Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանի բյուջե մեծահարուստների չմուծած հարկերի ծավալներն ապշեցուցիչ են». Անահիտ Թարխանյան

Սեպտեմբեր 07,2018 14:24

«Երևանի հանրություն» դաշինքը ներկայացնում է ամենապատրաստված մասնագիտական խումբը»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը:

Անահիտ Թարխանյանի թեկնածությունը ներկայացրել է «Երևանի հանրություն» դաշինքը: Քաղաքապետի թեկնածուն շեշտեց. « Ուզում ենք օրենսդրական փոփոխություն բերել մեզ հետ, որ տեղի ունենա քաղաքապետի և ավագանու անդամների ուղղակի ընտրություններ: Մարդիկ պետք է հստակ ճանաչեն՝ ում են ընտրում, ոչ թե դաշինքների միջոցով ընտրեն, այլ ուղղակիորեն ընտրեն այն մարդկանց, ում վստահում են»:

Անահիտ Թարխանյանը հայտնեց, որ կայուն, կանաչ, խելացի, ներառական քաղաքին Արկադի Տեր- Թադևոսյանի պնդմամբ՝ իրենք ավելացրել են անվտանգ քաղաք գաղափարը. «Զարգացնելով մշակութային խնդիրները՝ ավելացրինք նաև պատմամշակույթի և սոցիալական քաղաքի գաղափարները»:

Անահիտ Թարխանյանի համոզմամբ՝ Երևանում տրանսպորտի հարցի լուծումը կարելի է բավականին արագ կազմակերպել. «Պետք է որոշում կայացվի, որ մենք նման օպերատորների ենք հրավիրում ՀՀ, մեկ ամսվա մեջ կազմակերպում ենք տենդեր: Ինչո՞ւ մինչև օրս նման բան չի արվել, քանի որ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ սեփականատերեր են տարբեր երթուղային գծերի և դեմ են կանգնում ամեն անգամ նման գործնական հարցերի լուծման: Մենք պարտավորվում ենք այդ խնդիրը լուծել ավագանի ընտրվելուց սկսած»:

Քաղաքապետի թեկնածուն վստահեցրեց՝ ավագանի ընտրվելուց հետո հենց առաջին շաբաթվա ընթացքում արգելելու են Երևանի փոքր կենտրոնում շինարարությունը. «Ունենք մի վիճակ, երբ ելնելով ինչ-ինչ սխեմաներից՝ երկար ժամանակ կառուցապատվել է Երևանի կենտրոնը, ոչնչացվել են ներբանկային տարածքները: Քաղաքի կենտրոնի ոռոգման համակարգը վատ վիճակում է. կանաչ զանգվածները չեն ջրվում ու մշակվում: Քաղաքապետարանը բացատրություն էր տալիս, որ հարցը չեն կարողանում լուծել, դրա համար այդ տարածքը տվել են հայտնի ռուս մեծահարուստի, որ նա կանաչապատի այդ տարածքը: Այդ մեծահարուստը Ֆորբսի ցուցակում է (Սամվել Կարապետյան): Դրա փոխարեն այդ մեծահարուստը երկու խայտառակ նախագծով ահռելի մեծ սրճարան է կառուցել, և այդ շինարարության ընթացքում հատվել են չինարներ. խոսքը Մալիբուի մասին է»:

Անահիտ Թարխանյանը հայտնեց, որ լուրջ խնդիրներ կան նաև Երևանում հարկերի հավաքման հետ կապված ու մանրամասնեց. «Մեծահարուստների չմուծած հարկերի ծավալներն ապշեցուցիչ են: Կան լուրջ տվյալներ, անհավատալի է, որ այդ ծավալի գումարներ են յուրացվել»:

«Երևանի հանրություն» դաշինքի ցուցակի երկրորդ համարը Արամ Գրիգորյանն է: Նա իրավաբանի և համայնքային կառավարման փորձ ունի արդեն 20-25 տարի: Ավագանու թեկնածուն այսպիսի դիրքորոշում հայտնեց. «Մենք գտնում ենք, որ կառավարումը չպետք է լինի մեկ սուբյեկտի կողմից: Երևանի ավագանիում պետք է հայտնվեն շատ ուժեր և իրենք պետք է օգնեն, որ ՀՀ-ում քաղաքական կուրսի շրջանակներում իրականացվի Երևանի կառավարումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930