Մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան նախօրեին՝ սեպտեմբերի 7-ին, Ազգային օպերային թատրոնում կկայանա հիշատակի համերգ, ծրագրում՝ միայն Դուրյանի ռոմանսները (մաեստրոն կդառնար 96 տարեկան): Դիրիժորի վերջին բեմելը Երեւանում տեղի ունեցավ 2005թ. հունիսի 7-ին, Կամերային երաժշտության տանը՝ «Օհան Դուրյանը՝ երգահան» խորագրով, որից հետո նա հեռացավ Հայաստանից, հրաժեշտի համերգներ ունենալով Մոսկվայում, իսկ ավելի ուշ՝ 2008թ., արվեստագետը վերադարձավ Հայաստան, միացավ ստեղծված քաղաքական ընդդիմադիր շարժմանը, անգամ վերադարձրեց պետական բարձրագույն պարգեւը:
Մասնագիտական կրթություն ստանալով ծննդավայրում՝ Երուսաղեմում, Դուրյանը երիտասարդ տարիքում տեղափոխվում է Եվրոպա, բնակություն հաստատում Փարիզում: 1940-ականների վերջերին հայրենադարձվել է եւ մինչեւ 50-ականները ղեկավարել Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը: Իսկ 1960-ականների սկզբներին նա արդեն հանդես էր գալիս Լայպցիգի հռչակավոր Գեւանդհաուս նվագախմբի հետ՝ չգործածելով պարտիտուր եւ դիրիժորական փայտիկ: Նաեւ այդ պատճառով նա դառնում է գերմանական երաժշտական կյանքի ֆենոմեններից մեկը՝ ստանալով «խոսուն ձեռքեր» անունը: Հայ դիրիժորը երկու անգամ նշանակվում է Գեւանդհաուսի երգչախմբի ղեկավար, մամուլն էլ նրան սկսում է համեմատել Բեռնշտայնի, ֆոն Կարայանի, Տոսկանինիի հետ: 1960-ականների վերջին Լայպցիգի օպերային թատրոնում նա ղեկավարում է «Դոն Կառլոս» օպերան: 1998-2001թթ. հանդիսացել է Երեւանի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր:
Դուրյանի ստեղծագործական երեւանյան երկրորդ շրջանը, մեղմ ասած՝ այնքան էլ հարթ չի ընթացել, ինչին քանիցս անդրադարձել ենք: Օրինակ՝ «Առավոտի» 2000թ. մայիսի 8-ի համարում՝ «Արվեստը զոհեր է պահանջում կամ զոհի դերում՝ Օհան Դուրյան» վերնագրով հոդվածում հարցին, թե մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ իր ղեկավարությամբ օպերային թատրոնի նվագախմբի Բրուքների 5-րդ սիմֆոնիայի կատարումը անցել է անշլագ, բայց դահլիճի վարձակալության եւ հրավիրատոմսերի տպագրության ծախսերը հոգացել է անձամբ՝ հանդիսանալով թատրոնի գլխավոր դիրիժորը, նա պատասխանել էր, թե ղեկավարել է ավելի քան 100 նվագախումբ ու, բնականաբար, «շփվել» հարյուր հազարավոր հանդիսատեսի հետ, բայց մաեստրոյի խոսքերով՝ «մեր հանդիսատեսն ուրիշ է, չեմ ընդունում հովանավորի առկայությունը: Կանեն՝ լավ, չեն անի՝ էլի լավ: Ես չեմ կարող խնդրել: Բայց տեսա՞ր, իմ ժողովուրդը եկել ու լսում էր դժվարամարս Բրուքներ… Բայց խնդրում եմ՝ չգրես, մեկը գիտի, թող հարյուրը չիմանա, թե Դուրյանը իր միջոցներով դահլիճ է վերցնում… Ընդհանրապես ոչինչ մի գրի, բայց փաստ է՝ թողեցի ամեն ինչ ու եկա հայրենիք, որի համար չեմ փոշմանել: Թող գան ու հարցնեն՝ էդ միջոցները որտեղի՞ց, մանավանդ քանի ամիս է՝ աշխատավարձ չեմ ստանում… Էս էլ իմացիր՝ վերեւներից ոչինչ չեմ ակնկալում ու չեմ ուզում…»:
Անդրադառնալով օպերային թատրոնում կայանալիք կամերային համերգին, նշենք, որ ելույթ կունենան սոպրանո, վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը, տենոր Ռուբեն Նուրիջանյանը՝ կոնցերտմայստեր, վաստակավոր արտիստ Օլգա Խաչիկյանի ընկերակցությամբ: Մեզ հետ զրույցում Մագդա Մկրտչյանը հիշեց, որ թատրոնում իր առաջին բեմելը 2000թ. Վերդիի «Տրուբադուրում» էր, Լեոնորայի դերերգով, Դուրյանի հրավերով եւ ղեկավարությամբ. «Մաեստրոյի ղեկավարությամբ մասնակցել եմ ոչ միայն դերերգերով, այլեւ համերգային կատարումներով, օրինակ, հիշում եմ Վագներյան գալա համերգը կամ 2001թ. Լոս Անջելեսում Վերդիի Ռեքվիեմը եւ այլն: Նշեմ, որ հենց մաեստրոյի նվագակցությամբ ձայնագրել եմ նրա ռոմանսներից եւ նպատակ ունեմ առաջիկայում դրանք մեկտեղել CD-ում»: Դիտարկմանը, թե Օհան Դուրյանի, դիպուկ ասած՝ կոնֆլիկտային բնավորության մասին մինչ օրս լեգենդներ են պտտվում, սոպրանոն ասաց. «Նման խոսակցությունների պատճառը գուցե մաեստրոյի չափից ավելի պահանջկոտ լինելն էր: Այո, նա այդպիսին էր: Բայց իմ խորին համոզմամբ՝ հենց դրանով էր պայմանավորված նրա ղեկավարությամբ ցանկացած օպերայի ու մեծակտավ ստեղծագործության հաջողությունը: Մաեստրոյի հետ աշխատելիս իրավունք չունեիր որեւէ իմպրովիզի, հստակ պետք է երգեիր այն, ինչ առաջարկում է կոմպոզիտորը: Ասվածը կհաստատի նաեւ գործընկերս՝ Ռուբեն Նուրիջանյանը եւ շատերը»: Մագդա Մկրտչյանը հավելեց նաեւ, որ երեկոյի ընթացքում կհնչեն դուրյանական ռոմանսները Շիրազի, Իսահակյանի, Թոփալյանի, Աճեմյանի, Շտորմի, Հյոսեի, Թրագերի խոսքերով:
Իմիջիայլոց, վերջին շրջանում (խոսքը շուրջ 30 տարիների մասին է) Դուրյանի ծննդյան հոբելյանին անդրադարձ է եղել միայն մեկ անգամ՝ 2017թ.՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից: Տեղեկացնենք, որ Հանրային ռադիոյի ֆոնդում տեղ են գտել նաեւ Դուրյանի ստեղծագործությունները՝ 7 սիմֆոնիկ գործեր եւ 9 ռոմանս:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
06.09.2018