Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո, արդյոք տարբեր բարեգործական ակցիաները կարող են ինչ–որ ժամանակահատվածում համարվել ընտրակաշառք, թե՞ ոչ. «Փաստ»

Սեպտեմբեր 07,2018 10:27

Ազգային ժողովը քննարկում էր և էլի է քննարկելու ընտրակաշառքը քրեականացնելու մասին նախագիծ: Թե ինչպիսի ծանր հանցագործություն է ընտրակաշառքը առնվազն բարոյական տեսանկյունից, բոլորիս է հայտնի, սակայն, երբ մի փոքր ուսումնասիրում ես քրեականացման նախագիծը, ապա ակամայից սկսում ես մտածել, որ մենք ապրում ենք պոտենցիալ հանցագործների հասարակության մեջ: Ամեն ինչ քրեականացնելու այս միտումներն իրապես էլ որոշակի մտահոգությունների տեղիք տալիս են: Օրեր առաջ քրեականացնելու մասին հերթական նախագիծն էր առաջարկում Փաստաբանների պալատը, նրանք էլ առաջարկում էին քրեական հանցագործություն դարձնել հայհոյանքը:

Պատկերացնում եք, թե մեր հասարակության ինչպիսի ստվար հատված, այդ թվում՝ այս տողերի հեղինակը, կարող է ընկնել հայհոյանքի քրեական հոդվածի ազդեցության տակ: Սակայն այստեղ խնդիրն այս մասնավոր դեպքերը չեն, այլ ամեն ինչ ծայրահեղացնելու և կտրուկ լուծումներ առաջարկելու միտումները: Ընդ որում պետք է շեշտել, որ այդ լուծումները միայն թղթի վրա են խիստ, քանի որ կան հասարակական իրողություններ, որոնք հնարավոր չէ կարգավորել զուտ քրեական հոդվածներով, ծանր պատիժներով կամ տույժերով: Ընտրակաշառք երևույթը, որը վերջին 20 տարիներին լայնորեն տարածում գտավ մեր իրականության մեջ, ցավոք սրտի, հանցագործություն լինելուց զատ հասարակական երևույթ է, իսկ հասարակական երևույթները պետք է շտկվեն կամ վերացվեն առնվազն մի փոքր պատժիչ–դակիչ տրամաբանությունից դուրս գտնվող մեխանիզմներով ու մեթոդներով: Այո, ընտրակաշառքը պետք է բացառվի, սակայն դրան պետք է հասնել հասարակական գիտակցության բարձրացմամբ, հասարակության քաղաքական հասունության որոշակի մակարդակ ապահովելով, հակառակ դեպքում ընտրակաշառք տվողն ու վերցնողը միշտ էլ կարող են գտնել իրենց հանցագործության կամ համաձայնության որոշակի տարբերակներ, որովհետև չկան կատարյալ օրենքներ, որտեղ որևէ սողանցք չլինի:

Սակայն, այս ամենից զատ, ընտրակաշառքը քրեականացնել առաջարկող օրինագծում խոսվում է նաև ընտրակաշառքի խոստումի մասին: Կարծում ենք՝ կհամաձայնեք, որ խոստում բառն ինքնին վերացական է, այլ կերպ ասած՝ վերացական ինչ–որ բանի համար քաղաքացին կարող է դատապարտվել, ասենք, ազատազրկման կամ որևէ այլ պատժի: Ընդհանուր առմամբ, եթե գնահատենք ընտրակաշառքի բացառմանն ուղղված ջանքերը, բայց երբ գնահատենք այդ ջանքերի իրականացման միջոցները, ապա շատ բան անհասկանալի է դառնում: Ի վերջո, ընտրակաշառքի երևույթի գոյության հազար ու մի հասարակական, սոցիալական, անգամ մշակութային ու քաղաքական պատճառներ կան, որոնք առնվազն բազմակողմանի ուսումնասիրության կարիք ունեն: Այս տեսանկյունից ընտրակաշառքը դուրս է գալիս զուտ սովորական ծանր կամ թեթև հանցագործություն լինելու սահմաններից և դառնում է երևույթ, որն առնվազն պետք է հասկանալ՝ դրանից ձերբազատվելու համար:

Վերջապես, եթե անդրադառնանք ընտրակաշառքի չափորոշիչներին, ապա կրկին որոշակի խառնաշփոթի կհանդիպենք: Ի վերջո, արդյոք տարբեր բարեգործական ակցիաները կարող են ինչ–որ ժամանակահատվածում համարվել ընտրակաշառք, թե՞ ոչ, կամ ի՞նչ չափով կարող են այդպիսին համարվել: Սա նույնպես խրթին հարցերից է, որովհետև, համաձայնենք, ցանկացած բարեգործություն ունի քարոզչության և փիառի ենթատեքստ, ցանկացած բարեգործություն միտված է քաղաքական կապիտալին և այս տեսանկյունից մեծ հաշվով էական չէ այդ բարեգործությունը կոնկրետ ինչ ժամկետում է արվում, ի վերջո կան բարեգործական հիմնադրամներ, որոնք գործունեություն են ծավալում տարիներ, երբեմն էլ տասնյակ տարիներ շարունակ, կա՞ արդյոք նրանց գործունեության մեջ ընտրակաշառքի տարր, թե՞ ոչ, սա որոշելը գրեթե անհնար է:

Եզրափակելով՝ պետք է նշենք, որ լավագույն լուծումը կլինի այնպիսի երկիր ու հասարակություն ունենալը, որտեղ բարեգործության կարիք չի լինի՝ իր որևէ դրսևորմամբ, սակայն սա ուտոպիա է, ուստի մեզ մնում է կառուցել այնպիսի հասարակություն, որտեղ ուղղակի ընտրակաշառք երևույթը կվերանա առանց, այսպես ասած, ոչ թե ուժային ու պատժիչ միջոցների կիրառմամբ, այլ հասարակության գիտակցության ու հասունության որոշակի մակարդակի հասնելու արդյունքում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Կամ,ասենք,150 հազար վարորդի երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների և տույժերի ներումը ընտրակաշառք է թե ոչ….:Եթե ամեն ընտանիքում երկու ընտրող կա,կստացվի 300հազար ընտրող իրենց ձայները կտան կառավարության թեկնածուին…..

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930