Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայք» կուսակցության ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԳԱԱ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ճարտարագետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ «Հայք» կուսակցությունը մասնակցում է ընտրություններին երկու կարեւոր կարգախոսներով: «Մեկն այն է, որ Երեւանը ողջ հայության մայրաքաղաքն է: Այլ քաղաքական ուժեր նույնպես կարող են նման կարգախոսով հանդես գալ, բայց կարեւորն այն է, որ «Հայքը» այդ կարգախոսին մոտենում է նորովի:
Մեր ժողովուրդը հեռացել է իր արմատներից, եւ այդ վերադարձը պետք է իրականացվի՝ մայրաքաղաքին վերադարձնելով իր դեմքը, նախ Երեւանը պետք է լինի ազգային արժեքների պահպանման դարբնոց, համայնքների կառավարման արդյունավետության փորձի ստեղծողն ու տարածողը ողջ երկրի տարածքով: Երեւանը պետք է լինի մայր համայնք մյուս համայնքների համար»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:
Նրա ձեւակերպմամբ, իրենց քաղաքական թիմի համար երկրորդ կարեւոր մտահոգությունը վերաբերվում է վերջին շրջանում տարածում գտած երեւույթներին, որոնք խաթարում են հայի կերպարը: «Մեր ազգային նկարագրին անհամատեղելի երեւույթներից է ԼԳԲՏ համայնքի պաշտպանների շարժումը, կարծում եմ՝ երեւանցին իր խոսքը պետք է ասի այդ մասին: Նաեւ ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում 2800-ամյա մայրաքաղաքում հոկտեմբերին սպասվող քրիստոնյա ԼԳԲՏ-ականների համահավաքը:
Վերջին շրջանում մեզանում հանդուրժողական վերաբերմունք է դրսեւորվում այսպես կոչված՝ հեշտ տրվող հաճույքների, օրինակ մարիխուանայի հանդեպ: Վրաստանում փորձ արվեց այն օրինականացնել, բայց օրինակ ամենաազատական արժեքների կրող ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել էր, որ իրենց երկրի ամենամեծ թշնամին ոչ այլ ինչն է, քան մարիխուանան: Ու այս տրամաբանության մեջ չես կարողանում հասկանալ՝ ինչու պետք է ավանդապահ Հայաստանը հանդուրժի նման բաներ»,- ասում է ավագանու թեկնածուն:
Ապա հավելում է. «Երեք տասնամյակները մի տեսակ արժեզրկեցին մեր ավանդական արժեքները՝ ընտանիքը, գիտելիքը, պապերից ժառանգված ավանդույթները: Երիտասարդությանը սովորեցնում են, որ կարեւորը հեշտ տրվող հաճույքներն են, հարստությունն է: Բոլոր ժամանակ եւ այսօր էլ հասարակության մեջ առկա է մի շերտ, որի համար աստված է փողը, ամեն գնով փորձ է արվում այդ շերտին հեգեմոնիա ապահովել, որի համար տգիտությունը կարեւոր չափորոշիչ է հասարակության մեջ սոցիալապես ավելի բարձր կարգավիճակ զբաղեցնելու համար:
Մենք դեմ ենք նման արժեքներին, եւ մեր կուսակցությունը գտնում է, որ այդ հարցում շատ կարեւոր դեր ունի քաղաքամայր Երեւանը, իսկ առավել արդյունավետ այդ խնդիրների լուծման համար դերակատարություն պետք է ունենան նաեւ քաղաքային իշխանությունները»:
Բնական է օրենքը նախատեսում է ոչ միայն հոգեւոր խնդիրների շուրջ քաղաքային իշխանությունների գործունեությունը, կան ՏԻՄ օրենքով ամրագրված պատվիրակված պարտադիր եւ կամավոր լիազորություններ:
Մեզ հետ զրույցում անդրադարձ եղավ նաեւ հասարակությանը մտահոգող կարեւորագույն խնդիրների՝ սանիտարական պայմաններ, նախադպրոցական տարիքի երեխաների հոգսեր, փողոցների վիճակ, լուսավորություն, ճանապարհների որակ, կանաչ տարածքների վերականգնումը եւ այլն:
«Հայք» անդամը փաստեց, որ Երեւանի «թոքերը» կտրել են, ու կանաչ տարածքներում կառուցապատում է իրականացվել: Նա վկայակոչեց ընդունված չափորոշիչները, ըստ որի յուրաքանչյուր բնակչի 21 քմ կանաչ տարածք պետք է բաժին ընկնի, մինչդեռ Երեւանում այդ թիվն ընդամենը 7 քմ է կազմում:
Մեր զրուցակիցը ընդգծեց, որ «Հայքը» ունի ծրագիր, որը նախատեսում է ավանդականորեն պապերից ժառանգված եղանակով, շատ ավելի էժան վերականգնել կանաչ տարածքները, Երեւանի շուրջ ստեղծել կանաչ գոտիներ. «Կանաչ տարածքների պահպանման ավանդական եղանակի էությունը զառիթափ եւ զառիվեր տարածքներում որոշակի հեռավորության վրա ծառատունկի իրականացումն է եւ բնական եղանակով նրանց պահպանման ու աճի արդյունավետ ապահովումը: Այդպիսի անտառային շերտ է համարվում Ջրվեժի տարածքում գտնվող այգին, որը ժամանակին մեր արքաներն են ստեղծել որպես հանգստավայր»:
Հրաչյա Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով երեւանցի լինելու դեպքում ավագանու անդամներն ավելի հոգատա՞ր կլինեն, մեր զրուցակիցն ի պատասխան ասաց. «Ես այդպիսի պնդում չէի անի… Շատ հնարավոր է, որ լինեն համաքաղաքացիներ, որ ավագանու անդամ չլինեն, բայց ոչ պակաս մտահոգ լինեն Երեւանի հանդեպ եւ օգտակար՝ իրենց գործունեությամբ: Ավագանու անդամը պետք է կրողը լինի այն բոլոր արժեքների, որ ներհատուկ են հայի տեսակին, որովհետեւ համայն հայության մայր քաղաքն է ներկայացնում, եւ բոլոր այն հայրենակիցներին, որոնք կցանկանան օգտակար լինել, ավագանին չխոչընդոտի ու աջակցի նրանց ծրագրերի իրականացմանը: Ամենագլխավոր խնդիրներից մեկը, որ բոլոր մեծ քաղաքներին է հատուկ աղբավայրերն են, աղբի խորը վերամշակման ծրագրերը»:
«Հայքի» անդամը հիշեց, որ դեռեւս 2000-ականներին ճապոնական մի ընկերություն պատրաստակամություն էր հայտնել անել ներդրումներ այդ ոլորտում, սակայն ծրագիրը նրա խոսքերով, խմբային շահերի կամ գուցե բյուրոկրատական քաշքշուկի պատճառով չէր իրականացվել: Նրանից նաեւ տեղեկացանք, որ «Հայք» կուսակցությանը սատարում է վերջերս իրավական կարգավիճակ ստացած Հայ մասնագետների խորհուրդը, որի մեջ ընդգրկված են ԱՄՆ-ում, Եվրոպայում, ՌԴ-ում, Հայաստանում եւ այլ երկրներում ապրող բարձրակարգ հայ մասնագետներ՝ հիմնականում դոկտորի գիտական աստիճան ու մեծ փորձառություն ունեցող, նախագահն էլ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Բարսեղյանն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայք» կուսակցության ծրագիրը շատ կարևոր խնդիրների է վերաբերվում: Երկու ձեռքով կողմ եմ այդ կուսակցության թեկնածուին:
Իսկ օտարամոլությանը և հայերը ռուսիֆիկացիայի գործընթացին ու «քարոզչությանը» կողմ է՞: