Մարդիկ քիչ է մնում «Սանիթեքի» աշխատակցին ծեծեն
Այս ամռանը երեւանցիների շրջանում ամենաշատ քննարկվող թեման ոչ թե ավագանու առաջիկա ընտրություններն են, այլ աղբը կամ աղբահանությունը: Մարդիկ իրար տեսնելով, կարելի է ասել, բարեւի փոխարեն հարցնում են՝ «էս աղբի հարցը ե՞րբ է լուծվելու»:
Մայրաքաղաքում չկա մի թաղամաս ու փողոց, որտեղ աղբամաններն օրերով լեփ-լեցուն չլինեն: «Սանիթեքը» կարծես թքած ունի տուգանվելու եւ երեւանցիների բողոքների վրա:
Օգոստոսին «Սանիթեքը» տուգանվեց 12 միլիոն դրամով, բայց դա դաս չեղավ. Երեւանը շարունակում է հսկա աղբակույտերի մեջ մնալ: Մայրաքաղաքը նույնիսկ հիշեցնում է Իտալիայի երբեմնի «մաֆիոզ» Նեապոլ քաղաքը: Տարիներ առաջ այս քաղաքում «աղբի ճգնաժամ էր», քաղաքը աղբի մեջ կորած էր, տեւական ժամանակ աղբահանություն չէր լինում: Ճիշտ է, այնտեղ աղբահանության թիկունքում տեղի մաֆիան էր կանգնած, որը ֆինանսական շահերից ելնելով շահագրգռված էր, որ աղբը չհավաքեն, բայց այդ քաղաքում լուծման համար բողոքի ցույցեր եղան, մարդիկ կոչ էին անում գնդակահարել բոլոր մեղավորներին:
Երեւանում սիրո եւ համերաշխության, թավշյա հեղափոխությունից հետո եւ նույնիսկ դրանից առաջ էլ իտալական «կրքեր» չեն բորբոքվել: Մեզ մոտ կարելի է ասել՝ «աղբի ու համերաշխության» մթնոլորտ է: Բայց դե, իրականում քաղաքացիների նյարդերն արդեն տեղի են տալիս, համբերության բաժակը լցվում է: Օրերով աղբահանություն չիրականացնելու արդյունքում անգամ կռիվ է լինում «զիբիլի մարդու» եւ բնակիչների միջեւ: Օրերս ականատես եղանք, թե ինչպես Մալաթիա համայնքի մի խումբ բնակիչներ վեճի էին բռնվել բազմահարկ շենքի աղբատարի աղբը աղբաման տեղափոխող «Սանիթեքի» աշխատակցի հետ, զայրացած բնակիչները քիչ էր մնում խեղճ բանվորին ծեծի ենթարկեին:
Աղբահանության ուշացմանն ուրախ են միայն կրծողները. ակտիվացել են առնետները. կուտակված աղբն իսկական խրախճանքի առիթ է այս վտանգավոր կրծողների համար:
Եթե միայն կուտակված աղբը մնար աղբամանում… վառ երեւակայություն ունենալ պետք չէ՝ պատկերացնելու համար, թե քամոտ օրերին օդում ու փողոցներում ինչերի կարելի է հանդիպել, աղբամանից ու դրանից դուրս թափված աղբի ինչ «նմուշներ են» տարածվում շուրջբոլորը, գարշահոտությունն էլ տարածվում է կիլոմետրերի վրա:
Հսկայական աղբակույտերը մայրաքաղաքի ոչ միայն ծայրամասային կամ երկրորդական փողոցներում են, այլեւ հենց կենտրոնական:
«Սանիթեքը» մինչ տուգանվելը ներողություն էր խնդրել քաղաքացիներից: Բայց ներողություն, այդ ներողությունով երեւանցիների զայրույթը չի մեղմվում, աղբն էլ չի վերանում: Թեեւ «Սանիթեքը» վստահեցրել էր, թե առաջիկայում մի քանի նոր մեքենաներ կհասնեն Հայաստան, ինչի արդյունքում աղբահանությունը կկարգավորվի, սակայն այդ խոստումից անցել է մեկ ամիս, ու խնդիրը չի լուծվել, մեքենաները կարծես թե դեռ չեն հասել: Այս եւ այլ հարցերի առնչությամբ «Առավոտը» գրավոր հարցում էր ուղարկել «Սանիթեքին», հարցումից անցել է օրենքով սահմանված 5 աշխատանքային օրը, բայց ընկերությունը չի էլ արձագանքել:
Մինչ «Սանիթեքի» մեքենաները տեղ կհասնեն՝ թվում էր, թե քաղաքային իշխանությունը մի բան կնախաձեռներ, վերջը իշխանությո՞ւն են, թե՞ «Սանիթեքին» միայն փող տվող: Դժվար չէր որպես օգնություն ներգրավել աղբատար մի քանի մեքենաներ, դրանք գուցե հնարավոր կլիներ վարձել մոտակա մարզերի աղբահանող կազմակերպությունից: Ի վերջո, աղբահանության խնդիրը լուծելու հազարումի ձեւ ու հնարավորություն կա:
Աղբահանությունը մեր քաղաքում այնպիսի վիճակի է հասել, աղբն այն աստիճանի է կուտակվում ու օրերով մնում փողոցներում, շենքերի աղբատարներում, որ անգամ առողջապահության նախարարությունն է մտահոգվել՝ խնդիրը սպառնում է առողջական խնդիրներով: «Շոգ եղանակին զգալիորեն արագանում են աղբի նեխման գործընթացները: Աղբի կուտակման վայրերից քամու միջոցով տարածվում է նեխմամբ պայմանավորված գարշահոտություն, առաջացող ծծմբաջրածինը եւ ամիակը մթնոլորտում անգամ փոքր կոնցենտրացիայի դեպքում կարող են գրգռիչ ազդեցություն ունենալ շնչառական ուղիների եւ աչքերի լորձաթաղանթի վրա` ծանրացնելով քրոնիկ թոք-սրտային եւ ալերգիկ հիվանդությունների ընթացքը…»,- հայտարարել է առողջապահության նախարարությունը:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
06.09.2018