Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյանը Մարտի 1-ին ցուցարարների մոտ զենք-զինամթերք չի տեսել

Սեպտեմբեր 06,2018 16:20

«Մարտի 1-ին հերթապահել եմ, եւ ինքս զենք-զինամթերք չեմ տեսել, բայց փայտեր բոլորս ենք տեսել»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին՝ Մարտի 1-ին հերթապահության ժամանակ ցուցարարների մոտ կամ նստարանների տակ զենք-զինամթերք տեսե՞լ է:

Մարտի 1-2-ի դեպքերով հատուկ քննչական ծառայությունը քրեական նոր գործ է հարուցել՝ «…ոստիկանության տարբեր ստորաբաժանումների՝ առնվազն 1,300 ծառայողներ Երեւան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա` քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները…»:

Այս առնչությամբ Վալերի Օսիպյանն ասաց. «Մարտի 1-ի գործով կան ոստիկաններ, որոնք ընդգրկված են եղել տարբեր ստորաբաժանումներում, բայց դա չի նշանակում, որ բոլորը ենթակա են պատասխանատվության, կամ, առհասարակ, ենթակա են պատասխանատվության:

Ըստ Հատուկ քննչական ծառայության հարուցած նոր գործի, այն ժամանակվա ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն Ազատության հրապարակում գիշերող ցուցարարներին բռնի ուժով հեռացնելու հակաօրինական գործողությունների համար փաստաթղթեր են կեղծել՝ հայտնելով, թե իբր հրապարակում զենքի ու պայթուցիկ նյութերի առկայության մասին ահազանգեր են ստացել: Այս առնչությամբ էլ ոստիկանապետն ասաց. «Փաստաթղթեր կեղծվել են, թե՝ ոչ, չեմ կարող ասել: Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում կներկայացնի: Փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է, թե ով է արել այդպիսի բան, ասել չի կարող»։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պնդում են, թե՝ Մարտի 1-ին Քոչարյանն իրավապահներին չի հրահանգել գործողություններ անել լուսադեմին՝ ցուցարարների դեմ. ի վերջո, եղե՞լ է հրաման, թե՝ ոչ, այս հարցին ի պատասխան Օսիպյանն ասաց՝ «Ես տեղյակ չեմ»։ Ապա ասաց, ինքն ընդամենը հերթապահություն է արել, հորդորեց հրամանի մասին այն ժամանակվա վերադասներից հետաքրքրվել, իրեն հրամայվել է պահպանել հասարակական կարգը:

Մանրամասն՝ տեսանյութում

Մարտի 1-2-ի առավոտյան ցուցարարներից դիմադրություն տեսե՞լ է, լրագրողների հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանապետն ասաց. «Այսպես պատասխանեմ՝ հիմա կառավարության դեմը բազմաթիվ քաղաքացիներ կան, ակցիա են իրականացնում, պայմանական ընդունենք, որ հարակից Տիգրան Մեծը փակել են, ոստիկանները մոտենան, պահանջեն փողոցը բացել, բնականաբար, հրաժարվեն՝ ավտոմատ քաշքշուկ է ստեղծվելու, դիտվելու է որպես քաշքշուկ, թեպետ ոստիկանությունն օրինական գործողություն է իրականացնում, եւ չի բացառվում, որ օրենքով նախատեսված կարգով կարող է ֆիզիկական ուժ կիրառվել, դա պետք է որպես դիմադրությո՞ւն դիտվի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930