«Ամերիկայի ձայն» ռ/կ. Պուտինն ու Էրդողանը իրենց երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Իրանում կարճատև հանդիպում են ունեցել:
Սիրիայի հակամարտության խնդրի քննարկումների նպատակով Իրանի մայրաքաղաք է ժամանել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Սեպտեմբերի յոթին, Պուտինը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:
Երկու առաջնորդները իրենց երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կարճատև հանդիպում են ունեցել՝ նախքան Սիրիայի ապստամբների կողմից գրավված Իդլիբի և Աֆրինի շրջանների մասին Իրանի առաջնորդ Հասան Ռուհանիի հետ անցկացվելիք քննարկումների մեկնարկը:
Ռուսական կողմը տարածել է նախագահներ Պուտինի և Էրդողանի հանդիպման տեսանյութը, սակայն ոչ մի տեղեկություն չի տրամադրել նրանց հանդիպման նպատակի մասին:
Որոշ տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի աջակից Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասսադը նախատեսում է Իդլիբի հյուսիսային հատվածը գրոհել: