Այսօր «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ
տեղեկություններ են ստանում, որ ինչ-որ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ դռնեդուռ ընկած արշավներ են տանում, ցուցակագրումներ են կատարում, որոնք մտահոգություն են առաջացնում: Հարցին ի պատասխան, թե ունե՞ն փաստեր, կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դա իրավապահների գործն է, քանի որ կուսակցությունն օժտված չէ այդ փաստերը ստուգելու գործառույթով եւ եթե իրենց տրվի այդ հնարավորությունը, ապա կզբաղվեն:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով. «Մենք գիտենք, որ մեր բարեկամ մրցակիցներից մի քանիսը՝ 4-ը, որոնք ներկայացված են իշխանությունում, պետք է շատ զգույշ լինեն եւ չօգտագործեն իշխանական ռեսուրսը, որը գտնվում է իրենց տնօրինության տակ»:
Պարոն Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում ներկայացրեց, թե ինչո՞ւ պետք է Երեւանի քաղաքացին ավագանի ընտրի «Ժառանգություն»-ից:
Հարցին, թե կիսո՞ւմ է այն տեսակետը, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թեկնածուն ոչ այնքան ընդունելի է, սակայն Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է, միեւնույն է՝ մարդիկ ընտրելու են նրան, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե մենք ընդունած լինեինք մյուս ցուցակների մեթոդաբանությունը, ծրագիրը, քաղաքական տարապատկերին գունավոր մոտենալու մեթոդաբանությունը, եթե ընդունեինք իրենց քաղաքապետի թեկնածուի առավելությունը, մենք չէինք մասնակցի կամ ուղղակի կզորակցեինք, մենք համարում ենք, որ ցանկացած քաղաքացի կլինի լավ քաղաքապետ, եթե ունի ճիշտ մոտեցումը, կրթությունը, հնարավորությունը իրենից վեր տեսնելու ընտրությունները, քանի որ մեզ մոտ միշտ իշխանությունները տառապել են ինքնասիրահարվածության, մեծամտության բարդույթով, որպեսզի սա չլինի, մենք առաջարկում ենք քաղաքապետի մեր թեկնածուն»:
Պարոն Հովհաննիսյանի համոզմամբ, երկար տարիների ընթացքում մենք կունենանք այնպիսի ընտրություն, որի արդյունքը վստահելի կլինի ընտրողին. «Դա, իմ կարծիքով, ավելի կարեւոր է, քան՝ թե ո՜ր թեկնածուն կհաղթի: Մենք մասնակցում ենք, որպեսզի տանք Երեւանին այլընտրանք: Այլընտրանք նաեւ դառնալու համաշխարհային նշանակության քաղաք եւ առաջարկելով լուծումներ բոլոր ոլորտներում»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրենց թիմն ունի
ոչ միայն բովանդակային, այլ նաեւ ընթացակարգային առաջարկներ.
«Ավագանիում եւ քաղաքապետարանում հայտնվելուց հետո առաջնորդվել վերկուսակցական եւ քաղաքացիական մոտեցմամբ, իսկ դա նշանակում է, որ որեւէ հարց չի լուծվելու առանց մասնագիտական խմբերի եւ շահառու քաղաքացիների անմիջական մասնակցության:
Հույս հայտնեց, որ պայքարը զերծ կլինի ծայրահեղ պիտակավորումից. «Կարող են լինել լեզվի սայթաքումներ, բայց մեր վիճակն այնպիսին է հիմա՝ անցումային է թե արտաքին, թե ներքին առումներով եւ մենք պետք է ընդունենք, որ քաղաքացիական տարապատկերը բազմագույն է եւ մենք պետք է կանխակալ չմոտենանք մեր համաքաղաքացիներին, ամեն մեկն ունի իր նախընտրությունն ու իր ակնկալիքը:
Նաեւ ասաց, որ իրենց ձեռքը մեկնելու են բոլոր մրցակից ուժերին, որ ընտրություններից հետո համագործակցաբար ներկայացնեն նոր կառավարման եղանակ:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ «Ժառանգությունն» ունի որոշակի պարտավորություններ Երեւանի նկատմամբ. «Այն տարիների փորձը, որ կուտակվել է, սկզբունքային փորձ է եւ սկզբունքային պայքար է եղել ազնիվ, շիտակ: Ես կարծում եմ, որ դա պետք է շարունակվի եւ երեւանցին ունենա այդ անմնացորդ նվիրումի հնարավորությունը: «Ժառանգությունը» պարզ ճակատով կարող է կանգնել եւ ասել, որ ես իշխանությանը չեմ վաճառվել, քո շահը, պետության շահը պաշտպանել եմ»: Արմեն Մարտիրոսյանն այս ընտրություններում խոստացավ յուրահատուկ պայքար:
Կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանն ասաց.
«Ժառանգությունն» այն ուժերից է, որ խիստ կարեւորում է յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածությունը սեփական երկիրը կերտելու գործում. «Հեղափոխությունից, փոփոխություններից հետո յուրաքանչյուր երեւանցի պիտի մասնակցի դրա կառուցմանը, արդեն այդ հավեսը կա, «մենք ենք տերը մեր երկրի» հայտնի արտահայտությունը կարելի է ասել՝ «Մենք ենք տերը մեր քաղաքի»:
Նաեւ ասաց, որ երեւանցիները պետք է ընտրեն այնպիսի քաղաքապետ, որը կհամախմբի քաղաքական ուժերը, այլ ոչ թե բաժանարար գծեր կքաշի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ