Սեպտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի պաշտոնավարման 100 օրվա կպակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց մամուլի ասուլիս, որին մասնակցեցին հանրապետական եւ մարզային զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում մարզպետարանում եւ մարզի համայնքներում կատարված աշխատանքները, առաջիկա հրատապ անելիքները, արձանագրված հիմնախնդիրները եւ ձեռքբերումները:
«100 օրվա ընթացքում մենք ունեցել ենք աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկ: Մեր առաջին քայլով նախ գույքագրել ենք մարզում տարիներով կուտակված բոլոր հիմնախնդիրները: Ունեցել ենք աշխատանքային 42 հանդիպում, համայնքային 35 այց, 7 անգամ կազմակերպել քաղաքացիների ընդունելություն՝ ընդունելով մոտ 350 քաղաքացու, ստացել 607 դիմում, որոնք բոլորն էլ հաշվառվել են, ուսումնասիրվել ու պատասխանվել օրենքով սահմանված կարգով»,-ներկայացրեց մարզպետը:
Այնուհետ Իշխան Սաղաթելյանը խոսեց այն խնդիրների մասին, որոնք մարզի բոլոր համայնքների համար առանձնահատուկ են և կրկնվող:
«Գրեթե բոլոր համայնքներում մենք ունենք ճանապարհաշինական խնդիրներ, որոնց մի մասն առավել հրատապ ու կարեւոր ենք համարում: Դպրոցաշինության ոլորտում եւս բազմաթիվ խնդիրներ ունենք կուտակված: Ունենք երեք տասնյակից ավելի դպրոցներ, որտեղ բացակայում են պատշաճ կրթություն կազմակերպելու համար շենքային ու այլ անհրաժեշտ պայմաններ: Հաջորդ ընդհանուր խնդիրների ցանկն ընդգրկում է ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը, որոնք նորացման ու արդիականացման խիստ կարիք ունեն: Հիմնախնդիրների չորրորդ խումբը վերաբերում է առանձին համայնքներում մանկապարտեզների կամ մշակույթի տների շենքային պայմանների բացակայությանը: Սրան ավելացրած՝ շատ համայնքներում էլ առկա են լոկալ խնդիրներ: Բնական է, որ միջոցների անբավարարության պատճառով մենք միանգամից չենք կարող բոլոր հարցերին լուծում տալ, սակայն կփորձենք փուլ առ փուլ եղած միջոցներն արդյունավետորեն ուղղել գույքագրված հիմնախնդիրների արմատական լուծմանը»,-ասաց մարզպետը:
Ապա մարզի ղեկավարը կանգ առավ իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում արձանագրված հաջողություններին ու ձեռքբերումներին: Ըստ մարզպետի ներկայացման՝ Քաղաքաշինության բնագավառում 2018 թվականի գործունեության ծրագրով շարունակվել է դպրոցների, մշակույթի տների, մանկապարտեզների, բազմաբնակարան շենքերի, մարզական օբյեկտների հիմնանորոգման աշխատանքները: Քաղաքաշինության բնագավառում կատարվելու է 1031,3 մլն. դրամ ներդրումներ, որի արդյունքում կստեղծվի 239 աշխատատեղ:
Զարգացման ծրագրերի ներդրման բնագավառում իրականացվել է սուբվենցիոն 26 ծրագիր, եւս 13-ը այս պահին գտնվում են ընթացքի մեջ: Ընդհանուր առմամբ ներդրվել է 1 միլիարդ 480 միլիոն դրամ՝ համայնքների համաֆինասավորմամբ:
2018 թվականի օգոստոսի 1-ից մարզի առողջության առաջնային պահպանման օղակի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է շուրջ 15 տոկոսով: Շուտով շահագործման կհանձնվի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած Սեւանի Բժշկական կենտրոնի շենքը: Մարզում սկսվել է Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման աշխատանքները:
Իշխան Սաղաթելյանը կանգ առավ նաեւ կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին եւ մարզպետարանի ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքներին:
Ապա` մարզպետ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց լրագրողների բազմաբնույթ հարցերին: Դրանք հիմնականում վերաբերում էին գյուղատնտեսության ապահովագրման համակարգի ներդրման, աղբի վերամշակման գործարանի կառուցման, համայնքների խոշորացման, Սեւան քաղաքի կոյուղու կոլեկտորի եւ մաքրման կայանի, քաղաքային ու գյուղական այլ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի, ձմեռային տուրիզմին բնորոշ ենթակառուցվածքների ստեղծման, վերականգվող էներգետիկայի արմատավորման եւ զարգացման, գյուղմթերքների իրացման եւ մի շարք այլ կարեւոր հարցերի: Մարզպետը հավաստիացրեց, որ թեեւ 100 օրը շատ կարճ ժամանակահատված է, սակայն այն հաստատուն հիմք է ստեղծել կենսական կարեւոր ծրագրերի հետագա ներդրման եւ իրականացման համար:
Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին