«Մենք մշակում ենք մեր ծրագրերի փաստաթղթերը:
Կուսակցությունը լինելու է ինքնիշխան եւ ժողովրդավարական պետության ջատագովը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ, Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Վարուժան Ավետիսյանը:
Նա նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող «Սասնա ծռեր» կուսակցության առաջին համագումարը կկայանա սեպտեմբերի 29-ին՝ Կառավարության նիստերի դահլիճում:
Վարուժան Ավետիսյանը չմանրամասնեց, թե ինչպիսի դիրքորոշմամբ է հանդես գալու կուսակցությունը՝ դաշի՞նք է կազմելու գործող իշխանության հետ, թե միայնակ է մասնակցելու ընտրություններին: Նա նաեւ չնշեց, թե ովքեր են առաջադրվելու որպես կուսակցության վարչության անդամներ, թե ով է լինելու կուսակցության նախագահի թեկնածուն:
«Սպասենք համագումարին, ամեն ինչ պարզ կլինի: Դրանից հետո միայն կհայտարարենք, թե ում հետ ինչ ձեւաչափով ենք համագործակցելու»,-նշեց Վարուժան Ավետիսյանը:
Նա նաեւ ասաց, որ Երեւանի ավագանու ընտրություններին չեն մասնակցելու, քանի որ «Սասնա ծռերի» հիմնադիր համագումարն ընտրությունների օրից՝ սեպտեմբերի 23-ից հետո է:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման ոչ բոլոր անդամներն են պատրաստակամություն հայտնել քաղաքականությամբ զբաղվել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ