Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում Հայկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում քննվում է Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը: Երեմ Սարգսյանը բացարկ հայտնեց դատախազ Աբգար Առաքելյանին: Միջնորդությունը մերժվեց:
Հայկ Սարգսյանի պաշտպանը ևս մեկ անգամ ողջամիտ ժամանակ պահանջեց դատարանին՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու: Կրկին մերժվեց:
Այնուհետև Երեմ Սարգսյանը կրկին հարց ուղղեց՝ արդյոք պաշտպանի ներկայությունը պարտադի՞ր է դատական նիստին: Նախագահող դատավոր Աննա Դարբինյանը պատասխանեց՝ տպավորություն է ստեղծվում, դատարանը պետք է պատասխանի ձեր հարցերին:
Երեմ Սարգսյանը ցանկացավ լքել դատական նիստերի դահլիճը, քանի որ իրեն պաշտպանություն իրականացնելու հնարավորություն չի տրվում դատարանի կողմից: Դատարանը մերժեց:
Նշենք, որ մեղադրող դատախազը առարկեց Հայկ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը: Այնուհետև հիմնավորեց. «Փաստենք, որ սույն գործի նախաքննության ընթացքում ոչ միայն առկա է կասկածը, որ հնարավոր է խոչընդոտվի ամբաստանյալի կողմից գործի քննության ընթացքին, այլև դեռ 2007-ին ինչպես Հայկ Սարգսյանի, այնպես էլ հարազատների կողմից ճնշումներ են գործադրվել դեռ տուժողի գործով վկայի նկատմամբ, ինչի հետևանքով դեռ այն ժամանակ չի բացահայտվել իրական հանցանք կատարած անձը: Այս հանգամանքները բավարար են, որ դատարանը Հայկ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը թողնի նույնը»:
Երեմ Սարգսյանը վրդովվեց. «Էս ի՞նչ ենք անում, լավ ինչի՞ ենք մասնակցում այս դատական նիստին, պատճենի հիման վրա հիմնավոր միանգամից մեղադրականն ասեք ու վերջ: Բացարկի ենթակա դատախազի դիրքորոշումը ոնց եք հիմք ընդունում: Բա որ հաջորդ նիստին հայտարարի, որ բացարկի միջնորդությունը ընդունվել է, այդ որոշման տակից դուք ո՞նց եք դուրս գալու: Հասկանում եմ, որ ուզում եք արագ հեռանալ կալանքի որոշում կայացնել, գալ, բայց մի շտապեք, կգնաք»:
Երեմ Սարգսյանը հայտնեց, որ Հայկ Սարգսյանի ընկերները գրավի հարցով պատրաստակամություն հայտնել են. «Մենք պատրաստ ենք վճարել այնքան գումար, որքան օրենքով է սահմանված՝ ողջամիտ ընդունված պրակտիկայի համաձայն»:
Դատախազը հայտնեց՝ գրավի կիրառումն անթույլատրելի է:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին, ժամը 12-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ