Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը Շարմազանովին ասել է, որ «տուշոնկաների» հետ կապ չունի. Շարմազանովը հավատացել է նրան

Սեպտեմբեր 07,2018 12:52

«Ով պետական բյուջեից թեկուզ մի լումա մսխել է, պիտի խստագույնս դատապարտվի, հանցագործությունն իմ համար չունի կուսակցական պատկանելություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում կոռուպցիոն գործարքների մասին խոսելիս ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա ասաց, որ կա անմեղության կանխավարկած. «Ես պատասխանատու եմ իմ համար: 8 տարի բարձրագույն պաշտոնյաներից մեկն եմ, որեւէ մեկը չի կարող ասել, որ արել եմ մի անօրինականություն, մի կոռուպցիոն սխեմայի մեջ կամ, մի տենդերի, մի կռիշի, մի ներկրման մեջ կամ»:

Դիտարկմանը, որ ձեր մնացած շղթային նայեք, դուք վատ չե՞ք զգում, որ այդ շղթայի մաս եք՝ Շարմազանովը պատասխանեց. «Ես շատ լավ եմ զգում, որ ՀՀ քաղաքացի եմ եւ քաղաքականության մեջ լիքը անելիքներ ունեմ»:

Լրագրողներն ասացին, որ համակարգն է ամբողջ կոռումպացված եղել, մեկ-երկու պաշտոնյայի մասին չի խոսքը՝ Շարմազանովն արձագանքեց. «Մի հատ կոռուպցիոն դեպք դեռ բացահայտված չէ, հլը մենակ խոսում են: Հենց կբացահայտվի, դատարանի որոշում կլինի՝ կխոսենք: Բա դատական իշխանություններն են որոշելու: Հիմա էնտեղ էլ հայտարարեցիք տուշոնկա, մուշոնկա, տես կարողանալո՞ւ են իրանք…ես Մանվելի հետ էլ եմ խոսել, հանդիպել եմ, ինքը պաշտոնապես ինձ խնդրել է փոխանցեմ, որ ինքը դրանց հետ որեւէ կապ չունի»:

Մեր զարմանքին՝ բա ո՞վ կապ ունի այդ «տուշոնկաների» հետ՝ Շարմազանովը պատասխանեց՝ դա թող ԱԱԾ-ն որոշի: Իսկ թե ի՞նչ էր այդ դեպքում նշանակում այն տեսանյութը, որը տարածեց ԱԱԾ-ն՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Քանի դեռ չկա վերջնական դատավճիռ, թիվ մեկ խնդիրը անմեղության կանխավարկածն է: Բա մարդու իրավունքներից եք խոսում, բա ժողովրդավարությունից եք խոսում, վարչապետը ո՞ր իրավունքով է կանգնում մինչեւ ԱԱԾ-ի հրապարակումը գնահատականներ հնչեցնում: Էդ որ աներ Սերժ Սարգսյանը՝ կուտեիք մեզ»:

Հարցին՝ Մանվել Գրիգորյանն ասել է՝ ես կապ չունեմ «տուշոնկաների» հետ, դուք հավատացե՞լ եք նրան՝ Շարմազանովը պատասխանեց. «Այո, ես իրան հավատում եմ»: Հարցին՝ իսկ ասե՞լ է Մանվել Գրիգորյանը, եթե կապ չուներ դրանց հետ, ո՞նց էին այդ «տուշոնկաները» հայտնվել իր պահեստում՝ Շարմազանովը պատասխանեց, որ դրա պարզելը իր գործը չէր. «Ես գնացել էի իր առողջական վիճակը հարցնելու, քանի որ նա գեներալ է, մեր ազգային հերոսն է, ազգային ազատագրական պայքարում ունեցել է շատ լուրջ դերակատարում: Ինձ այնպես են դաստիարակել, որ ընկածին չեն խփում, եղա՞վ: Ծառը որ ընկնում է, կացնավորները շատանում են: Իմ նախաձեռնությամբ գնացել եմ, այցելել եմ, ասել եմ՝ գեներալ ջան, ինչպե՞ս եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930