«Գլխավոր դատախազը հնարավորություն ունի միջնորդել դատական ատյաններին, որ Շանթ Հարությունյանի գործը վերանայվի, սկսվի քննություն, որի ընթացքում օրինական ճանապարհների բոլոր ընթացակարգերը պահպանելով՝ կկարողանան փոխել Շանթ Հարությունյանի խափանման միջոցը և նաև արդարացման հիմք ստեղծել կարճ ժամանակում արդարացնել և ՀՀ-ում փակել քաղբանտարկյալների թեման»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով Շանթ Հարությունյանի գործին:
Նա շեշտեց՝ իրավիճակ է փոխվել ու մանրամասնեց. «Մինչև հեղափոխությունը իշխանությունները քաղաքացիների հանդեպ արդարադատության իրականացման առումով որևէ պատասխանատվություն չէին կրում: Ենթադրվում էր, որ քաղաքացիներն իրենք պիտի պայքարեն իրենց իրավունքների համար: Հիմա ասում են՝ Շանթ ջան մի բան ստորագրի, դուրս արի, ցերեկներն ավելի շատ ժամանակ կունենաս քո իրավունքները պաշտպանելու, արդարացման համար պայքարելու: Շանթը չպետք է պայքարի իր արդարացման համար: Նոր Հայաստան է, և բոլորս, այդ թվում իշխանությունները, պետք է պայքարեն իր արդարացման համար: Նոր քաղաքական համակարգ, նոր արժեքներ. Շանթը դա է ասում: Եթե հեղափոխություն է եղել, ինչո՞ւ ես մի քանի ժամ օրական պիտի տրամադրեմ, որ ես գնամ իմ արդարացման համար պայքարեմ, դա իմ խնդի՞րն է»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հիշեցրեց 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ԵԽԽՎ բանաձևը, որտեղ հստակ ամրագրված էր, որ միայն ոստիկանության ցուցմունքներով մեղադրանքի հիմնավորվածությունը պետք է կասկածի տակ դնել. «Շանթի ազատության խնդիրը բառացիորեն գոյություն ունի միայն իրավական հարթության մեջ: Այն փորձերը Շանթին ազատ արձակելու պահանջի տեսակետից, որոնք հասցեագրվում են քաղաքական իշխանություններին, որևէ հիմնավորում չունեն: Քաղաքական իշխանության կողմից Շանթին բանտում պահելու վերաբերյալ որևիցե ուղերձ կամ դիրքորոշում չկա, հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ում չպետք է լինեն քաղբանտարկյալներ»:
Իրավապաշտպան, Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ-ի ղեկավար Վարդան Հարությունյանը նշեց՝ Շանթ Հարությունյանի իրավունքն է դիմում չգրելը, այնուհետև հիշեցրեց. «Մայիսյան հեղափոխությունից հետո երկիրն այլ երկիր է: ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չպետք լինեն: Դա ինքնին ցուցում էր ՀՀ իշխանություններին, որ բոլոր քայլերը պիտի ձեռնարկեն, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չլինեն, բայց դա չի նշանակում գնալ բանտի դուռը բացել և կալանավորներին ասել՝ գնա տուն: Քաղբանտարկյալ չունենալ, նշանակում է արդարացնել բոլոր նրանց, որոնք դատապարտված են քաղաքական հետապնդման հետևանքով»:
Արթուր Սաքունցն էլ հայտնեց՝ դատախազությունն իր անգործությամբ հրահրել է, որ այս գործը մնա հասարակական ուշադրության կենտրոնում և տեղափոխվի քաղաքական հարթություն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի