Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայքի» քաղաքապետի թեկնածու. «Որոշ ուժեր քարոզարշավը սկսել են պաշտոնական մեկնարկից առաջ»

Սեպտեմբեր 07,2018 16:51

«Հայք» նախաձեռնության անդամ, Նժդեհյան Ցեղակրոն կուսակցության նախագահ, Հայք կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու, ընտրական ցուցակի առաջին համարը ներկայացնող Գեւորգ Հովսեփյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ «Հայքն» իր շանսերը բարձր է գնահատում Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում: «Մեր կոչը ուղղված է ոչ միայն Երեւանի քաղաքացիներին, այլ ամբողջ հայությանը, այն հայերին, որոնք ուզում են ապրել եւ մեռնել որպես հայ: Մենք գնում ենք ընտրությունների ոչ այն մտայնությամբ, որ հաղթելու ենք ու վերջ, մեր գործունեությունը այս ընտրություններով չի ավարտվելու, շարունակվելու է սեպտեմբերի 23-ից հետո եւս»,-նշում է «Հայքի» ցուցակի առաջին համարը:

Նաեւ հավելում է, որ «Հայքը» մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին նույնպես:

Խոսելով իրենց առանձնացրած թիրախներից` մարիխուանա, սեռական փոքրամասնություններ, աղքատության վերացում եւ այլն, Գեւորգ Հովսեփյանը հավելում է. «Մեր նպատակը մեր արժեհամակարգն է, որը խաթարվել է այս երեսուն տարիների ընթացքում: Բոլոր ուղղություններով մենք ծանրագույն հարվածներ ենք ստանում, նկատի ունեմ` ընտանիքը, գենետիկ կոդը, լեզուն, մշակույթը, կրթահամակարգը, միմյանց հետ հարաբերությունները, բարոյականությունը, մեր պատմությունը, որ այսօր էլ է կեղծվում…«Հայք» նախաձեռնության նպատակը հայության ամբողջականացումն է հայկականության, մեր ինքնության հենքի վրա»:

Նրա խոսքերով. «Ոչ թե, օրինակ, սեռական փոքրամասնություններն են մեղավոր, այլ այն կառույցները, որոնք իրենց հովանու տակ են վերցնում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին, բայց նրանք դա անում են ոչ թե սեռական փոքրամասնությունների պաշտպանության համար, նրանց խղճալով, այլ թիրախ ստեղծելով` օտար դրամաշնորհներից օգտվում են, որպեսզի բզիկ-բզիկ անեն մեր ազգային հասարակությունը, իրար դեմ հանեն, տանեն ինքնաոչնչացման»:

Գեւորգ Հովսեփյանը կարծում է, որ ժողովուրդը պետք է կուսակցություններին հարց տա` դուք կո՞ղմ եք սեռական փոքրամասնություններին: «Եվ եթե իրենք պետք է ասեն այո, ծամածռվեն, անհասկանալի բաներով հանդես գան, ուրեմն ժողովուրդը պետք է մերժի նրանց…Երեւանը միայն մունիցիպալ կառույց չէ, այն հայության բաբախող սիրտն է ու ամեն ինչ պետք է սկսվի հենց Երեւանից»,-ընդգծում է «Հայքի» թեկնածուն:

Նրան հարցրինք` արդյոք իր կարծիքով բոլոր ուժերն ունե՞ն մեկնարկային հավասար պայմաններ: «Իհարկե` ոչ:… Ես այդ մասին հայտարարություն էի ուղղել ԱԺ-ին եւ կառավարությանը… Ինչու պետք է այն օլիգարխիկ կառույցները, ուժերը, որ այսքան ժամանակ դաշինքների մեջ են եղել, մեր երկիրը հասցրել էն այս օրի, հիմա որոշեն, թե ինչպիսին պետք է լինի Ընտրական օրենսգիրքը: Երբ որ փողն է դրվում առաջին հերթին, ստացվում է` փող չունես, չպետք է մասնակցես, ինչը հակասահմանադրական է:

Սահմանադրությամբ կա կետ, որ եթե ինչ-որ նախաձեռնությամբ ուզում ես հանդես գալ, բավական է 50000 ստորագրություն եւ 50 հոգի, որոնց գրանցելով նոտարով, ամեն մեկի համար տալով 100 դրամ, կարող ես մասնակցել ընտրություններին: Մինչդեռ ներկայումս դնում են փողային արգելք եւ ոչ միայն փողային… Նույն այդ կառույցները 30 տարի շարունակ այս վիճակին են հասցրել երկիրը, ունեն բազում լրատվամիջոցներ, հեռուստաընկերություններ եւ քարոզարշավը վաղուց են սկսել, իսկ մենք լռում ենք` հետեւելով օրենքի պահանջին: Ամսի 10-ից հետո, սակայն, մեզ ընձեռված հնարավորություններով մասնակցելու ենք ընտրարշավին, մենք չենք խոսելու` թե գիտե՞ք ինչ, պլաստմասե աղբամանը փոխարինելու ենք մետաղյայով,կամ կոյուղին այսպես պետք է աշխատի, իսկ տրանսպորտն այնպես….»:

Մեր զրուցակիցը շեշտում է, որ «Հայք» նախաձեռնությունն ունի ենթակառուցվածքներ, որոնցից մեկն էլ Նժդեհյան Ցեղակրոն կուսակցությունն է, ստեղծել է հայ մասնագետների խորհուրդ, ունեն 30-ից ավելի ծրագրեր, որոնք պատրաստ են կյանքի կոչել: «Քաղաքը պետք է կարգի բերել` սկսած կառավարումից, վերջացրած ուռճացված համակարգով: Պետք է վերանայվեն մինչեւ այսօր գործող ծրագրերը, շինարարությունը` կենտրոնում… Ծրագիր ունենք, որ քաղաքում չի կարող աղբ առաջանալ: Իհարկե, ունենք մունիցիպալ խնդիրներին վերաբերող ծրագրեր, բայց կարեւորում ենք այն, որ ապագա Երեւանի կառավարումը ոչ թե իրականացվի այս կամ այն կուսակցության կամ անհատի կողմից, ինչ է թե լավ մարդ է կամ լավ կուսակցություն, այլ քաղաքը կառավարեն` բոլոր ոլորտներում լավ մասնագետները, ու ամեն ինչ մասնագիտական խորը վերլուծության ենթարկվի»,-պնդում է Գեւորգ Հովսեփյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930