Սկսենք փոքր-ինչ հեռվից: Աշխարհում կան միլիոնավոր մարդիկ, որոնք չեն հարում որեւէ կրոնական ուղղության, չեն հավատում տեսանելի աշխարհից դուրս գտնվող որեւէ ուժի: Դա նորմալ է՝ նրանց գործն է: Բայց այդ միլիոնավոր մարդկանց մեծ մասը չի սահմանափակվում իր «չհավատալով» եւ այս կամ այն ձեւով պայքարում է հավատացյալների դեմ: Դա կարող է լինել պայքար «հրով եւ սրով», ինչպես, օրինակ, բոլշեւիկներն էին անում, կարող է ընտրվել նաեւ ավելի մեղմ ձեւը՝ կշտամբելով, «դժվար հարցեր» տալով, ծաղրելով: Մարտնչող աթեիստների համոզմունքը նույնպես յուրահատուկ կրոն է, որը նրանք մեծ եռանդով քարոզում են:
Աշխարհում կան նաեւ տասնյակ միլիոնավոր մարդիկ, որոնք ունեն կրոնական համոզմունքներ: Այդ տասնյակ միլիոնների մեծ մասը, սակայն, չի բավարարվում հավատով եւ տարբեր ձեւերով պայքարում է չհավատացողների, աթեիստների, ինչպես նաեւ այլ կրոնական ուղղությունների դեմ: Այդ պայքարը երբեմն լինում է «հրով եւ սրով», ինչպես, օրինակ, միջնադարյան կաթոլիկների կամ ժամանակակից մահմեդականների մի մասի դեպքում, լինում է նաեւ անվերջ վեճերի, ագրեսիվ քարոզի, մերժողականության միջոցով:
Հարց է ծագում՝ ինչո՞ւ մարդիկ չեն սահմանափակվում իրե՛նց հավատով կամ անհավատությամբ ու կռիվ են տալիս այլ համոզմունքներ ունեցողների դեմ: Կարծում եմ՝ այն պատճառով, որ այդպիսով նրանց կյանքն ավելի հետաքրքիր եւ գունագեղ է դառնում: Միայն այդ «պայքարն» է նրանց հնարավորություն տալիս իրենց զգալ գոնե որոշ չափով «մարտիկ» եւ «առաքյալ», եւ, որն ամենակարեւորն է, նրանք հենց այդպես են ընկալվում մեծամասնության կողմից: Ասենք, քրիստոնյաներից ոմանց համար քիչ է պարզապես փորձել կատարել Աստծո պատվիրանները, անհրաժեշտ է նաեւ պայքար մղել այլ դավանանքների դեմ: Համ էլ՝ այդ պայքարին հետաքրքիր է հետեւել:
Իսկ հիմա կտրուկ շրջադարձ կատարենք եւ անդրադառնանք Երեւանի ավագանու ընտրարշավին, որը մեկնարկելու է երկուշաբթի օրը: «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը վերջերս կարծիք է հայտնել, որ «այս անգամ յուրահատուկ քարոզարշավ է լինելու՝ առաջին անգամ ոչ թե ընդդեմի, այլ հանունի պայքար»: Ինձ թվում է, «Ժառանգության» ներկայացուցիչը չափից դուրս լավատես է: Պայքարը դարձյալ կլինի ընդդեմ, այն ուղղվելու է… Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ-ի դեմ: Դա առաջին հերթին անտրամաբանական է թվում, չէ՞ որ նրանք չեն մասնակցում ընտրարշավին, եւ, հետեւաբար, կարիք չկա ընտրողներին համոզելու, որ այդ ուժին ձայն պետք չէ տալ: Բայց ասացեք խնդրեմ, ո՞րն է ավելի հեշտ՝ առաջարկել մայրաքաղաքի բազմաթիվ ծանրագույն խնդիրների լուծման եղանակնե՞րը, թե՞ բոցաշունչ ճառեր արտասանել այն մասին, թե ինչպես է Տարոն Մարգարյանն ավերել, ապականել եւ թալանել մեր հարազատ քաղաքը (անկախ նրանից, թե որքանով է դա ճիշտ կամ սխալ): Եվ ո՞ր դեպքում են ավագանու թեկնածուներն ավելի ընկալելի եւ սիրելի դառնալու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կրոնի մասին դատողություններ անել, առանց անդրադառնալու նրա ծագմանը, էվոլյուցիային, ձևախեղումներին ու զարգացմանը, նույնն է, որ բույսի մասին տրակտատ գրել՝ նկարագրելով միայն տերևի ձևը, առանց անդրադառնալու նրա արմատին, ցողունին և պտուղներին։
Դիտարկենք շրջապատող աշխարհի վերաբերյալ երկու ընկալում՝
1․ ազատ ոճի երևակայական կամ որ նույնն է կրոնական
2․ գիտական
Այսօր հաշվվում հավատացյալների մոտ 5 հազար խումբ, որոնք ծագում են մոտ 10 կրոններից և տարանջատվում նրանցից բազմաթիվ աղանդավորական խմբերով ու խմբակներով։ Այդ խմբերից յուրաքանչյուրը առաջնորդվում է թեև երևակայական, սակայն դոգմայի վերածված սկզբունքներով և այդ դոգմաների վերաբերյալ տրված ցանկացած ՛՛դժվար հարց՛՛ դիտվում է որպես սրբապղծություն, կամ լավագույն դեպքում՝ սատանայի գայթակղություն․․․
Գիտության մեջ ոչ միայն չկան դոգմաներ, այլ նաև խրախուսվում և քաջալերվում է ցանկացած ՛՛դժվար հարց՛՛, որի պատասխանը գտնե՛լն է հենց հենց իր առաքելությունը, և այդ գտնված պատասխանը դառնում է օրենք և առաջ մղում մարդկությանը։
Դառնալով մեր երկրի քաղաքական իրավիճակին պետք է արձանագրենք, որ դոգմատիկների խումբը, որ ավելի քան 20 տարի կեղեքում էր իրավազրկված հանրությանը, դեգրադացվելով վերածվել էր մի յուրատեսակ քաղաքական աղանդի, որտեղ տվյալ պահի առաջնորդը իրենց հայրն էր, որի ասածները ոչ թե քննարկում էին, այլ․․․ ի գիտություն ընդունում։ Բարեբախտաբար հասարակությունը կարողացավ իր մեջ ուժ գտնել, թոթափել աղանդավորների լուծը և հաստատել օրենքների գերակայությունը մերօրյա շամանների նկատմամբ, որոնք այլևս պատմության գրկում են գտնվում և վերակենդանացման որևէ շանս չունեն, այնպես, որ ես ոչ թե դեմի, այլ կողմի կողմնակից եմ և ներկայացնում եմ իմ նախընտրած երեք գումարելիները։
1․ Հայկ Մարության
2․ Րաֆֆի Հովհաննիսյան
3․ Արտակ Զեյնալյան
Հիշեցում՝ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ ։)
« մի յուրատեսակ քաղաքական աղանդ, որտեղ տվյալ պահի առաջնորդը իրենց հայրն էր, որի ասածները ոչ թե քննարկում էին, այլ․․․ ի գիտություն ընդունում։ »
իսկ իշխնաւորների նոր խումբը բնաւ չի՞ նմանիր այս սահմանումին…
նոյնիսկ մի քիչ աւելի, նկատի ունենալով որ, ի տարբերութիւն նախկին նախագահներին – բացի թերեւս, գոնէ պահ մը, առաջինից – , երկրի այժմու գերագոյն ղեկավարը երկնային հանգամանքով Փրկիչի, Մեսիայի հետ շփոթողներ կան, եւ Նրա – բառին վարդապետական իմաստով – երկրպագուները չեն սահմանափակուիր միայն կուսակցական պատկանելիութեամբ, կամ ուղղակի եւ իրական շահագրգռութեամբ.
եւ դեռ սկիզբն ենք…
եթէ ուզում էք որ այս շարժումը իսկապէս տեղ հասնի, մտածեցէք նաեւ արժանի ընդդիմութիւն գոյացնելու մասին. եւ մի վախնաք որ որեւէ քննադատութիւն համազօր է «հակա-յեղափոխականութեան».
հաւանաբար մտածում էք որ դա – ընդդիմութեան գոյացումը – գալու է յաջորդական հանգրուանի մը. սակայն կարող է որ այդպէսով, ուշ լինի…
Եթե ընդդիմությունը արժանի է, ապա այն իրեն գոյացնելու կարիք չունի, իսկ եթե հարկ լինի, նա ինքը այլոց ՛՛կգոյացնի՛՛․․․
Շտապելու և ժամանակից առաջ ընկնելու կարիք ամենևին չկա։ Նախ՝ Ա, հետո՝ Բ, և այլն․․․