Ֆայտոնչի Սամվել Մուրադյանը Գյումրիի կոլորիտային դեմքերից է: Նա հայտնի Ֆայտոնչի Գրիշի թոռն է, որն էլ նրա կառքի հեղինակն է: «Առավոտի» հետ զրույցում ֆայտոնչի Սամվելն ասում է, որ շարունակում է պապի գործը: Ափսոսում է միայն, որ կառքը մաշվել է, ձիերին խնամելը դժվար է, իսկ ապրուստը հեշտ չի հայթայթելը:
«Էսքան տարի մենակ մեզանից տարել են, տվել ենք ու ոչինչ չենք ստացել: Հիմի Գյումրիում մի հատ գործարան չկա, մենակ պետությանը մուծվել ենք, էդ մուծվածն էլ իրանք են կերել»,-նեղսրտում է մեր զրուցակիցը:
Նա Հայաստանի այն քաղաքացիներից է, որ ողջ կյանքն աշխատել է, տնտեսած գումարները փորձել է բանկում պահել ու այսօր մնացել ձեռնունայն: «Կնիկս էլ գցեց երեխեքի անունով, ասեց, տես ինչքան շատ փող է, բայց էդ ամենը մարավ-գնաց»,-ափսոսում է Սամվելը:
Նա պատմում է, որ ֆայտոնը միշտ եղել է իրենց բակում. «Միշտ մեր հայաթում է եղել, պապս է քշել, հետո տասը տարի է՝ ես եմ ռեգուլյար քշում: Լավ է, վատ բան չէ, ուղղակի դժվար է պահելը, ձիերին խնամելը»: Նա փաստում է, որ Գյումրիում երթեւեկությունն այնքան ահավոր է, որ հաճախ քիչ է մնում ձիերը վթարի ենթարկվեն: Ասում է` ձիերը կարողանում են կանգնել, ենթարկվում են, ուղղակի երբեմն հնարավոր չէ միանգամից կանգնեցնել, քանի որ իներցիայով որոշ ժամանակ գնում են:
Ֆայտոնչի Սամվելը նշում է, որ հեղափոխությունից հետո մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել, բայց առայժմ աշխատանք չկա: Ասում է` իր տան մեջ առաջվա լավ «ռեմոնտը չկա, բայց շնորհք կա»: Ասում է՝ այսօր մարդիկ, քանի որ լավ չեն ապրում, միմյանց տուն չեն գնում, որ միմյանց նեղություն չտան: «Այսինքն՝ դու չես գա, ես էլ չեմ գա, ասեմ, որ սկայպով կխոսանք իրար հետ, կզանգենք, այ էդ հեռախոսն ու սկայպը մարդկանց ստախոս կդարձնեն»,-զարմանում է մեր զրուցակիցը:
«Եղել է, շատ է եղել, նստել ենք հաց ուտելու, կնիկը զանգ կուտա, մարդը կասի` հիմի դուռը բանաս, ստեղ եմ…Բայց պիտի ուտես, հլը մի ժամ ըմ մենակ էդիկ կտեւի, սուտասան են դարձել մարդիկ, դե ամենալավ սուտխոսաններն էլ գիտեք (ձեռքով վերեւ է ցույց տալիս՝ նկատի ունենալով պաշտոնյաներին-Գ.Հ.)»,- տարակուսանք է հայտնում Գյումրու գույներից մեկը դարձած ֆայտոնչին:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
06.09.2018