Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունից հօգուտ քաղաքացու կբռնագանձվի՞ 250.000 դրամ

Սեպտեմբեր 07,2018 13:30

Արդարացման դատավճռից հետո

2015 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ էր հարուցվել Ռ. Խաչատրյանի նկատմամբ: Ըստ հաղորդման, քաղաքացին, ինքնությունը չպարզված ոմն Տիգրանի հետ, հոկտեմբերի 24-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 0010 բաժանմունքում մոտ 15 րոպե տեւողությամբ «բացահայտ անհարգալից վերաբերմունք» է դրսեւորել «Հայփոստի» աշխատակիցների նկատմամբ, վիճաբանել են հաղորդում տվածի՝ Գրիգորի հետ. «Ռ. Խաչատրյանը հայհոյել է, բռունցքով երկու անգամ հարվածել է նրա դեմքին, իսկ ոմն Տիգրանը ընկերության գույք հանդիսացող աթոռները նետել է աշխատակիցների ուղղությամբ»:

Թե առաջին ատյանի դատարանում, թե վերաքննիչ քրեական դատարանում դատաքննության ընթացքում նրա՝ որպես ամբաստանյալի շահերը պայմանագրային կարգով, որոշակի վարձատրության դիմաց պաշտպանել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, «Լեքս ֆակտոր» ՍՊԸ տնօրեն Կ. Հակոբյանը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու տարի առաջ կայացրած դատավճռով Ռ. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքում արդարացրել է` ճանաչելով եւ հռչակելով անմեղությունն այդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ, մեղսագրված արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Դատավճռի դեմ նյութական եւ դատավարական նորմերի խախտման հիմքով բողոք են ներկայացրել գործով մեղադրողները` խնդրելով դատավճիռն ամբողջությամբ բեկանել, Ռ. Խաչատրյանին մեղավոր ճանաչել եւ նրան դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով:

2016թ. օգոստոսի 1-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Ա. Մարտիրոսյանի եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի վերաքննիչ բողոքը մերժել:

2016 թվականի ապրիլի 13-ի արդարացման դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, սակայն մինչ օրս արդարացվածի վնասը չի փոխհատուցվել:
Խնդիրն այն է, որ պաշտպանությունն իրականացրած փաստաբանը չի վճարվել ամբողջությամբ, իսկ ընդհանուր իրավասության դատարանը մասնակի է բավարարել պետությունից հօգուտ ամբաստանյալի բռնագանձվելիք գումարը:

Ըստ արդարացված քաղաքացու՝ իրեն անհիմն ամբաստանելու եւ վերաքննիչ ատյանում անհիմն բողոք ներկայացնելու պատճառով հասցվել է մոտ 500.000 ՀՀ դրամի վնաս, քանի որ ինքը ստիպված է եղել իր օրինական շահերը պաշտպանելու նպատակով նշված գումարը վճարել փաստաբանական ծառայություններից օգտվելու համար:
Պատասխանող՝ ֆինանսների նախարարության ներկայացուցիչն առարկել է, հայտնելով, թե՝ «ի սկզբանե սույն գործով իր վերաբերյալ քննվող քրեական գործով եղել է հիմնավոր կասկած, իսկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, արդարացնելով ամբաստանյալ Ռ. Խաչատրյանին, արձանագրել է, որ ամբաստանյալի կողմից կատարվել է արարք, որը պարունակել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի որոշակի տարրեր: Ավելին, դատարանը չի արձանագրել նախաքննական մարմնի կողմից կատարված որեւէ անօրինական գործողություն, որով խախտվել են Ռաֆայել Խաչատրյանի իրավունքները եւ ազատությունները: Այդ պատճառով անհիմն է հայցվորի պնդումը, թե նրան վնաս է պատճառվել նախաքննական մարմնի կողմից անհիմն մեղադրանք առաջադրելու պատճառով»:

Պատասխանողը որպես փաստարկ նշել է, որ սեփական իրավունքների պաշտպանության վրա ծախսվելիք գումարների մեծությունը որոշելու խնդիրը յուրաքանչյուրի իրավունքն է, եւ որ պաշտպանի աշխատանքի վարձատրության չափորոշիչ պետք է ընդունել հանրային պաշտպանի վարձատրության չափը, սակայն այդպես էլ չի նշել, թե ինչպես է այդ հաշվարկը կատարվելու:
Դատարանը փաստաբանի վարձատրության հարցը դիտարկելով «Դատախազության մասին» եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքների դատախազի եւ փաստաբանի վարձատրության տեսանկյունից` արձանագրում է, որ ելնելով ընդհանուր տվյալներից, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում դրանք չեն կարող համարել խելամիտ՝ առաջին դեպքում ակնհայտ ցածր, իսկ երկրորդ դեպքում ակնհայտ բարձր: Մասնակի բավարարելով հայցը, ողջամիտ դիտորդի տպավորությամբ, դատարանը ոչ նալին է խփել, ոչ՝ մեխին: Ինչը նույնպես կբողոքարկվի արդարացվածի կողմից, իսկ նման օրինակներն առաջինը չեն:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

06.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930