ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 5-8-ն աշխատանքային այցով Բրյուսելում է: Այցի ընթացքում հանձնաժողովի նախագահը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Սեպտեմբերի 5-ին Արմեն Աշոտյանը հանդիպել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, ընդգծվել է նոր մակարդակի խորհրդարանական համագործակցության ձեւաչափ ունենալու կարեւորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը:
Հաջորդ օրն Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքքալիսթերի հետ: Քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները, երկրում ժողովրդավարական իրավիճակի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում առկա միտումներն ու մարտահրավերները: Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հետ կապված հարցեր:
Նույն օրը հանձնաժողովի նախագահը եւ Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Ռեբեքա Հարմսը քննարկումներում անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, կարեւորել ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկմանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական վերջին զարգացումներին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է իշխանության ճյուղերի հավասարակշռված փոխգործակցությունն ու Սահմանադրությամբ երաշխավորված տարանջատումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ անկախ Հայաստանում քաղաքական ուժերի փոփոխություններից՝ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ցանկացած կառավարության առաջնահերթությունը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն