Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Երզնկյան. «Քաղաքապետերի այսօրվա թեկնածուների մեջ ինձ ամենից շատ անհանգստացնում է փորձի պակասը». «Իրատես»

Սեպտեմբեր 07,2018 10:14

«Իրատեսի» հյուրը ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆՆ է:

Վերջին տարիներին ստեղծագործական կյանքը համադրել էիք հանրային գործունեության հետ՝ Երևանի ավագանու կազմում: Առջևում ընտրություն է, որում չի ներկայացված այն կուսակցությունը, որի ցուցակով Դուք դարձել էիք ավագանու անդամ: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր մասնակցությունը Երևանի կյանքին՝ որպես երևանցի, ավելին՝ որպես Երևանի պատվավոր քաղաքացի, անկախ այն բանից, թե ով կլինի Երևանի քաղաքապետը:

-Մտքովս էլ չէր անցնում, թե կարող եմ դառնալ ավագանու անդամ: Երբ Տարոն Մարգարյանն ինձ առաջարկեց դառնալ, ասացի, որ ես շատ զբաղված մարդ եմ, իմ ժամանակը չի հերիքի դրա համար: Նա հավաստիացրեց, որ ընդամենը ամիսը մեկ անգամ պիտի հավաքվենք, ինչ-որ հարցեր քննարկենք, իսկ ինձ էլ կընդգրկեն մշակութային թեմաների քննարկումներում: Ես, ի վերջո, համաձայնեցի:

Ամեն մարդ իր կյանքում գոնե մեկ սխալ թույլ տալու իրավունք ունի, և ես համարյա 70 տարեկանում այդ սխալը գործեցի: Երբ ավագանին հավաքվում էր քննարկելու մշակույթին առնչվող հարցեր, ես ինձ համար նորմալ էի համարում այդ քննարկումներին մասնակցելը, որովհետև դա իմ մասնագիտական ոլորտն էր: Իսկ երբ քննարկվում էին այլ հարցեր, ես դրանց հուզականորեն էի արձագանքում, որովհետև չունեի համապատասխան պրոֆեսիոնալ պատրաստվածություն:

Ինձ թվում էր, թե ամեն ինչ նորմալ է, բայց ընդդիմության ներկայացուցիչներին այդպես չէր թվում, և նման դեպքերում հասկանում էի, որ իզուր եմ եկել ավագանի: Լինելով անկուսակցական՝ ես չունեի որևէ պարտադրանք ինձ վրա, սակայն երբեմն հայտնվում էի դժվարին վիճակում: Դա ինձ շատ անհանգստացնում էր, և ի՜նչ լավ է, որ այդ ամենը շուտ ավարտվեց: Ես հիմա ազատ մարդ եմ և կարող եմ հանգիստ ցույց տալ իմ վերաբերմունքը՝ կապված մշակույթի հետ:

-Ո՞ւմ եք տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում:

-Ինձ համար նշանակություն չունի, թե ով կլինի քաղաքապետ, կարևորն այն է, որ նա լինի պրոֆեսիոնալ: Իհարկե, լիարժեք պրոֆեսիոնալության մասին խոսք չի կարող լինել այս դեպքում, բայց գոնե լինի այնպիսի մեկը, որ կարողանա ճիշտ տիրապետել քաղաքի կառավարման գործին, որովհետև դա դժվարին առաքելություն է: Մարդու ամբողջ գործունեությունը կարող է փլուզվել, եթե նա դառնա քաղաքապետ ու այդ դերում հաջողություն չունենա: Դրանից հետո նրա համար դժվար կլինի վերադառնալ իր մասնագիտական ոլորտ և աշխատել այնտեղ:

Ես այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ շատ մեծ դեր ունեն փոխքաղաքապետերը: Տարոն Մարգարյանի օրոք այդ պաշտոնին գտնվողները շատ գրագետ ու կոմպետենտ մարդիկ էին. առաջին հերթին նկատի ունեմ Կամո Արեյանին, որն աշխատել է բոլոր քաղաքապետերի հետ: Յուրաքանչյուր խելոք քաղաքապետ պիտի հասկանա, որ իրեն բանիմաց փոխքաղաքապետեր են հարկավոր:

Քաղաքապետերի այսօրվա թեկնածուների մեջ ինձ ամենից շատ անհանգստացնում է փորձի պակասը: Խոսքս հատկապես Հայկոյի մասին է, որին ես շատ սիրում եմ: Նա լավ դերասան է և իրեն դրսևորել է որպես ակտիվ, սրտացավ քաղաքացի: Բայց մտածում եմ, որ եթե դառնա քաղաքապետ ու չկարողանա լավ աշխատել, ծանր սթրեսի կենթարկվի: Դա կլինի սթրես նաև Նիկոլ Փաշինյանի համար, որի գործունեությանը ես մեծ հարգանքով եմ վերաբերվում և կարծում եմ, որ նա իրավունք չունի սխալվելու:

Իհարկե, կան նաև այլ թեկնածուներ, օրինակ, Արտակ Զեյնալյանը, որին ես լուրջ մարդ եմ համարում: Նա իրավաբան է և կարող է լավ քաղաքապետ լինել իմ կարծիքով:

Զարուհի Փոստանջյանը, կարծում եմ, կարիք չունի քաղաքապետ լինելու, որովհետև ավագանու կազմում լինելով էլ կարողանում է ամեն ինչ տեղ հասցնել, բոլոր հուզող խնդիրներին սուր արձագանքել:

Զրույցը վարեց  Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930