Յուրաքանչյուր երկրում, որտեղ տեղի է ունենում իշխանափոխություն, մանավանդ այն ճանապարհով, ինչպես տեղի է ունեցել Հայաստանում, բնական է, որ արտաքին աշխարհը պետք է և՛ ստանա, և՛ տա համապատասխան ազդակներ: Փաշինյան–Պուտին հանդիպմանն ընդառաջ «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Անկախ նրանից, թե ինչ ճանապարհով են եկել իշխանության, նոր իշխանությունները պետք է հանդիպեն գործընկեր և հարևան պետությունների հետ ու ներկայացնեն արտաքին քաղաքականության մասին իրենց տեսլականը: Կամ պետք է ասեն, որ մեր արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու, կամ էլ ասեն, որ լինելու են և նշեն ուղղությունները: Սա իշխանափոխությունից հետո շատ տրամաբանական է և ընդունված միջազգային պրակտիկայում: Եթե նոր իշխանության մոտեցումները նախորդ իշխանությունների մոտեցումներից տարբերվում են, ապա անպայման երկկողմ կամ բազմակողմ մակարդակներով նոր իրողությունները ներկայացնելու անհրաժեշտություն կա: Այս առումով Հայաստանը բացառություն չէ: Ակնհայտ է, որ նոր իրողությունները հաշվի առնելով` ՀՀ նոր իշխանություններն աշխարհաքաղաքական կենտրոններում իրենց ռազմավարական դաշնակիցների կամ գործընկերների մոտ պետք է ներկայացնեն իրենց նոր դիրքորոշումը, եթե, իհարկե, դա կա: Պետք է հիմնավորեն, թե ինչու են քաղաքականության մեջ այսպիսի փոփոխություններ անում, եթե ընդհանրապես անում են»,–ասաց նա` հավելելով, որ հայ–ռուսական հարաբերություններն այդ առումով ևս բացառություն չեն:
«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն ու գործընկերն է և կարիք ունի հասկանալու, թե ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում, ի՞նչ քաղաքական մոտեցումներ կան, ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում իր ապագան ՀԱՊԿ–ում, ԵԱՏՄ–ում, ռազմավարական երկկողմ հարաբերություններում: Տասնյակ հարցեր կան, որոնց շուրջ ամենաբարձր մակարդակով պետք է քննարկումներ և ընդհանուր հայտարարի գալու գործընթաց լինի»,–նշեց քաղաքագետը:
Այցին ընդառաջ կրկին սրվեցին ՌԴ–ի կողմից Հայաստանի ներքին գործերին խառնվելու վերաբերյալ քննարկումները: Հարցը ավելի մեծ հնչեղություն ստացավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունից հետո, ըստ որի` «Մոսկվան մտահոգված է, որ Հայաստանում իրավիճակը դեռ եռում է»: Նշված դիտարկմանն ու հարցին, թե այցի համատեքստում որքանո՞վ է տեղավորվում ՀՀ ներքին գործերին խառնվելու բաղադրիչը, Սուրեն Սարգսյանը պատասխանեց.
«Ես հավատում եմ ՌԴ կողմի այն պնդմանը, թե Ռուսաստանը Հայաստանի ներքին հարցերի, ներքաղաքական գործընթացների մեջ ներքաշվելու ցանկություն ու կարիք չունի: ՌԴ–ն, որպես ՀՀ բարեկամ երկիր, բնականաբար, պետք է հասկանա, թե ինչ է կատարվում իր բարեկամ երկրում, սա տրամաբանական մոտեցում է և տեղավորվում է այն տրամաբանության մեջ, ինչի մասին խոսում էինք վերոնշյալում: Բոլոր կողմերի համար ամենաընդունելի ֆորմուլան հետևյալն է. քաղաքական խնդիրները պետք է կարգավորվեն քաղաքական, իրավականները` իրավական դաշտում: Դրանք երբևէ չպետք է խաչվեն: Եթե խաչվում են, լուրջ խնդիրներ են ծագում, որոնք ունենում են ոչ միայն ներպետական, այլև արտաքին քաղաքական զարգացումներ: Հայաստանի ներքին գործերին միջամտելու կարիք կամ ցանկություն Ռուսաստանն այս փուլում չունի, որովհետև, այդուհանդերձ, իշխանությունների հետ երկխոսություն կա: Այդ մասին փաստում է այն հանգամանքը, որ վարչապետն արդեն 3–րդ անգամ է այցելում Ռուսաստան»,–ասաց Սուրեն Սարգսյանը` ընդգծելով, որ իրականում գործընթացն այդքան էլ վատ չէ, ինչպես կրող են ներկայացնել շատերը:
Նրա խոսքով` բոլոր հարցերին կարելի է լուծում տալ միայն երկխոսությամբ, որ անհասկացվածություն կամ անվստահություն չլինի:
Ինչ վերաբերում է այցին զուգահեռ առկա այն քննարկումներին, որոնց թեման Ադրբեջանի` ՀԱՊԿ–ին անդամակցելու հնարավորությունն է, քաղաքագետը նշեց, որ ՀԱՊԿ անդամ դառնալու համար անհրաժեշտ է ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների համաձայնությունը. «Բայց պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը եղել է ՀԱՊԿ անդամ և դուրս է եկել, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ–ի անդամ է: Եթե Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ, ապա ՀԱՊԿ–ը, որպես կառույց, որը Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկն է, ՀՀ–ի համար ուղղակի կդադարի գոյություն ունենալ: Հայաստանը չպետք է թույլ տա, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ: Այդ հնարավորությունը կա, քանի որ ՀԱՊԿ կանոնադրությամբ աշխատում է կոնսենսուսային ինստիտուտը: Կարծում եմ` հնարավոր է, և Հայաստանը պետք է կիրառի վետոյի իր իրավունքը Ադրբեջանի անդամակցության դեմ»:
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նկատեց, որ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով չի հայտարարել այդ անդամակցության ցանկության մասին, դրա մասին խոսել են պատգամավորներ. «Կարծում եմ` սա «пробный шар» է, որ գցվել է քաղաքական դաշտ` շոշափելու որոշ տրամադրություններ, մոտեցումներ: Սա քաղաքականության մեջ ընդունված պրակտիկա է»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում