Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինձ մոտ ամեն ինչ մաքուր է». գյուղապետը՝ վարչապետի կուսակցի հետ բյուջե թալանելու մեղադրանքի մասին

Սեպտեմբեր 06,2018 17:09

Կառավարության դիմաց այսօր Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի բնակիչ Գուրգեն Գալստյանը մոտեցավ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին ու հանդիպում պահանջեց վարչապետի հետ՝ ասելով. «Մեղրաձորի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանը մեկ տարի թալանով է զբաղված, եւ նրա հետեւում կանգնած է վարչապետի կուսակիցը»:  Տղամարդն ասաց, որ խնդիրն անձամբ վարչապետին պետք է ներկայացնի: Դավիթ Սանասարյանն արձագանքեց, որ պետք է նամակ հղել կառավարության աշխատակազմին:

Լրագրողների հետ զրույցում էլ Գուրգեն Գալստյանը դժգոհեց. «Համայնքի բյուջեն թալանում է, գիտեմ՝ ոնց: Միայն վարչապետին կասեմ: Սերժ Սարգսյանի իշխանության օրոք էլ եմ դիմել իշխանություններին, բայց՝ ոչինչ: Հիմա երեք նամակ եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին, բայց նամակներս նրան չեն հասնում»: Գուրգեն Գալստյանը նշեց, որ չի բացահայտի վարչապետի կուսակցի անունը. «Ամբողջ մարզը գիտի՝ ով է…»:

https://www.facebook.com/aravot.am/videos/1946978628692822/

Aravot.am-ը կապ հաստատեց Մեղրաձորի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանի հետ (ընտրվել է 2016թ.-ին՝ անկուսակցական), որը Գուրգեն Գալստյանի հայտարարություններն ապատեղեկատվություն որակեց: «Բավականին բողոքներ են եղել, ստուգումներ են կատարվել: Իմ մոտ ամեն ինչ մաքուր է, աշխատանքը՝ բարձր մակարդակի»,-վստահեցրեց Կառլեն Հովհաննիսյանը, ապա շեշտեց. «Այդ մարդը գրանցված է մեր գյուղում, բայց չի ապրում այստեղ: Ասում է, թե ես չպետք է աշխատեմ, բայց գյուղ էլ չի գալիս, տեսնեմ՝ ի՞նչ է ուզում ինձանից»:

Մեր զրուցակիցը նշեց, որ Գուրգեն Գալստյանն իրեն պարբերաբար վարկաբեկել է. «Լռեցի, լռեցի, բայց ինչքա՞ն կարելի է»:

Հետաքրքրվեցինք՝ «ո՞րն է պատճառը, ձեր եւ Գալստյանի միջեւ խնդիրնե՞ր կան»: Կառլեն Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց:

Ինչ վերաբերում է հարցին, թե ով է Կառլեն Հովհաննիսյանի թիկունքին կանգնած վարչապետի կուսակիցը, գյուղապետը ծիծաղեց. «Նման բաներն իրականությանը չեն համապատասխանում. «Գալստյանը գործիք է մեկ ուրիշ դեմ, թե ում՝ չեմ ասի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930