Մոտ երեք ամիս է՝ բացակայում են հայ-ռուսական հարաբերության մասին պաշտոնական կենացները, և հնչում են հայտարարություններ, որոնք դրսևորում են որոշակի չհասկացվածության և հարցերի առկայություն: Իրականում դրանք եղել են նաև նախկինում, պարզապես մենք՝ հանրությունը, այդ մասին տեղեկանում էր, այսպես ասած՝ պոստֆակտում, երբ, օրինակ, լինում էր Ապրիլյան քառօրյա պատերազմ, և հետո նոր միայն Սերժ Սարգսյանը Մոսկվային համարձակվում էր բարձրաձայնել՝ «բա որ ասում էի»: Այսինքն՝ հայ-ռուսական քաղաքականություն կամ դրա հանդեպ Հայաստանի իշխանության պատասխանատու, փորձառու դիվանագիտական վարքագիծ դիտարկվում էր լռությունը, քանի դեռ մի բան չէր լինի, դանակը չէր հասնի ոսկորին, ու Երևանը չէր ստանա բարձրաձայնելու համարձակություն: Ահա սրա վրա մի շարք շրջանակներ կառուցում են իրենց «փաստարկային» բազան, որ հարաբերությունը լարվել է կամ փչացել: Ընդ որում` հետաքրքիր է այն, որ չկա առարկայական որևէ մատնանշում, թե ինչ է պետք անել:
Բացառությամբ, թերևս, դիտարկման, թե պետք չէր Խաչատուրովին հետապնդել առանց հետ կանչելու: Սա ևս անլրջության վկայություն է, երբ հայ-ռուսական հարաբերության հիմնարար խնդիրը հասցվում է այդ հարցի մակարդակի: Այն դեպքում, երբ հարաբերությունը իսկապես դարձել է լրջագույն երկկողմ, ռեգիոնալ և աշխարհաքաղաքական պրակտիկ մի գործոն, որն ունի հնարավորինս արագ վերաֆորմատավորվելու և նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներին համապատասխանեցվելու խնդիր: Իսկ սրա համար պահանջվում են բովանդակային խորքային քննարկումներ, պարզունակ մակարդակում կոնյուկտուրային բանսարկությունների փոխարեն, որ փորձ է արվում հյուսել Հայաստանի նոր իշխանության դեմ, Կրեմլում: Որովհետև խնդիրը ամենևին հայ-ռուսական հարաբերությունը չէ, մտահոգության առարկան ընդամենը անձնական կամ խմբային շահեր են, այս կամ այն կերպ շաղկապված նաև ռուսական ինչ-ինչ շրջանակների հետ, որոնց համար էլ խնդիրը հայ-ռուսական հարաբերությունը չէ ամենևին:
Բարեբախտաբար, բանսարկություններն առայժմ չունեն ցանկալի էֆեկտ, այլապես դրանք չէին դառնա ավելի ու ավելի ցցուն, այլ կաշխատեին շարունակել առանց ավելորդ աչքի ընկնելու: Մյուս կողմից, սակայն, այս իրավիճակը մեկ այլ մարտահրավեր է Հայաստանի, հայ-ռուսական հարաբերության համար, քանի որ, ի վերջո, Հայաստանի նոր իշխանության համար այն կրկնապատկում է լուրջ դիսկուրսի անհրաժեշտությունը: Դրա նախաձեռնությունը կառավարությունը պետք է վերցնի իր վրա և փորձի ձևավորել այն, ներգրավելով հանրային այն ռեսուրսը, որը կա և որը խնդիրները դիտարկում է նեղ անձնական կամ խմբային կոնյուկտուրայից դուրս, պետականության շահերի ծիրում, առանց կենացների, այլ հայեցակարգերով և համակողմանի մոտեցումներով: Ի դեպ, այդպիսի դիսկուրսի կարիք կա թե՛ հայ-ռուսական, թե՛ այլ կարևորագույն հարցերում, ինչպես, օրինակ, Արցախի խնդիրը: Բայց այստեղ, իհարկե, հնարավոր է ձևավորել, այսպես ասած, փաթեթային ֆորմատ՝ գեներացնելով իրապես բովանդակություն և կոնտենտ, որը հետաքրքիր կլինի ընդհուպ միջազգային մակարդակում:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում