Սեպտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ռազմական լրագրություն – 2018» խորագիրը կրող երկշաբաթյա տեսական և գործնական դասընթացի մասնակիցներին։
Կարևորելով լրագրողների և պատմաբանների դերը տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև իրադարձությունների օպերատիվ և օբյեկտիվ լուսաբանման գործընթացում, Դավիթ Տոնոյանը նշել է. «Թեև լրագրողների մի մասը դասընթացից հետո որոշ ժամանակ աշխատելով պաշտպանական համակարգում, հետագայում փոխում են իրենց ոլորտը, այնուամենայնիվ մեր աշխատանքը տալիս է իր արդյունքը: Պրոֆեսիոնալները, սրտացավ մարդիկ, ովքեր սիրում են բանակը, լուսաբանում են այն գրագետ ու ճիշտ և հենց իրենք են որակ ձևավորում»:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է նմանօրինակ դասընթացները, որոնք կարող են անհրաժեշտ լինել մարտական գործողությունները լուսաբանող ռազմական լրագրողներին:
Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, անդրադարձել սահմանային իրավիճակին, ԶՈւ մարտական պատրաստությանն ու առաջիկա ծրագրերին, դասընթացների մասնակիցներին հանձնել հավաստագրեր։
Միջոցառման ընթացքում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ հրատարակված «Ռազմական լրագրություն» ռազմամեթոդական ձեռնարկը:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն