Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրարտու Վիվառո» բասկետբոլային ակումբն այսուհետ կներկայացնի Վանաձորը

Սեպտեմբեր 07,2018 19:35

«Ուրարտու Վիվառո» բասկետբոլային ակումբը Երեւանից տեղափոխվեց Վանաձոր, դառնալով «Ուրարտու Վիվառո» Վանաձոր: Վանաձորը պատահական չի ընտրվել: Ակումբի՝ մայրաքաղաքից հանրապետության 3-րդ քաղաք տեղափոխվելու պատճառի մասին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը.

«Ես սիրում եմ Վանաձորը: Երբ նոր էի ծնվել, մայրս Վանաձորում էր սովորում եւ ես 3 տարի ապրել եմ այստեղ: Սա ինձ համար հարազատ քաղաք է՝ իր նիստ ու կացով, իր ավանդույթներով, բարի, եռանդուն ու հուզական բնակիչներով: Ես վստահ եմ, որ վանաձորցիները կսիրեն «Ուրարտու Վիվառոն», որովհետեւ դա արդեն իրենց թիմն է: Եւ մենք նորից մարզապալատում ասեղ գցելու տեղ չենք ունենա»:

Թիմի հիմնական խաղացողները մնացել են: Փոխվել է գլխավոր մարզիչը: Այժմ «Ուրարտուն» կմարզի Միքայել Պողոսյանը. «Հիմնական կորիզը՝ Թովմաս Հորդանյանը, Էդգար Բաբայանը, Վարդան Պետրոսյանը եւ Արտյոմ Ալթունին մնացել են մեր թիմում: Եւս 2 նոր խաղացող էլ բերելու ենք ԱՄՆ-ից: Շատ ուժեղ ակումբ է հավաքվում, եւ մենք պատրաստ ենք Վանաձորի համար հաղթանակ բերենք»,- ասաց մարզիչը:

Նպատակ ունեն մոտ ապագայում ակումբը համալրել նաեւ վանաձորցի բասկետբոլիստներով. «Շատ ենք ցանկանում թիմում անպայման ունենալ տեղացի բասկետբոլիստ: Դա մի քանի նպատակ է հետապնդում, նախ մարզաձեւն իսկապես կզարգանա, եւ մենք փուչիկ չենք փչի: Հետո նաեւ, տեղում զարգացած մարզաձեւը կտա կադրեր, որոնք կհամալրեն «Ուրարտու Վիվառոն»: Բացի այդ, տեղացի մարզիկների համար երկրպագուն շատ ավելի լավ կգա մարզադահլիճ: Եւ ի վերջո, կլինի մրցակցություն, որը կբերի առաջընթացի: Մենք անընդհատ փորձելու ենք գնալ առաջ»,- ասում է Կարեն Գիլոյանը:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հույս հայտնեց, որ այս քայլով Վանաձորը կրկին կվերագտնի իր սպորտային համբավը: Քաղաքում կզարգանա նաեւ սպորտային տուրիզմը. «Մենք մեր ծրագրերի մեջ ունենք, որպեսզի Վանաձորը որոշակիորեն դարձնենք նաեւ միջազգային սպորտային տուրիզմի քաղաք: Շատ հաճելի պարտավորություն ենք մեզ վրա վերցնում, որ բասկետբոլի հանրապետության առաջնությունում եւ Ա լիգայում հանդես եկող թիմը վերահասցեավորվում է եւ իր տեղը տեսնում է Վանաձոր քաղաքում»:

Ակումբը Վանաձորում մարզումները կսկսի 10 օրից: Բասկետբոլիստները կմարզվեն Ստեփան Սարգսյանի անվան մարզապալատում: Իսկ առաջին խաղը Վանաձորում նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 7-ին. «Բավականին լավ դահլիճ է, ուղղակի փոքրիկ թերություններ ունի: Լուսավորության հարցը պետք է մի փոքր կարգավորենք, օղակները փոխենք, որովհետեւ հիմա տեղադրված են սիրողական օղակներ: Ընդհանուր առմամբ շատ լավ դահլիճ է, ամբողջովին համապատասխանում է մեր ցանկությանը եւ մեր պայմաններին: Հուսով եմ, որ ապագայում կփոխվի նաեւ հատակը, որովհետեւ հատակը նույնպես պրոֆեսիոնալ չէ, հին մանրահատակ է»,- ասաց ակումբի նախագահը:

«Ուրարտու Վիվառոն» 2017 թվականին Հայաստանի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Ա լիգայում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Ակումբի գերնպատակն է հանդես գալ եվրոպական մրցաշարերում: Իսկ նպատակին հասնելու համար պատրաստ են աշխատել առանց հանգստի. «Ինձ համար մեծ պատիվ է, որ հանդես եմ գալու «Ուրարտու Վիվառո» Վանաձոր ակումբից: Շատ եմ սիրում Վանաձոր քաղաքը: Մենք շատ մարտական ենք տրամադրված եւ շատ լավ թիմ ենք ձեւավորել: Շատ հզոր թիմ ենք, ամեն ինչ անելու ենք, որ դառնանաք չեմպիոն»,- ասում է թիմի ավագ Թովմաս Հորդանյանը:

«Ուրարտուն» Վանաձորում վերջնականապես կհաստատվի ֆինանսական միջոցների առկայության դեպքում. «Առայժմ Վանաձոր կգանք խաղից մեկ օր առաջ: Եթե մենք լուրջ հաջողությունների հասնենք, նպատակ ունենք թիմը ամբողջովին բերել Վանաձոր, այստեղ պահել: Դա ֆինանսների հետ է կապված, առայժմ չենք կարող: Բայց որ Վանաձորից ունենանք 2, 3 բասկետբոլիստ, հետո անպայման թիմը կբերենք եւ մշտական կացությունը կլինի այստեղ»,- տեղեկացրեց Կարեն Գիլոյանը:

Ակումբի գլխավոր հովանավորը «Վիվառո» ընկերությունն է, այդ իսկ պատճառով թիմը կոչվում է «Ուրարտու Վիվառո»: Ակումբին հովանավորում է նաեւ «Վեգա» ընկերությունը. «Վեգան խաղերի ժամանակ հետաքրքիր ու հաճելի ակցիա է կազմակերպելու հանդիսատեսի համար: Ամեն խաղից հետո տոմսերի թվերով կլինեն լուրջ իրային շահումներ, որպեսզի դրանով եւս խթանենք հանդիսականների ներկայությունը դահլիճում,- ասաց Գիլոյանը:

Ակումբի կողմից անակնկալների կարժանան նաեւ երկրպագուները, եւ այն լրատվամիջոցները, որոնք մշտապես կլուսաբանեն «Ուրարտուին»:

Ներկաները տեղեկացրեցին, որ առաջիկայում նպատակ ունեն Երեւանի օրինակով, Վանաձորում նույնպես բացել բասկետբոլի «Ուրարտու» մարզադպրոց:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930