Գյումրու Թատերական հրապարակում այսօր 11-րդ անգամ էր կազմակերպվել աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում էին 33 գործատուներ։ Առկա աշխատատեղերը 246-ն է. կա ծրագրավորողի, բժշկի, խոհարարի, մատուցողի, կոշկագործի, գիդի, բարմենի թափուր աշխատատեղեր։
Գործազրկության մեծ ցուցանիշ ունեցող այս քաղաքից տոնավաճառին, ինչպես միշտ, մեծ թվով մարդիկ էին մասնակցում։ Մասնակիցների գերակշռող մասը երիտասարդներ էին, սակայն մեր ուշադրությունը սևեռվեց այն փաստին, որ աշխատանք փնտրողների մեջ մեծ թիվ էին կազմում անչափահասները։ Շիրակի պետական համալսարանի ենթակայության տակ գործող քոլեջի մի խումբի տղաներ հետաքրքրված էին մատուցողի կամ բարմենի աշխատանքով։ Նրանք հրաժարվեցին տեսանկարահանվել, սակայն տեսախցիկից դուրս հաճույքով զրուցեցին։
«Աշխատանքի հայտարարությունների մեջ տեսա, որ բարմենի աշխատանք կա, իհարկե, գրված չէր, թե ինչքան է աշխատավարձը, բայց որ գործատուին մոտեցանք, ասին՝ բարձր է աշխատավարձը, մոտավորապես 40-50 հազար դրամ», -ասաց վերոնշյալ քոլեջի 2-րդ կուրսի ուսանող, 16-ամյա Հովհաննես Ղարիբյանը, որը պատրաստվում է շուկայաբան- մարկետոլոգ դառնալ։
Մեր հարցին՝ գործատուներն աշխատանքի ընդունելիս չե՞ն առարկում, որ դպրոցական եք, պատանին ասաց. «Ոչ, հիմնականում խրախուսում են, գովաբանում մեր ձգտումը։ Բացի այդ, իրենք ժամերը հարմարեցնում են մեր դպրոցի դասերի հետ»։
Նույն կուրսի մեկ այլ ուսանող էլ՝ Արթուր Զաքարյանն ասաց, որ կամ մատուցողի օգնական, կամ բարմեն է ուզում աշխատել։
«Մատուցողի օգնականի աշխատավարձը 60 հազար դրամ է, ես համաձայն եմ այդ գումարով աշխատել»,- ասաց Արթուրը։
Մեր դիտարկմանն՝ այդ աշխատավարձով հնարավո՞ր է ապրել, պատանին ասաց. «Գիտեք, սկզբի համար նորմալ է»։
Նույն քոլեջում սովորող, 16-ամյա Վիլսոն Սարգսյանն էլ ասաց. «Շատ աշխատանքներ կան ինձ հետաքրքրող, մեր էն տարիքը կուգա, որ պետք է աշխատելը, ամենաշատը հետաքրքրեց մատուցողի օգնական, բարմենը։ Ես իմ մեջ փորձում եմ գտնել այն աշխատանքը, որն ամենաշատը ինձ կհետաքրքրի։ Իմ այս տարիքում կուզենայի ինձ փորձել մատուցողի օգնականի աշխատանքում, տարիքը կուգա, դու էլ կհասկնաս, որ պետք է ընտանիքին օգնել, ընտանիքին թիկունք լինել։ Մոտեցա երկու գործատուի, տեսնեմ՝ որի առաջարկած պայմաններն են հետաքրքիր, այնտեղ էլ կմտնիմ։ Սկզբի համար շատ բարձր աշխատավարձ պետք էլ չէ, բայց թե այնպես լինի, որ կարողանանք յոլա տանել։ Ես կարծում եմ՝ էնպիսի աշխատանք լինի, որ գերհոգնածության մեջ չընկնիս, որպեսզի դասերի հետ համատեղես, սովորես»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ