Ազգերի լիգայի մեկնարկային խաղում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը տանը 2:1 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին:
Հետխաղային մամուլի ասուլիսում Վարդան Մինասյանն ասաց, որ հաղթանակը շատ կարեւոր էր եւ գոհ է հաշվից: Հիշեցնենք, որ նախորդ ասուլիսում Մինասյանն ասել էր, թե իր համար Ազգերի լիգայի յուրաքանչյուր խաղ փոքր եզրափակիչ է:
Սակայն մարզիչը իր սաներից խաղադաշտում իր սպասածը տեսավ դրվագաբար: Նրա խոսքով, առաջին խաղակեսում վնասվածքի պատճառով ֆուտբոլիստի փոխարինումից հետո ստիպված եղավ փոխել մարտավարությունը: Մասնագետին մտահոգում է այն, որ գոլային բազմաթիվ պահերն իրացնել չստացվեց: Մարզիչն ասաց, որ Մակեդոնիայի հետ խաղում թիմի կազմում փոփոխություններ կլինեն: Նաեւ ավելացրեց, որ հենց այս պահին մինչ ինքը զրուցում է լրագրողների հետ, թիմի բժիշկները, սննդակարգին հետեւողները եւ սպասարկող անձնակազմն զբաղված է ֆուտբոլիստների վերականգնումով եւ Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպմանը նախապատրաստելով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ