Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը կարող է թանգարան դառնալ»

Սեպտեմբեր 07,2018 14:30

Մտորումներ անցումային արդարադատության շուրջ

«Այդտեղ իրականում ուղերձ կար` ուղղված դատական իշխանությանն այն իմաստով, որ կարող են օգտագործվել նաեւ այլ մեթոդներ, եւ դուք էլ կարող եք դրա առարկա դառնալ: Այսինքն՝ այլընտրանքային տարբերակների կիրառման մասին է խոսքը, եւ այնպես չէ, որ դուք ինչ ցանկանաք, կանեք` ձեզ համարելով անկախ դատական համակարգ»,- «Առավոտի» հետ զրույցում, պատասխանելով հարցին` ի՞նչ նպատակ ուներ Նիկոլ Փաշինյանի կողմից անցումային արդարադատության մասին հայտարարությունը, ասաց Քաղաքացիական հասարակության ինստիտուտ իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանը:

Հիշեցնենք. անցումային արդարադատության մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքում: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն իր առաջարկն այսպես պարզաբանեց. «Ինչո՞ւ ենք մենք այդ մասին խոսում հիմա, որովհետեւ կան իրավիճակներ, երբ իրավապահ մարմինները զեկուցում են, որ մարդկանց հաշիվների վրա կան միլիոնավոր դոլարներ: Ակնհայտ է, որ դրանք հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ են, իսկ այսօրվա մեր քրեաիրավական կարգավորումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում այդ գումարների ծագումնաբանությունը քննելու եւ դրանք վերադարձնելու համար»:

Դիտարկմանը, որ այդ հայտարարությունը շատերն ընդունեցին եւ մեկնաբանեցին իբրեւ միջամտություն դատական համակարգին, Արտակ Կիրակոսյանն ասաց, որ իր կարծիքով՝ իբրեւ քաղաքական գործիչ, իբրեւ իշխանության մի թեւ, իբրեւ վարչապետ, Նիկոլ Փաշինյանը կարող է կարծիք հայտնել, իր մոտեցումները ներկայացնել, բայց ուղղակի ճնշման մասին խոսել այս պարագայում չի կարելի: Հիշեցնում է` դա «նախկինների» գործելաոճն էր: Ասում է` որոշակի բարոյական եւ քաղաքական ճնշման մասին գուցե կարելի է խոսել, բայց դա էլ ինքը նորմալ է համարում: Ավելին, կարծում է` դա նաեւ պետք է արվի:

Ինչ վերաբերում է անցումային արդարադատության կիրառմանը, ապա մեր զրուցակիցը կարեւորում է այն, թե հատկապես ո՞ր ոլորտների կամ ինչի՞ մասին է խոսքը: Շրջանառվող տարբերակներից մեկով էլ խնդիրը վերաբերում է նախկին իշխանությունների օրոք ի հայտ եկած, բայց ընթացք չստացած հանցագործություններին կամ նոր բացահայտված հանցագործություններին, որոնք պետք է այլ մեխանիզմով քննվեն: Այս պարագայում մեր զրուցակիցը չի կարծում, որ անցումային արդարադատությունը լավ նախադեպ կարող է լիել: «Լավ չէ՝ այն իմաստով, որ մենք, փաստորեն, կրկնակի տիպի դատավարություններ ենք ունենալու. այսօր քրեական հանցանք կատարածների հարցերը մի համակարգ է քննելու, իսկ նախորդների համար այլ մեխանիզմ է ստեղծվում: Ես հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը դա նկատի չուներ, որովհետեւ այդտեղ իսկապես վտանգավոր տարր կա, առավել եւս, որ 1995 թվականից հետո մեր ե՛ւ Սահմանադրությունը, ե՛ւ քրեական օրենսդրությունն այնպես կառուցված չեն եղել, որ իրավունքի սկզբունքին հակասեն»,- ասում է մեր զրուցակիցը` բերելով Հարավային Աֆրիկայի կամ ֆաշիստական Գերմանիայի օրինակը, որտեղ օրենքները հակասել են իրավունքին, եւ եթե ինչ-որ մեկն ասում էր, որ օրենքով է գործել, նրան հակադարձում էին, որ այդ օրենքները հակաիրավական են եղել, ուստի թեեւ ամեն ինչ ինքն օրենքով է արել, միեւնույն է` հանցագործություն է արել: Մինչդեռ Հայաստանում մենք նման իրավիճակ չենք ունեցել. «Այն խախտումները կամ հանցագործությունները, որոնք արվել են իշխանավորների կողմից, եղել են գործող օրենքների եւ Սահմանադրության խախտումներով: Ու այդ իմաստով, կարծում եմ, ճիշտ է, որ այդ գործերը քննվեն սովորական քրեական ընթացակարգով: Դա վերաբերում է եւ Ռոբերտ Քոչարյանի դեպքին, եւ մնացած բոլոր դեպքերին»:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երկրորդ մոտեցումը ներկայացրեց` եղել են մարդու իրավունքների տարատեսակ խախտումներ, անիրավություններ, եւ այդ մարդկանց նկատմամբ արդարությունը պետք է վերականգնվի, բայց քանի որ գործող օրենսդրության շրջանակներում դա հնարավոր չէ անել, ապա քաղաքական պատվերի զոհ դարձած մարդկանց իրավունքները վերականգնելու համար այլ մեխանիզմներ կարող են կիրառվել` արդարացնելու տեսանկյունից: Կա նաեւ երրորդ մոտեցումը, որը մեր զրուցակիցն ամենահետաքրքիրն է համարում. այն վերաբերում է տնտեսական հանցագործություններին, ապօրինի հարստացմանը. «Թեկուզ ֆորմալ իմաստով պահպանելով ընթացակարգերը` սուտ աճուրդներով կամ այլ ձեւերով տարբեր հարստությունների են տիրացել` սկսած գյուղապետերից, վերջացրած տարբեր բարձրաստիճան այրերով: Այս խնդիրների խումբը ամենամեծն է»: Արտակ Կիրակոսյանն իրապես լուրջ քննարկման հարց է համարում, թե ի՞նչ մեխանիզմներով կարող ենք դրանք վերականգնել իբրեւ հանրային սեփականություն: Այս թեման մեր զրուցակիցը երկու մասի է բաժանում` որոշ դեպքերում ինչպե՞ս վերականգնել հանրային սեփականությունը, եւ ինչպե՞ս կանխել առաջիկայում նման գործընթացները:

Հարցին` հանրային սեփականությունը վերականգնելիս ինչպե՞ս պետք է խուսափել կուլակաթափության դեպքերից, Արտակ Կիրակոսյանը պատասխանեց. «Այստեղ կարեւոր են տարբերակումները. մի բան է, երբ ինչ-ինչ ճանապարհներով տիրացել ես, ասենք, գործարանի, բայց այդ գործարանն աշխատեցնում ես եւ, ըստ էության, հանրօգուտ գործ ես անում, աշխատատեղ ես ստեղծել, իհարկե օգուտ էլ ես ստանում, կամ ինչ-որ շինության ես տիրացել, այն վերածել ես հյուրանոցի, այն աշխատում է, հարկեր ես վճարում, տուրիզմ է զարգանում եւ այլն: Այլ հարց է, երբ դու տիրացել ես մի տարածքի, կառուցել ես մի քանի հարկանի պալատ, որտեղ բնակվում ես քո ընտանիքով՝ այն դեպքում, երբ բազմաթիվ անտուն մարդիկ կան: Այստեղ կարող են շատ հետաքրքիր մեխանիզմներ աշխատել, երբ պետությունը հարկային կամ այլ միջոցներով այնպիսի իրավիճակ ստեղծի, որ տնտեսապես ձեռնտու չլինի պալատ ունենալը, եւ մարդն ինքնակամ այն հանձնի իբրեւ հանրային սեփականություն»: Մեր զրուցակիցը համաձայն չէ, որ դա էլ ճնշում է մարդու վրա: Ասում է. «Ունեցվածքը, որը հանրային ռեսուրս է եղել, շարունակում է մնալ հանրայն ռեսուրս: Օրինակ՝ մոտեցումներից մեկը կարող է լինել` եթե Հովիկ Աբրահամյանն իր Մոնումենտի պալատը վերածի թանգարանի, թեկուզ դրանից եկամուտ ստանա, բայց հարկեր վճարի»: Հիմնական խնդիրը, ըստ Արտակ Կիրակոսյանի, շրջանառու կապիտալի եւ զուտ «ձեռք գցած» ունեցվածքի տարբերակումն է, որ գործընթացը չվերածվի այս կամ այն անձի նկատմամբ հաշվեհարդարի, այլ մնա գույքային իրավունքի շրջանակներում:

Անցումային արդարադատության կիրառումը մեր զրուցակիցը շատ կարեւոր է համարում նաեւ բարոյահոգեբանական իրավիճակի առողջացման համար, որ մարդիկ թաքուն նախանձով չնայեն եւ չերազեն, որ իրենք էլ ինչ-ինչ տարբերակներով մի բանի տիրանան եւ միջնադարյան իշխանների նման փոխանցեն իրենց հարստությունը թոռներին, այլ նման շքեղ ապրելակերպը տնտեսապես ձեռնտու չլինի եւ հասարակության կողմից մերժելի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

06.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930