Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը՝ ադեկվատության համար ու հորդորեց հետքայլ չանել՝ տեսախցիկներ բերել

Սեպտեմբեր 07,2018 14:19

Այսօր ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ ընդունվեց «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է ընտրակեղծարարության առանձին հանցագործություններ քրեականացնել ու պատիժները խստացնել: Նախագիծն ընդունվեց 83 կողմ ձայնով:

ՀՀԿ-ականները առաջարկներ էին արել, որոնք կառավարությունն ընդունել է: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագծում փոխել են, օրինակ, այն դրույթը, որով քրեական պատիժ էր սահմանվում քվեարկության արդյունքի գաղտնիքը շահադիտական նպատակներ ունենալով կամ նախապես տրված խոստման հիման վրա բացահայտելու համար: Սա տարընթերցումների տեղիք էր տալիս, որովհետեւ հարց է, թե նախապես տրված խոստում ասելով՝ ի՞նչ կհասկանան կիրառողները: Հիմա «նախապես տրված խոստման» հիման վրա ձեւակերպումը հանվում է, պետք է շահադիտական նպատակ ունենա անձը եւ քվեարկության արդյունքը լուսանկարահանման, տեսաձայնագրման կամ փաստաթղթի միջոցով բացահայտի, որ դրա համար պատժվի:

Խնդրահարույց էր նաեւ կաշառք տալու առաջարկն ընդունելու ձեւակերպումը, հարց էր առաջանում, թե ո՞նց հասկանան, առաջարկն ընդունե՞լ են, թե՞ ոչ, աչքերի՞ց, դեմքի արտահայտությունի՞ց: Ուժի մեջ է մնում նախկին ձեւակերպումը՝ կաշառք տալը եւ կաշառք ստանալը քրեորեն պատժելի է: Փոխնախարարն ասաց, որ նախագծով ընտրակաշառքի սանկցիան 3000-ապատիկից 4000-ապատիկ էին նշել, մինչդեռ Քրեական օրենսգիրքը տուգանք պատժատեսակի առավելագույն շեմը սահմանում է 3000-ապատիկը, այսինքն, շատ մեծ ցանկության դեպքում չեն կարող ավելի տուգանել: Հիմա երկրորդ ընթերցման ժամանակ դա փոխում են եւ տուգանքը սահմանվում է 2,5-3 մլն դրամ:

Տուգանքից եւ ազատազրկումից բացի նաեւ կալանք սանկցիան է նախատեսվել՝ 2-3 ամիս ժամկետով: Փոխնախարարն ասաց, որ այս փոփոխությունները հաշվի առնելով՝ պետք է որ այլ մտահոգություններ այս նախագծի հետ կապված չլինեն:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ իսկապես, բոլոր մտահոգությունները փարատված են. «Մեր բոլոր առաջարկները փարատվել եւ ընդունվել են»: Նա հորդորեց բոլորին կողմ քվեարկել նախագծին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքն առաջարկ է արել քվեաթերթիկն ընտրատեղամասից դուրս հանելու վերաբերյալ. «Երբ դատարկ քվեաթերթիկը դուրս ես հանում, տալիս ես ընտրակեղծիքների կազմակերպիչներին, նրանք դա քվեարկած տալիս են ընտրողներին: Խոսքը վերաբերում է կարուսելին: Առաջարկել եմ, որ քվեաթերթիկի դուրս հանումը քրեականացվի, սակայն դրա մասին չխոսվեց: Մարդիկ իրազեկված չեն, պետք է իմանան, որ դա փաստաթուղթ է եւ փաստաթուղթը դուրս բերելը պատժելի է, չի կարելի դատարկ քվեաթերթիկը դուրս հանել ընտրատեղամասից, դա նույնպես կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության»:

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը՝ համատեղ աշխատանքի համար. «Կառավարությունը եւ մասնավորապես պարոն Հովհաննիսյանը դրսեւորեց բարձր պրոֆեսիոնալիզմ, ադեկվատություն եւ արձագանքեց այն իրավական մտահոգություններին, որոնք մենք ունեինք եւ նախագիծը դարձավ իրավաբանորեն ճիշտ ու գրագետ»:

Արփինե Հովհաննիսյանը հորդորեց կառավարությանը, որ ինչպես Երեւանի ավագանու ընտրությունների համար հրատապ ռեժիմով բերեց այս նախագիծը, նույն հետեւողականությունը ցուցաբերի եւ անպայման ապահովի տեսախցիկները ընտրատեղամասերում, հակառակ դեպքում դա հետընթաց կլինի: Նախորդ ընտրություններին տեսախցիկներ եղել են եւ դա որպես թափանցիկ ընտրությունների անցկացման համար գործիք, ընդունել են 4 խմբակցությունները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930