Հայաստանում թանկացումների նոր ալիք է սկսվել: Այս մասին չի լռում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Ընդ որում, թանկացել է ոչ միայն միրգը, բանջարեղենը, այլեւ կարագը, ալյուրը, մսամթերքը, ձուն եւ այլն:
Օրինակ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ օգոստոսին, հուլիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.7 տոկոս գնաճ։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դրա վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մսի՝ 2.4, մրգի՝ 3.3 եւ բանջարեղենի՝ 6.5 տոկոս թանկացումը։ Նկատենք, որ օգոստոս ամսին միայն մրգի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 3.3 տոկոս։ Թանկացել է նաեւ դեղձը, որի մեկ կիլոգրամը 450-500 դրամ է, նեկտարինի մեկ կգ-ն արժե 600-700 դրամ, իսկ ահա թզի մեկ կգ՝ 1800-2000 դրամ։ Ի դեպ, հանրապետության բոլոր քաղաքներում օգոստոսին, հուլիսի համեմատ, մրգի գներն աճել են 0.6-4.4 տոկոսով։ Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում։ Երեւանում մրգի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 4.3 տոկոսով։
Բացի մրգից այս շրջանում սովորականից բարձր գնով վաճառվում է նաեւ բանջարեղենը։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ բանջարեղենի շուկայում օգոստոսին, հուլիսի համեմատ, արձանագրված գնաճը կազմել է 6.5 տոկոս։
Այս ամիսներին լոլիկի գինը գերազանցեց, որոշ առեւտրի կետերում լոլիկի մեկ կգ-ն արժե 400 դրամ, բայց որոշ սուպերմարկետներում երեկ արդեն 700 դրամով էր վաճառվում այն դեպքում, երբ նախորդ տարվա այս ամիսներին 80-120 դրամով է վաճառվել։ Եւ ընդհանրապես, այս ամիսներին լոլիկը առատ է, եւ գինը միշտ ցածր։ Լոլիկի բարձր գնի պատճառով տնային տնտեսուհիների մեծ մասը չի կարողացել լեչոյի կամ լոլիկի մարինադի պահածո փակել։ Իսկ նրանք, ովքեր այդ պահածոները փակել են, ապա քիչ քանակությամբ։
Չմոռանանք, որ այս ամառ ձմերուկը եւս թանկ գնով վաճառվեց՝ 210-220 դրամով։ Չնայած այս օրերին այն էժանացել է՝ դառնալով 100 դրամ։ Բայց ըստ գյուղատնտեսության նախարարության՝ դա պայմանավորված էր հունիսի վերջերից հուլիս ամսվա ընթացքում ստվերում գրանցված բարձր ջերմաստիճանով, ինչի ընթացքում բույսը չհասցրեց ադապտացվել։ Եւ, բնականաբար, սա պետք է իր արդյունքը ունենար լոլիկի եւ ձմերուկի ցանքատարածությունների վրա։ Չէ՞ որ բոստանային մշակաբույսերը շատ զգայուն են ջերմաստիճանների նկատմամբ։ Մասնագետների խոսքերով՝ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով ձմերուկի եւ լոլիկի ցանքատարածքները բավականին տուժել են, ինչն էլ իր բացասական ազդեցությունը արդեն թողել է այս երկու մշակաբույսերի բերքատվության վրա։ Բնականաբար, սա չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել նաեւ լոլիկի եւ ձմերուկի գնի վրա։ Իսկ ձմերուկի գինը էժանացավ, քանի որ Հայաստանը սկսեց ներկրել ռուսական ծագման ձմերուկ։ Բայց լոլիկի դեպքում նման բան չկա, սա է պատճառը, որ այն շարունակում է թանկանալ, ինչը խիստ զարմանալի է, քանի որ սովորաբար ամռան ամիսներին ե՛ւ միրգը, ե՛ւ բանջարեղենը վաճառվում են բավականին էժան գնով։ Սմբուկի գինը եւս բարձր է՚՝ մեկ կգ-ն 180-200 դրամ։ Մրգից եւ բանջարեղենից անցում կատարենք դեպի մսամթերքի, ձկնամթերքի շուկա, որտեղ եւս մեկ ամսվա ընթացքում զգալի թանկացումներ են արձանագրվել։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում