«Աշխարհը փնտրում է քաղաքը ճիշտ կառավարելու մոդելներ: Մենք փորձել ենք նախընտրական մեր ծրագիրը կառուցել կանաչ ու խելացի կառավարման մոդելով: Անլուծելի հարցեր չեն լինում: Ցանկացած հարց լուծելի է, եթե քաղաքային իշխանության մտադրությունը լինելու է ոչ թե սեփական թիմի կամ շրջապատի բարեկեցությունը, այլ երևանցու շահը: Ես ուզում եմ, որ վստահ լինեք՝ այս գործի մեջ ես դրել եմ իմ արժանապատվությունը»,- այսօր ԲՀԿ հրավիրած «Կայուն և հարմարավետ քաղաքներ» խորագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը հավաստիացնում է` Երեւանն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու եվրոպական տուրիզմի կենտրոններից մեկը:
Ինքը չի վախենալու պատասխանատվությունից: «Ինչ-որ բանից ես վախենո՞ւմ եմ: Այո, վախենում եմ: Ես վախենում եմ անել քայլ, որը կհիասթափեցնի քաղաքացուն: Ես երբեք չեմ լինելու կաբինետային քաղաքապետ, ինչպես այսօր կաբինետային պատգամավոր չեմ: Լինելու է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ, պաշտոնը սեփական շահերին ծառայեցնողների հանդեպ, պորտաբույծների հանդեպ, երևանցուն անհարգալից վերաբերվող չինովնիկի հանդեպ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ