Արձագանքելով armtimes.com կայքի 06.09.2018 թ.-ի «10 լրատվամիջոց սփյուռքի նախարարությունից 20 մլն գումար է վերցրել. գործը ՔԿ-ում է» հրապարակմանը, որտեղ ի թիվս այլ լրատվամիջոցների, նշված է նաեւ «Առավոտ» օրաթերթի անունը, տեղեկացնում ենք, որ «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ն օրինական հիմունքներով «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է պայմանագիր, որի դիմաց, պայմանագրի շրջանակներում, պարտավորվել է aravot.am կայքում հրապարակել տարեկան 36 նյութ: Պայմանագիրը կնքվել է 10 ամսվա համար, որի արժեքը կազմել է 800.000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Ամսական կտրվածքով այդ գումարը կազմել է 80.000 դրամ:
Պայմանագիրը կնքվել է 2016, 2017 թվականներին եւ ուժի մեջ է եղել մինչեւ 2018 թվականի հունիսի 15-ը: 2018-ի երեք ամիսներին մատուցված ծառայության դիմաց «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ը փոխանցել է 240.000 դրամ: Ընդհանուր առմամբ, պայմանագրի շրջանակներում, «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ն ստացել է 1 միլիոն 840.000 դրամ: Նյութերը տրամադրել է պատվիրատուն:
Ի դեպ, «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ն տասնյակ նման պայմանագրեր ունի նաեւ այլ կազմակերպությունների հետ:
«Առավոտ»