Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկում են Դավիթ Տոնոյանի տեսլականը

Սեպտեմբեր 07,2018 11:11

Պաշտպանության նախարարությունում այսօր մեկնարկեց եռօրյա գիտագործնական կոնֆերանսը, որի ընթացքում կքննարկվեն ՀՀ ԶՈՒ-ի բարեփոխումների վերաբերյալ պաշտպանության նախարարի տեսլականները: Դրանք, հիշեցնենք, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրապարակեց ամիսներ առաջ, որոնք ամփոփված են յոթ կետերում եւ մասնավորաբար վերաբերվում են կրթական ոլորտին, սպառազինությանը, կառավարման համակարգի արդիականությանը, անձնակազմի մարտունակությանը եւ այլն:

«Հորիզոնական հաղորդակցությունը, առանց բյուրոկրատական քաշքշուկների, պետք է դառնա նորմ, ոչ թե բացառություն: Վերացնելու ենք փոխգործակցությունը արգելակող կամ լրջորեն բարդացնող արհեստական արգելքները` բացառելով այսպես ասած՝ «հորանային» աշխատաոճը, երբ առանձին օղակներ առաջ են տանում իրենց օրակարգերը` չիմանալով դրանց միավորող ընդհանուր մտահղացումը»,- նշել էր ՀՀ պաշտպանության նախարարը: Կարեւորելով բանակի սպառազինման, կառավարման համակարգի արդիականացման եւ անձնակազմի մարտունակության ամրապնդմանը միտված քայլերը՝ նախարարը վստահեցրել էր, որ այս պահին ընթացքի մեջ են սպառազինության ծրագրերի թարմացման աշխատանքները, որոնց շրջանակում պլանավորվում է ձեռքբերել նաեւ բազմաֆունկցիոնալ ավիացիա. «Մինչև այժմ հայկական զինված ուժերը ունեցել են հստակ արտահայտված ցամաքային ուժի կերպար, օդային գերակայության համար պայքարում ապավինելով միայն ՀՕՊ և ցամաքային հրթիռային միջոցներին: Ժամանակները, սակայն, փոխվել են: Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանջում է նաև կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն, քանի որ ոչ մի հրթիռային համակարգ չի փոխարինի այս կարողությանը օգտագործման ճկունության և դիմակայունության առումով»:

Պաշտպանության նախարարն ընդգծել էր նաեւ, որ 2016թ. երկրորդ կեսին և 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների շնորհիվ մեծապես փոխվել է առաջնագծի զինվածությունը տեսադիտարկման և հավաստանշման սարքավորումներով, որոնք թույլ են տվել զգալիորեն նվազեցնել անակնկալ դիվերսիաներ իրականացնելու հակառակորդի հնարավորությունները: Ընթացքի մեջ են առաջնագծում հակառակորդի հայտնաբերման, որոշումների կայացման, կրակային և ինժեներական միջոցներով հակառակորդի խոցման ու հասցված վնասների գնահատման ինտեգրված համակարգի ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:

Նախարար Տոնոյանը առանձնացրել էր նաև մարտական հերթապահության կրման ձևերի կատարելագործման առաջնահերթությունը՝ շեշտելով, որ եկել է ամենօրյա մարտական խնդրի իրականացման եղանակներում արմատական փոփոխություններ կատարելու ժամանակը. «Մեր նպատակն է զգալիորեն նվազեցնել անձնակազմի՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնվելու տևողությունը, բարձրացնել պաշտպանվածության և դիմակայունության աստիճանը, ինչպես նաև ավելացնել հակառակորդի դիվերսիոն խմբերի դարանակալման ու ոչնչացման հավանականությունը»:

Այսօր մեկնարկած կոնֆերանսի ժամանակ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց, որ մեզ համար աննախադեպ է, երբ պաշտպանության նախարարը հրապարակել է կառավարության ծրագրից բխող իր տեսլականը եւ ստանձնել դրա պատասխանատվությունը:

Նախարարը, քննարկմանն ի դեպ չէր մասնակցում`վարչապետի մոտ հրավիրված շտապ խորհրդակցության պատճառով:

Քննարկմանը ներկա ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում կարեւորեց կրթական բաղադրիչը եւ դրա զարգացումը, քանի որ, ըստ նրա, առանց դրանց տեսլականում դրված թեզերն իրագործելի չեն: «Բանակը պետք է վերածվի նաեւ կրթական ևս մեկ օղակի: Ժամկետային զինծառայողը չպետք է կորցնի գիտելիքի ունեցած պաշարը, որով գալիս է բանակ, այլ պետք է ավելացնի դրանք»,- ասաց նախարարը`հավելելով, որ աշխատանք, այդ ուղղությամբ տարվում է, գործողությունների հնգամյա ծրագրում կան նման կետեր, որոնց շուրջ ԿԳՆ-ն եւ ՊՆ-ն համագործակցել են: Դրանցից շատերը դեռ հայեցակարգային քննարկումների փուլում են, բայց Արայիկ Հարությունյանը խոստացավ`կանենք ամենը, որ կարճ ժամանակում հայեցակարգերը դառնան գործողությունների ծրագիր:

Արայիկ Հարությունյանը կարեւորեց նաեւ զորացրվող զինծառայողների վերապատրաստման եւ կողմնորոշման գործառույթը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Պաշտպանության փոխնախարարն էլ իր հերթին կարեւորեց նաեւ լեզվի իմացության խնդիրը, քանի որ զորակոչիկներ ենք ունենում, ովքեր արտերկրից են վերադարձել`ծառայություն իրականացնելու համար եւ դժվարություններ են ունենում լեզվի իմացության հարցերում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930