Պաշտպանության փոխնախարարը՝ կառավարության անդամների՝
բանակում չծառայած լինելու եւ ՊՆ-ում չարաշահումների մասին
Վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ են սկսվել, թե բարձրաստիճան պաշտոնյաների զավակները, որոնք ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից, ինչքանո՞վ են զարտուղի ճանապարհների դիմել, այսինքն՝ օրինակա՞ն հիմքով են ազատվել, թե՞ անօրինական: Սրան զուգահեռ՝ այս կառավարության անդամների զգալի մասը պարտադիր զինվորական ծառայություն չի անցել: «Հետքը» հրապարակել էր, թե ինչ հիմքով են նրանք ազատվել զինծառայությունից: Խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետներ Արարատ Միրզոյանի, Տիգրան Ավինյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, նրա տեղակալ Սարգիս Խանդանյանի, վարչապետի խորհրդականի, օգնականների, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, Տնտեսական զարգացման եւ ներդրումների, առողջապահության նախարարների, ինչպես նաեւ սփյուռքի, արդարադատության ու բնապահպանության փոխնախարարների եւ կառավարության մի շարք այլ անդամների՝ պարտադիր զինծառայությունից ազատվելու մասին է:
«Առավոտի» հետ զրույցում այս առնչությամբ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը մեր հարցին, թե սա չի՞ ազդի հավաքագրումների վրա, կառավարության անդամների՝ բանակում չծառայած լինելը վատ ազդակ չէ՞ մյուս երիտասարդների համար՝ անկախ նրանից, թե նրանք ժամանակին ինչ հիմքերով են ազատվել, մեկը՝ առողջապահական խնդիրներով, մյուսը՝ ուսման տարկետման, մեկ ուրիշը՝ երկու եղբայրների ծառայած լինելու հանգամանքով, պատասխանեց. «Եթե օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում է եղել, օբյեկտիվ պատճառներ են եղել, որեւիցե խնդիր ես չեմ տեսնում»: Մեր դիտարկմանը, որ նախկին կառավարությունից էլ, օրինակ, առողջական հիմքով պաշտոնյաների զավակներ էին ազատվել բանակից, հետո պարզվեց, որ այդպես չէր, Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Եթե օրենքով առկա հիմքերը բավարար են եղել, եթե մարդը առողջական հակացուցում է ունեցել, զինվորական ծառայության հետ անհամատեղելի է եղել նրա առողջական վիճակը, պետք է ազատվեին: Հիմա էլ կան բազմաթիվ դեպքեր: Ես ուրիշ տեսանկյունից գամ՝ արդյո՞ք դա մարդու իրավունքների խախտում չի, եթե առողջական ցուցումով անհամատեղելի է անձի առողջական վիճակը եւ զինվորական ծառայությունը, եւ մարդուն զորակոչում ես բանակ: Դա մարդու իրավունքի խախտում չի՞ գնահատվի»:
Գաբրիել Բալայանն ասաց, որ պաշտոններ կան, որոնք ենթադրում են զինապարտ լինելը, բայց պաշտոններ կան, որոնք չեն ենթադրում. «Օրինակ՝ նախարարի պաշտոնը որեւիցե կերպ, որեւիցե իրավական ակտով զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքով չի պայմանավորվում: Այստեղ իրավական խնդիր է: Եթե օրենքը չի պարտադրում, ապա ի՞նչ հիմքով պետք է արգելել պաշտոն ստանալ: Եկեք պոզիտիվ կողմից գանք, դա միանշանակ կդիտարկվի մարդու իրավունքների խախտում»:
Գաբրիել Բալայանը ուշագրավ տեղեկություն հայտնեց՝ վերջին զորակոչի տվյալներն աննախադեպ են եղել. «Ես թիվը չեմ կարող հրապարակել, բայց զորակոչի տվյալները բավական բարձր են եղել, քան նախկին զորակոչերի ընթացքում: Միանշանակորեն կարող եմ ասել, որ այն վարչարարությունը, որը ներկայումս իրականացնում է պաշտպանության նախարարությունը, արդեն տալիս է իր արդյունքները: Ես ցավոք չեմ կարող թիվը հրապարակել, բայց աննախադեպ բարձր ցուցանիշ ունենք զորակոչի»:
Մեր հարցին՝ դա ինչի՞ մասին է խոսում, որ նախկինում կոռուպցիոն ինչ-ինչ գործարքներով ազատվել են բանակից, հիմա դա չկա՞, Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Ես չեմ կարող դա մեկնաբանել, կարող եմ ասել, որ ներկա դրությամբ, վերջին ամիսների ընթացքում իրականացվող վարչարարությունը տալիս է իր արդյունքները»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ՊՆ-ում վառելիքի չարաշահումների հետ կապված բացահայտումներ եղան, նաեւ զինվորական հագուստի անորակ լինելու հետ կապված հրապարակումներ, ֆինանսական նման չարաշահումները, կոռուպցիոն գործարքները կանխարգելելու ի՞նչ քայլեր եք ձեռնարկում: Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Չե՞ք գտնում, որ եթե ռազմական ոստիկանությունը բացահայտում է կատարում եւ հանրությանը հայտնում է դրա մասին, կամ համապատասխան մեր ստորաբաժանումները հայտնաբերում են այդ խախտումները, ոչ միայն կանխում են, այլեւ նախականխում են հետագա հանցագործությունների իրականացումը»:
Թե ինչո՞ւ նորմալ չի վերահսկվում, որ, օրինակ, վառելիքը չկարողանան գողանալ, վերահսկողական լծակները չե՞ն գործում, բանը բանից անցնում է, չարաշահումն անում են, բռնվեցին՝ բռնվեցին, Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Հենց այն է, որ վերահսկողական լծակներն աշխատել են, որ սա բացահայտվել է, ասեմ ձեզ»: Բալայանն ասաց, որ զինվորական շապիկների որակի հետ կապված արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում են բացահայտել, որ որակը չի համապատասխանում. «Ձեր ասած վերահսկողական ու հսկողական կառուցակարգերն աշխատել են, որ բացահայտվել է, համապատասխան հանցակազմի հիմքով հարուցվել է քրեական գործ, եւ նախաքննություն է իրականացվում: Ավելի ինֆորմացիա չեմ կարող տալ, որովհետեւ նախաքննական տվյալ է համարվում»:
Պաշտպանության փոխնախարարը նաեւ ասաց, որ առաջիկայում չի նախատեսվում զինվորական համազգեստի գույնը, տեսքը փոխել, աշխատում են միայն այն որակապես բարելավել: Նոր որակի շապիկները զինվորներին կառաքվեն մոտ ապագայում, իսկ զինվորական որակյալ կոշիկներն ու համազգեստները՝ հավանաբար հունվարից:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
06.09.2018