսանախագահական», ի՞նչ սահմանադրության մասին է խոսքը: Ի՞նչ անուն տալ այն սահմանադրությանն այսօր, երբ բոլորս այն անվանում ենք «սուպերվարչապետական»: Ի՞նչ սահմանադրության մասին է խոսքը, որն այսօր չի պատասխանում, թե ինչպես սահմանադրությանը համապատասխան անցկացնել ընտրություն, ինչպե՞ս դուրս գալ փակուղուց: Այս հարցի լուծման եղանակը տվել է 1990 թվականին ՀՀ Գերագույն խորհուրդը, որն ընդունել է հետեւյալ որոշումը. ՀՀ-ում գործում է Սովետական Հայաստանի Սահմանադրությունը այնքանով, որքանով չի հակասում Հայաստանի անկախության մասին Հռչակագրի սկզբունքներին:
Այսօր շատերը ճամարտակում են անցումային արդարադատության մասին, այն նույնացնելով արտակարգ դատարանների՝ չարաբաստիկ «տրոյկաների» հետ: Տե՛ր Աստված, այդ հարցի պատասխանը տրվել է մոտ 30 տարի առաջ, երբ Գերագույն խորհրդի հիշյալ որոշման հիման վրա ընդունվեցին բազմաթիվ օրենքներ, մինչեւ 1995 թվականի Սահմանադրության ընդունումը: Մենք այսօր նույն իրավիճակում ենք, պարզապես անհրաժեշտ է չկրկնել այն ժամանակվա սխալները եւ կարողանալ վերցնել դրականը: Ընդամենը:
Այս առնչությամբ ուզում եմ հիշեցնել, որ յուրաքանչյուր հեղափոխություն կատարվում է որոշակի նպատակով եւ այդ նպատակին հասնելու համար ստիպված է առաջնորդվել սեփական տրամաբանությամբ, որովհետեւ նախկինն իրեն սպառել է, հակառակ պարագայում հեղափոխության անհրաժեշտություն չէր լինի:
Հեղափոխությունից հետո տրվեց մեր նախկին իշխանության փայլուն, կարող եմ ասել, սպառիչ բնորոշումը. «իշխանությունը մոնոպոլիզացվել էր»: Հետեւությունները կատարեք ինքներդ: Գոնե այսօր ունեցեք արժանապատվություն եւ հարգեք ինքներդ ձեզ, խոստովանեք եւ ընդունեք ձեր սխալները, այն էլ այնպիսի սխալներ, որոնք ծնեցին ներկա հեղափոխությունը: Այսօր ելույթ են ունենում բազմաթիվ փաստաբաններ, իրավաբաններ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ եւ հայտարարում, որ այսօր կարելի է բավարար չափով իրականացնել արդարադատություն՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա, եւ դրանցից շեղումը նշանակում է ոտնձգություն արդարության եւ արդարադատության դեմ: Պարոնայք իրավաբաններ, այդ դո՞ւք չեք, որ հարյուրավոր բողոքներ եք բերել այդ օրենքների հակասահմանադրականության մասին, բավարար չե՞ն օրենքների հակասահմանադրական լինելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի հարյուրավոր որոշումները:

Բոլոր նման եւ այլ դատողություններ կատարվում են մի հիմնական ելակետային սկզբունքի հիման վրա. այսօր մենք ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն ենք, այդպես է գրված Սահմանադրությունում, հետեւաբար, մեր բոլոր գործողությունները պետք է լինեն իրավական: Լավ կլիներ, որ այդպես լիներ, բայց այսօր, ցավոք, ո՛չ ժողովրդավար ենք, ո՛չ իրավական, ո՛չ սոցիալական. դրանք վերածվել են ոչինչ չասող բառերի, իմաստազրկվել են, հետեւաբար, դրանք ելակետային չեն կարող լինել, դրանք միայն կարող են շեղել ճիշտ ուղուց: Եկեք, ճիշտ ընտրենք ելակետային սկզբունքները, նոր դրանց հիման վրա կառուցենք մեր ասելիքը: Դա վերաբերում է բոլորին, այդ թվում՝ նաեւ ինձ:
Հեղափոխությունից հետո շատերը կարծում են, որ ամեն ինչ համարյա ավարտվել է, եւ մոռանում են, որ այդ ամենը միայն նոր է սկսվում. ժողովուրդն իրականացրեց ընդամենը միայն մի քայլ, առաջին քայլը, որին դեռ նոր պետք է հետեւեն բազում քայլեր, որոնց արդյունքում կունենանք այն, ինչի համար մարդիկ մինչեւ օրս պայքարել են: Ուզում եմ հիշեցնել, որ եթե Ֆրանսիան այսօր ապահովել է իր քաղաքացիների բարեկեցիկ կյանքը, ապա դա ոչ թե իշխանությունների բարի կամքի դրսեւորման արդյունքն է, այլ այդ քաղաքացիների երկուհարյուրամյա պայքարի շնորհիվ է, եւ նրանք այսօր էլ շարունակում են պայքարը. եթե նրանք այսօր հանգստանան, թեկուզ մեկ օրով, ապա դրա հետեւանքը կլինի շատ տխուր: Ազատությունն ամենուր ձեռք է բերվում միայն պայքարով:
Մի հանգամանք եւս, որ վերաբերում է Սահմանադրությամբ նախանշված անմիջական (ուղղակի) կառավարմանը, որպես ժողովրդավարական իշխանության իրականացման կարեւորագույն եղանակ: Բերվում է հետեւյալ փաստարկը. եթե անգամ հանրահավաքին մասնակցում է հարյուր հազար մարդ, ապա ամենեւին չի նշանակում, որ դա 3 միլիոն մարդու տեսակետն է, որովհետեւ այդքան մարդը ընդամենը ամբողջ ժողովրդի մի չնչին մասն է: Ստիպված եմ այսպիսի փաստարկ բերողներին ասել, որ դուք չարաչար սխալվում եք, թեկուզեւ այն պատճառով, որ երկրորդ եւ երրորդ նախագահները այդպես էին պատասխանում յուրաքանչյուրը մեկ տասնամյակ շարունակ, եւ հենց այդ պատասխաններն էլ այսօր հանգեցրեցին հեղափոխության: Եվ ոչ միայն դա: Հասկացե՞լ եք, թե ինչու են Ֆրանսիայում իշխանություններն արձագանքում անգամ փոքրաքանակ հանրահավաքներում արտահայտված պահանջներին: Ի՞նչ է, նրանք չե՞ն տիրապետում ձեր պարզունակ թվաբանությանը: Ո՛չ, պարոնայք երդվյալ ատենակալներ, նրանք այդ պրիմիտիվ պարզաբանումներից վաղուց հրաժարվել են եւ մի փոքր լրջացել, բայց դա էլ ամենը չէ, նրանք օգտվում են նաեւ այլ մեթոդներից (սոցիոլոգիական, հոգեբանական, իրավական եւ այլն): Պարզապես, ցանկանում եմ մեր այսօրվա իշխանավորներին հորդորել, որ անցնեն նոր մակարդակի: Օրերս, երբ զրուցում էի Նանջինգի (Նանկին) համալսարանի դոկտոր Ա. Պարզյանի հետ, ով զբաղվում է նաեւ թվային նորագույն տեխնոլոգիաների հարցերով, պնդում է, որ այսօր առկա են տեխնիկական բոլոր հնարավորություններն իսկապես անմիջական կառավարումն իրականացնելու համար: Եթե դուք կարողանաք ապահովել անհրաժեշտ բոլոր ռեսուրսները, ապա այդպիսի կառավարումը կդառնա կենսակերպ, ինչպես արդեն վարվում են մի շարք պետություններում (Շվեյցարիա, Էստոնիա եւ այլն): Այս դեպքում դուք ոչ միայն վերջ կտաք անպտուղ խոսակցություններին, այլեւ դա կդառնա գործուն միջոց հրատապ հարցերը ժողովրդավարական եղանակով լուծելու համար: Այս առումով չափազանց կարեւորում եմ Ընտրական օրենսգրքի հնարավորինս շտապ շտկումը, թեկուզ հանրաքվեի միջոցով:

Ի՞նչ ժառանգություն ենք ստացել նախկին իշխանություններից. այդ իշխանությունը մեզ բոլորիս պարտադրեց «խղճուկ մարդու» տիրապետություն: Այդ իշխանությունը կառավարումը հանձնեց մի քանի պրակտիկ քաղաքական գործիչների, ովքեր, ըստ մեծագույն մտածող Կանտի, գոռոզ ինքնավստահությամբ վերեւից են նայում տեսաբաններին՝ իբրեւ սին գաղափարներով լեցուն մարդկանց («Վասն հավերժական խաղաղության»): Այդ կիսագրագետ, ինքնահավան քաղաքական գործիչները արդարացրեցին թշնամուն իբր ոչ կարեւոր, ռազմավարական նշանակություն չունեցող մի քանի հեկտար տարածքի զիջումը (հետաքրքիր է՝ ինչ կասեին այդ «գրագետներն» այն զինվորին, որը մի թիզ ետ քայլ կկատարեր դիրքերից): Դրանք հմուտ գողին (օրենքով գողին) վայել մակարդակով կառուցեցին մի հսկա կոռուպցիոն բուրգ: Կոռուպցիայի մասին շատ եմ խոսել («Առավոտ» 26.10.2016, «Հրապարակ» 14.08.2018), բայց ցանկանում եմ նշել եւս մի հանգամանք, որն ուղեկցում է կոռուպցիային առհասարակ: Ցանկացած կոռուպցիոներ պոտենցիալ հանցագործ է, որովհետեւ նախ իր հարստությունը դիզելիս կատարում է հանցագործություն, որի վերաբերյալ տեղեկատվությունը կուտակվում է որոշակի մարդկանց ձեռքին իբրեւ կոմպրոմատ, այդ թվում՝ տարբեր պետությունների հատուկ ծառայություններում, որոնք բոլորն իրենց հարմար պահին շանտաժի են ենթարկում կոռուպցիոներին եւ դարձնում կամակատար: Բացի այդ, ցանկացած կոռուպցիոներ ունի մի մոլուցք՝ ամեն գնով պահպանել իր ունեցվածքը: Արդյո՞ք կոռուպցիան չէ, որ արդարացնում է ամեն մի հանցագործություն, այդ թվում մի քանի հեկտարի հանձնումը թշնամուն, ինչն էլ թշնամին ներկայացնում է իբրեւ հաղթանակ եւ արդեն այդ մի քանի հեկտարը դարձնում է մի քանի հազար:

Իսկ որ մեզանում ծաղկում էր կոռուպցիան, այդ ընդունում էր անգամ նախկին կառավարությունը եւ նույնիսկ «պայքարում» դրա դեմ: Արդյոք կոռուպցիան չէ՞, որ ծնեց օրենքից վեր կանգնած արտոնյալների մի խումբ, որ պատիժը վերածեց գովասանքի, ծառայական պարտականությունն ու պատասխանատվությունը՝ վայելքների ու հաճույքների բավարարման, առեւտուրը՝ չարչիության, ֆինանսաբանկային համակարգը՝ վաշխառության, երբ հազարավոր քաղաքացիներ արդյունքում զրկվել են վերջին ծածկից:
Այս մարդկանց, որ դարձել էին իշխանավորներ, բանիմաց մարդիկ, մասնագետներ պետք չեն, նրանց պետք են կամակատարներ, խամաճիկներ, քծնողներ, ցանկացած անօրինական հրաման կատարողներ, բայց լավ կլինի, որ դրանք ունենան տեղեկանք, հավաստագիր, դիպլոմ, դե նրանց էլ մնում է այդ դիպլոմը գնել ամեն գնով եւ այստեղ նրանց ու ուսումնական, կրթական համալիրների ղեկավարների շահերը համընկնում են: Մնում է որոշել գինը:
Եվ մանկապարտեզը վերածվել է թաղապետերի ու նրանց ընկերական շրջապատի կանանց ու աղջիկներին աշխատանքով ապահովող բարեգործական օջախների, ոչինչ, որ չունեն մասնագիտական կրթություն, դա «ձեռք կբերեն» հրաշք երեխաներին սխալ կրթելու տարիներին ու նրանց հաշվին: Սրանք, դժբախտաբար նաեւ շատ ծնողներ, չեն գիտակցում, պատկերացում անգամ չունեն, թե ինչ են ներարկում երեխաներին, ինչ բարդույթներ են ստանում այդ երեխաները, որ կդրսեւորվեն շատ տարիներ անց: Մանավանդ այդ ամենը ամրապնդվում է դպրոցում, ապա նաեւ բուհում, որը վերածվել է ոչ մասնագետ պատրաստելու դարբնոցի: Այս պայմաններում կարելի է հասկանալ բուհի ղեկավարներին, որոնք չեն բավարարվում տասը տարով, այլ կանոնադրություն փոխելով, նոր օրենքներ ընդունելով երկարաձգում են իրենց «տառապանքների» ժամկետը: Իսկ այդ օրենքներն ովքե՞ր են ընդունում:

Ահա դրանց ավագը. ԱԺ նախագահը չափազանց անհանգստացած է, որ այսօրվա իշխանություններն ուզում են նոր օրենքներին հետադարձ ուժ տալ, ինչպե՞ս կարելի է շեղվել ժողովրդավարական ուղուց, պետք է թույլ չտալ: Սովորենք իրենցից, սա՞ է նրանց ուզածը:
Շատ երկարացրեցի, ներողամիտ եղիր, բարեկամս: Բայց մի հանգամանք եւս եւ այլեւս այդ ամենի մասին ոչ մի խոսք, դրանք բոլորս գիտենք: Ամենաահավորը, իմ համոզմամբ, այն է, որ վերջին տասնամյակների ընթացքում այս ամենը ներարկվեց նոր սերնդին եւ հիմա, երբ բողոքում ենք այսօրվա երիտասարդներից, պախարակում նրանց, խնդրում եմ չմոռանալ մեզանից յուրաքանչյուրի, հատկապես մեր շատ «սիրելի» պաշտոնյաների անսահման մեծ ներդրումն այս գործում: Սա հիշենք, եւ նախեւառաջ ներողություն խնդրենք, բայց կեցցեն մեր այսօրվա երիտասարդները, ովքեր ուղղորդում են մեր այսօրվա երթը:

Այս համատարած խայտառակ վիճակը, որ այսօր մենք ունենք, այնպիսի ահավոր ծանր բեռ է նոր իշխանության ուսերին, որ կարելի է սարսափել, թե ինչպես են դրա տակից դուրս գալու: Չափազանց ծանր գործ է, որը կարելի է կատարել միայն տքնաջան ամենօրյա աշխատանքով, սեփական օրինակով մարդկանց դաստիարակելով, աշխատանքի մեջ ներգրավելով հասարակությունում առկա բոլոր առողջ ուժերը, կատարված սխալները, որոնք անխուսափելի են, ընդունելով եւ դրանք շտկելով: Չշարունակեմ քարոզս, դուք ինձնից լավ գիտեք ձեր անելիքը:
Բայց, այնուամենայնիվ, ցանկանում եմ մեծ ուշադրություն դարձնել մեզ բոլորիս համար կարեւորագույն մի հարցի:
Ի՞նչն է ամենամեծ ուշադրությանն արժանի:

Քանի դեռ մեր տաքսիստը, զբոսաշրջիկին «ֆռռցնելով», 600 դրամի փոխարեն նրանից շորթում է 50 եվրո եւ հետո իր շրջապատում գլուխ գովում, թե ինքն ինչ խելոք է, քանի դեռ մեր դուքանչիները մարդկանց ամեն գնով (այդ թվում՝ գովազդով) խաբելով նրանցից պոկում են իրենց ուզածը…, մենք դատապարտված ենք քարշ գալու աղբակույտերում: Ոչ մի լեռնեցի հայ իրեն թույլ չի տա նմանվել այդ տաքսիստին կամ դուքանչուն, անգամ եթե կարիքավոր է: Քանի դեռ հեղափոխությունը չի կատարվել մարդկանց գլխում, չի ձեւավորվել նոր մտածողություն, այդ հեղափոխությունը դատապարտված է պարտության:

Իմ համոզմամբ, դա հայի ինքնությունն է, ամեն հայի այն հիմնական հատկանիշները, որոնք ապահովեցին նրա մի քանի հազարամյա երթը պատմության քառուղիներում: Շատ կցանկանայի համոզվել մեծ պոետ Ջ. Գ. Բայրոնի խորաթափանցության ճշմարտացիության մեջ, ըստ որի՝ «հայերի դրական հատկություններն իրենցն են, իսկ բացասականները փոխառել են ուրիշներից»: Այո, հարյուրամյակներ շարունակ ուսել ենք բազմաթիվ, հայերին ոչ հատուկ հատկանիշներ եւ արդեն վաղուց ժամանակն է ապրել եւ արարել հենց հային հատուկ արժանիքներով: Իսկ դրա համար անհրաժեշտ է ձերբազատվել նախ այն արատներից, որոնք փոխառել ենք օտարներից եւ բացահայտել բուն հայկականը, ինչը չափազանց ծանր աշխատանք է:
Այդ հարցում մեզ կարող է կողմնորոշել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմը բնորոշեց իբրեւ «հայկական ոգու սահմանադրություն»: Այդ սահմանադրությունն է հայի ինքնությունը: Եկեք փորձենք ըմբռնել այդ սահմանադրությունը եւ կունենանք այնպիսի մի կայուն հիմք, որով կդառնանք հարգանքի արժանի, եւ կապացուցվի մեծ բանաստեղծի ճշմարտացիությունը:

Մյուս հրատապ խնդիրը պետության սահմանադրությունը ստեղծելն է, որը կարող է դառնալ պետական գաղափարախոսություն: Իհարկե, հասկանում եմ, ինձ կարող են հակադարձել, որ այդպիսի մոտեցումը նշանակում է վերադարձ ՍՍՀՄ-ին, միակուսակցականությանը, բայց դա այդպես չէ, որովհետեւ ճշմարիտ Սահմանադրություն նշանակում է իրավունքի գերակայության ճանաչում, եւ, որքանով ամենքը, եւ նաեւ կուսակցությունները պարտավոր են հետեւել Սահմանադրությամբ ամրագրված կարգ ու կանոնին, այն կվերածվի ազգային համաձայնության եւ քաղաքական միասնության անխախտ հիմքի:

Հետեւաբար, մեր առաջնահերթ խնդիրը սահմանադրական պետություն դառնալն է, երբ սահմանադրությամբ ամրագրված արժեքները կդառնան յուրաքանչյուրի համար ինքնին ընդունելի արժեքներ: Ցանկացած «իզմ»-ով առաջնորդվելը կարող է լուծել միայն մարտավարական խնդիրներ, եւ միշտ կարող է հասարակւթյանը տրոհել, օրինակ՝ «աջերի» ու «ձախերի»: Ռազմավարությունը մեզնից պահանջում է առաջնորդվել մեր անսահմանման մշակույթով, մեր մշակութային ժառանգությանը հարիր արժեքներով: Առանց մշակույթի զարգացման, չի կարող որեւէ ոլորտ, այդ թվում՝ տնտեսությունը առաջընթաց զարգանալ:

Վերջնական հաղթանակի կարող են հասնել միայն ոգով ուժեղները:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ»

07.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930