Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը թույլ տվեց, որ կրիմինալը թափանցի Գյումրու շախմատի ոլորտ»․ միջազգային գրոսմայստեր

Սեպտեմբեր 06,2018 16:10

Շիրակի մարզի միակ միջազգային գրոսմայստեր Արա Մինասյանը, որը 2006-2011 թթ․-ը եղել է Լևոն Արոնյանի մարտավկան և որն արդեն 7 տարի է՝ աշխատանք չունի, Aravot.am-ի հետ զրույցում մի քանի ուշագրավ բացահայտումներ արեց այս ոլորտից։

Ըստ նրա, Սերժ Սարգսյանը իր գլխավորած մարզական ոլորտը լցրել է դիլետանտներով, իսկ Գյումրու Անի թաղամասում բացված դպրոցը թույլ է տվել հանձնեն կրիմինալին, որը խոստացել էր մեծ ներդրումներ կատարել ու չի արել։ 1999 թվականից էլ Գյումրու կենտրոնում գտնվող շախմատի դպրոցի տնօրենն էլ իր միջնորդությամբ նշանակել է տվել իր ուսանողական տարիների ընկերոջ՝ Հովհաննես Խալիկյանի քրոջը։

«Ես աշխատել եմ Գյումրու շախմատի ոլորտում, բայց 2011-2012 թվականից այլևս չաշխատեցի, որովհետև իմաստ չկար․ ոլորտը լցրեցին ոչ մասնագետներով։ Նրանք եկել էին այն նպատակով, որ մեծ ներդրումներ անեն շախմատի ոլորտում, բայց հետո տեսանք, որ ոչ մի գումար էլ չներդրեցին․ խոստումները, թե նոր դպրոց պիտի կառուցեն, ոլորտը զարգացնեն, չիրագործեցին։ Ես ինքնակամ դուրս եկա, մտածեցի՝ ինչ գործ ունեմ աշխատել մի մարդու ձեռքի տակ, որն ընդհանրապես այդ ոլորտի հետ կապ չունի, վերջը միջազգային գրոսմայստերն ամենաբարձր կոչումն է, իմ 20 տարվա աշխատանքի արդյունքն է։

Հասմիկ Խալիկյանը շախմատի մարզադպրոցի տնօրեն նշանակվեց 1999 թվականից, ու քանի որ եղբայրը մտերիմ է Սերժ Սարգսյանի հետ, անձեռնմխելի անձ դարձավ։ Երիտասարդ մարզիչները, որոնք ձայնազուրկ չէին, ուզում էին իրենց իրավունքները պաշտպանել ու այլևս անհնար էր Հասմիկ Խալիկյանի հետ աշխատելը, Գյումրիում շախմատի երկրորդ մարզադպրոցի բացվելուն պես, տեղափոխվեցին երկրորդ դպրոց»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա ոլորտում առկա խնդիրները պարբերաբար բարձրաձայնել է շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս անպատասխան է թողել նամակները՝ առանձին մարդկանց միջոցով տեղ հասցնելով, որ «ոչ մի բան չունեմ իրեն պատասխանելու»։

«Առաջին դեմքը, որ պիտի կանոնադրությունը, օրենքը պաշտպաներ, նմանատիպ պատասխան էր տալիս։ Սերժ Սարգսյանի՝ շախմատի ոլորտ մտնելուց հետ այն դարձավ ոչ թե սպորտային ասպարեզ, այլ քաղաքական ասպարեզ․ պալատական ինտրիգները տեղափոխվեցին շախմատի ոլորտ։ Ես մի քանի անգամ ճաշկերույթների ժամանակ ասել եմ՝ ձեզ հարգում ենք Սերժ Ազատիչ՝ որպես շախմատի ֆեդերացիայի նախագահի, որպես «գենս ունա սումուսի» ղեկավարի․ մենք մի ընտանիք ենք, դուք էլ մեր ընտանիքի ղեկավարն եք, բայց իրենք դրանով չէին բավարարվում, իրենց պետք էր, որ շախմատային հաջողությունները քաղաքականացվեին։ Օլիմպիադայում հաղթել էին, իրենք առաջարկում էին, որ հաղթող տղաները ելույթ ունենան ու ասեն, որ մենք սատարում ենք Հանրապետական կուսակցությանը՝ այսպիսով նեղ դրության մեջ դնելով նրանց։ Դա նորմալ մարդու համար նորմալ չէր դիտվում։ Իրենք ազգի հաջողությունը ոնց որ դարձնում էին կուսակցության հաջողությունը, ու ազգը, որ պիտի ուրախանար շախմատային հաջողություններով, երևի թե շատերն այլևս չէին ուրախանում այդ հայտարարությունից հետո։ Նույնիսկ ժամանակին թերթերից մեկը մի կոպիտ հոդված գրեց այս կապակցությամբ՝ նշելով, որ շախմատիստներն էլ դարձան քաղաքական պուտանկաներ։

Ցույցերի ժամանակ, երբ հավաքականի 4-5 անդամներ ու նաև կազմակերպչական հարցերով զբաղվող 3-4 չինովնիկներ ելան ու ասացին, որ Սերժ Սարգսյանին են սատարում, մեծ կոնֆլիկտ առաջացավ շախմատային աշխարհում․ շախմատիստների մեծ մասն ասում էին, թե թող ելնեն իրենց անունից ելույթ ունենան, ի՞նչ գործ ունեն ընդհանուրի անունից խոսելու։ Էդ հինգ հոգուն, որ լավ են նայել, ֆինանսավորել, պարգևատրել են, նրանց անհարմար դրության մեջ դնելով՝ ասում էին, հայտարարեք, որ սատարում եք Հանրապետական կուսակցությանը։ Եթե մարզիկը հրաժարվեր, ասում էին՝ ինչի քեզ վատ ենք եղել, անձնական էին դարձնում, նման երևույթները պիտի բացառել շախմատից, շախմատն՝ այս ազատ ոլորտը, որի մեջ մտնում է սպորտ, գիտություն, արվեստ չկուսակցականացնեն», -ասում է Արա Մինասյանը։

2011 թվականին էլ բացարձակ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ միջազգային գրոսմայստերը եղել է Լևոն Արոնյանի շախմատային աստղային ժամանակաշրջանի դերակատարներից, շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրենը հեռախոսազանգով անսպասելիորեն հայտնել է, որ ինքն այլևս որևէ կապ չունի Լևոն Արոնյանի հետ։ Նույնիսկ բանավոր շնորհակալություն չեն հայտնել։

Մեր հարցին ՝այս թեմայի շուրջ որևէ հիմնավոր պարզաբանում չի ներկայացվե՞լ, մեր զրուցակիցն ասաց․ «Ես որևէ հիմնավոր պարզաբանում չեմ լսել իրենց կողմից, ես անընդհատ ակադեմիայի ուսումնամարզական հավաքներին եմ եղել, անընդհատ որևէ կազմակերպչական հարցերի մեջ եմ եղել, ամեն ինչում ներկա եմ եղել։ Լևոն Արոնյանի հավաքների բոլոր կազմակերպչական հարցերը ես իմ վրա եմ վերցրել, որպեսզի իր գլուխը հանգիստ լիներ, ու ինքը կարողանար ամբողջությամբ շախմատին նվիրվել։ Մեր հավաքներում 4-5 մարդ էինք, խմբի ղեկավարը ես եմ եղել»,- ասում է Արա Մինասյանը։

Նրա քննադատելով՝ շախմատի ոլորտը Գյումրիում լճանում է, տեղում դոփում է։

«Ես չգիտեմ՝ ի՞նչ կարող են պատճառաբանել, եթե Գյումրիում երկու շախմատի դպրոց կա, մեկի համար ասում են՝ սա մեր ընկերոջ քույրն է, անձեռնմխելի է, չեն մտածում, որ շախմատը լճացում է ապրում։ Բոլոր մարզերում արդյունքներ կային, իսկ մեր մոտ միջին, միջինից ցածր,անընդհատ էդ միջինը պահում էին։ Հետագայում տեսան արդյունքները, Վանաձորում, Աբովյանում մեծ դպրոցներ հիմնեցին, տեսան, որ աշխատանք կա այնտեղ, բնական է ներդրումներ արեցին, իսկ մեր մոտ ոնց որ կա, նույն ձևի մնում է։

Քաղաքի կենտրոնում գտնվող շախմատի դպրոցի շենքը ոնց որ թե ուզում էին սեփականաշնորհել, դրա համար իրենց պետք չէր, որ գային, շախմատ զարգացնեին, կամաց-կամաց քայլեր էին անում, ուղղակի չէր ստացվում, անգամ պատվոտախտակ խփեցին, թե հիմնադիրների մեջ նաև կա Խալիկյան Հովհաննեսը։ Նա որևէ կապ չունի այդ դպրոցի հիմնադրման հետ։ Բոլոր հիմքերը կային կասկածելու, որ հետագայում դպրոցը սեփականաշնորհելու մտադրություն ունեին»։

Մեր զրուցակիցը պնդում է, որ իշխանափոխությունից հետո շախմատի ոլորտում ոչինչ չի փոխվել․ ըստ նրա, եթե մինչև հիմա Գյումրու շախմատի դպրոցի պատմական շենքում փակցված պատվոտախտակում ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի, Լորիս Քալաշյանի անվան կողքին նշված է, որ դպրոցը հիմնադրել է նաև Լենինականի առաջին սպորտի վարպետ Հովհաննես Խալիկյանը, սա արդեն իսկ իր խոսքերի ապացույցն է։

«Քաղաքային իշխանություններն էլ ուշադրություն պիտի դարձնեն, վերջն անհարմար է, եթե իրենք ունեն տվյալներ, որ Հովիկ Խալիկյանը կապ ունի այդ դպրոցի հիմնադրման հետո, թող թողնեն, եթե չունեն, արագ հեռացնեն, վերջը պատմություն է, չի կարելի պատմությունն աղավաղել։ Ես էլի եմ ասում՝ դիվանագիտությունն այլ բան է, հաճոյանալն այլ բան է։ Երևի մտածում էին՝ Սերժ Սարգսյանի մտերիմն է, պետք չէ հանել, հիմա ուզում է անունը գրվի, թող գրվի, կարող է քաղաքին դոտացիա գա, լարվածություն չստեղծենք։ Իշխանափոխությունից հետո ի՞նչն է հետ պահում անունը հանելուց, որ ոլորտը նայում ես, կոռուպցիա կա, բարեկամություն, քավոր- սանիկություն կա։ Ժամանակն է , որ մի քիչ էլ ուշադրություն դարձնեն այս ոլորտին, ասենք Գյումրիում բացված երկրորդ դպրոցը տվեցին կրիմինալին, կրիմինալն ուր, շախմատն ուր։ Ես ֆեդերացիայի նիստում բարձրաձայնել եմ այս հարցը, բայց նիստին ներկա Սերժ Սարգսյանն անջատել տվեց տեսախցիկներն ու անպատասխան թողնելով՝ իր հետագա քայլերով ցույց տվեց, որ շախմատի կարգախոսը, այն է՝ «գենս ունա սումուս», մի ընտանիք ենք, կրիմինալն էլ մեր ընտանիքից է», -ասում է Արա Մինասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930