Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում ա Գումի շուկա պոմիդորի գին է հարցնում». Շարմազանով

Սեպտեմբեր 07,2018 12:48

«Իմ գործընկերներից մեկը ընտրակաշառքի, խախտումների մասին հայտարարություն արեց, երբ որ ես իրեն հորդորեցի, որ մի հատ անուն հնչեցնի, մի հատ անուն չկարողացավ հնչեցնի: Էդ անպատասխանատու հայտարարություններին վերջ տվեք: Կոնկրետ ինչ կա՝ ասեք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նկատի ունենալով Հայկ Կոնջորյանի հայտարարությունը:

Նա ասաց, որ բոլոր միջազգային կառույցները ընդունել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այդ թվում ընդունել է նաեւ Փաշինյանը: ՀՀԿ-ն էլ է ասել, որ թերություններ եղել են, բայց ստվեր չի կարելի գցել 2017-ի ընտրությունների վրա:

Շարմազանովն ասաց, որ կառավարության ներկայացրած «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագծի նախնական տարբերակում կային ձեւակերպումներ, որոնք անընդունելի էին, թերի էին. «Երբ որ դու գնում ես, ասում ես՝ տատիկ ջան, կուզե՞ս թոշակդ ավելացնեմ, կամ տատիկ ջան, հացի փող չունես, խանութում նիսյաներդ կփակեմ ու տատիկը աչքերը ճպճպացնում է, ասում ես՝ տատի ջան, գնացիր մի 3-6 տարի, տենց չի լինում, էլի»:

Aravot.am-ը հարցրեց՝ ինչ նոր իշխանություններ են եկել, գրեթե բոլոր ոլորտներում չարաշահումների մասին ենք իմանում, բոլոր նախարարություններում, Հյուսիս-Հարավ մայրուղու հետ կապված 23 մլրդ, ՊՆ-ում վառելիքի չարաշահում, վարչապետն անգամ շոկի է ենթարկվում, ի՞նչ կասեք այս չարաշահումների մասին՝ Շարմազանովը պատասխանեց. «Ես էլ զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է Գումի շուկա պոմիդորի գին է հարցնում: Դա պետք է գյուղատնտեսության նախարարության առաջատար մասնագետն աներ: Զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն լայվ է մտնում, գործ անելու փոխարեն՝ մեր սիրելի կառավարության անդամները զբաղված են շոուներ անելով: Շատ լավ հասկանում ենք, որ դեռեւս Հին Հռոմից կա հաց եւ տեսարաններ, հացը չեն կարողանում ապահովել, թանկություն է համատարած, բանանն էժանացավ, աչքներս մեռան մտցնելով: Բանանն էժանացավ՝ միսն էլ 100 անգամ թանկացավ»:

Դիտարկմանը, որ հանրությունը այնուամենայնիվ, Փաշինյանին լավ է ընդունում՝ Շարմազանովն արձագանքեց. «Հանրությունը Հիտլերին էլ է լավ ընդունել, Ստալինին էլ»:

Հարցին՝ Փաշինյանին Հիտլերի ու Ստալինի հե՞տ եք համեմատում՝ Շարմազանովն ասաց. «Ոչ, լեգիտիմությունն եմ ասում, որ ասում եք՝ հանրությունը հիմա Փաշինյանին ծափահարում է, հանրությունը նրանց էլ է ընդունել ու ծափահարել»:

Մեր հարցին՝ այսինքն, Կարեն Կարապետյանը, որ իր կաբինետում ոտքը ոտքին գցած նստում էր, ձեր կարծիքով ավելի լա՞վ էր աշխատում, քան Փաշինյանը, որը շուկա է գնում՝ Շարմազանովը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը ոտքը ոտքին գցած չի նստել, շատ լավ աշխատել է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930