ՀՔԾ-ն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան ձեռքբերման առթիվ գործ է հարուցել: Թե ինչ կարծիք ունի այդ մասին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, այսօր կառավարության նիստից հետո հետաքրքրվեցին լրագրողները: Օսիպյանն ասաց. «Օրենքի առաջ բոլորը հավասար են»:
Արդյոք ոստիկանապետի աշխատավարձով հնարավո՞ր է նման շքեղ առանձնատուն ձեռք բերել, հարցին ի պատասխան Օսիպյանն ասաց. «Հայաստանի Հանրապետությունում որեւէ աշխատավարձով չես կարող գնել նման առանձնատուն»:
Եթե ապացուցվի, որ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է, նա կկանգնի՞ օրենքի առաջ պատասխանատվության, այս հարցին ի պատասխան էլ ոստիկանապետն ասաց.«Իմ կարծիքով՝ այո»:
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի հետախուզման մասին հարցին էլ ի պատասխան՝ ոստիկանապետն ասաց, որ Ինտերպոլի հետ սերտ համագործակցում են Նարեկ Սարգսյանին գտնելու համար. «Համբերատար սպասեք: Դա այնպիսի գործընթաց է, որը համբերություն է պահանջում՝ աշխատատար է: Հնարավոր չէ, որ մարդ թաքնվի այնպիսի հատվածում, որ իրեն հնարավոր չլինի հայտնաբերել: Մենք Ինտերպոլի կենտրոնական բյուրոյի հետ սերտ համագործակցության մեջ ենք: Ինտերպոլի հետ աշխատանքը վաղ թե ուշ իր արդյունքները կտա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ