Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարարը պարզաբանում է. «Ես ծառայել եմ, անգամ՝ խրախուսանքների արժանացել»

Սեպտեմբեր 06,2018 17:50

Հայաստանում պաշտոնյաների նշանակումը միշտ էլ քննարկումների առարկա է դառնում, թե արդյոք այս կամ այն անձը համապատասխանո՞ւմ է իրեն վստահված ոլորտին:

Վերջերս նմանատիպ հրապարակում եղավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնում Սարգիս Ավագյանին նշանակելու առիթով, որում նշված են նրա կենսագրության որոշ «մութ էջեր»: Մասնավորապես, որ նա բանակում չի ծառայել, բայց եֆրեյտոր է, որ կրթությամբ շինարար է, բուհն ավարտել է սահմանված ժամկետից մի քանի տարի ուշ եւ որ սպորտի հետ չնչին առնչություն ունի:

«Առավոտը» Սարգիս Ավագյանին խնդրեց մեկնաբանել հարցադրումները:

«Այդ հրապարակումը կարդացել եմ: Այո, թե նախկինում, թե հիմա կան պաշտոնյաներ, որոնք բանակում չեն ծառայել: Ինչ վերաբերում է ինձ, ապա հեղինակին պետք է տխրեցնեմ: Ես ծառայել եմ, անգամ՝ խրախուսանքների արժանացել: Զորակոչվել եմ 2006 թվականի հունիսի 12-ին, ծառայել, ինչպես ասում են, զանգից-զանգ, ու զորացրվել 2008-ի հունիսի 12-ին: Ծառայությունս անցկացրել եմ Հայաստանի արեւմտյան սահմաններում եւ Ռուսաստանի սահմանապահ զորքերի կազմում պաշտպանել Հայաստանի՝ Թուրքիայի եւ Նախիջեւանի հետ պետական սահմանը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու եմ ճարտարապետաշինարարական համալսարանը ուշ ավարտել, պատասխանեմ: Ընդունվել եմ 2004 թվականին՝ ցերեկային բաժանմունք: Բայց ուսման վարձը վճարելու եւ ընտանիքիս ֆինանսապես աջակցելու նպատակով նաեւ աշխատում էի ու մտածում հեռակա ուսուցման տեղափոխվելու մասին: Դրա համար որոշեցի, որ ավելի լավ է՝ գնամ բանակ եւ վերադառնալուց եւ վերականգնվելուց հետո ուսումս շարունակեմ հեռակա բաժանմունքում, որտեղ, ինչպես գիտեք, ուսման ժամկետը մեկ տարի ավելի է: Այստեղից էլ՝ հրապարակման հեղինակին կասկածի տեղիք տված լրացուցիչ երեք տարիները:

Սպորտի հետ կապ ունեցե՞լ եմ, թե՞ ոչ: Եղել եմ դինամոյական մարզիկ: Մեծ նվաճումների չեմ հասել, բայց սպորտի միջից եմ: Մարզվել եմ բռնցքամարտի մեր լավագույն մարզիչներից մեկի, լուսահոգի Արմեն Անտոնյանի մոտ: ՀԱՕԿ-ում փորձագետ խորհրդական աշխատելու երկու տարիներն էլ ինձ օգնել են սպորտի կազմակերպչական ոլորտներին ներսից  ծանոթանալ:

Կարծում եմ՝ հանգստացրի հրապարակման հեղինակին, եւ նա արդեն կարող է անհոգ քնել», – ասաց Սարգիս Ավագյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930