ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի խնդիրն առանձին պետք է դիտվի`հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ կան անձնական հարաբերություններ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ, որոնք տարբեր շրջաններում ունեցել են իրենց դրական կամ բացասական անդրադարձերը. «Երկկողմ հարաբերությունը նաեւ անձերի շփում է ենթադրում եւ մեզ համար շատ կարեւոր է, որ այդ հարաբերությունները նաեւ ընկերական ու նորմալ հարաբերություններ դառնան առաջին դեմքերի միջեւ՝ անկախ նրանից, թե այդ օրը Հայաստանի եւ Ռուսաստանի առաջին դեմքերն ովքեր են»:
Արմեն Ռուստամյանն, ի դեպ, տպավորություն չունի, որ Մոսկվան, այս փուլում, անթաքույց աջակցում է Ռոբերտ Քոչարյանին: Բայց հիշեցնում է`Ռուսաստանն այն երկիրն է, որն ունի անմիջական շահեր այս տարածաշրջանում, իսկ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները միշտ այդ շահերի կիզակետում են եղել:
Մի բանում Արմեն Ռուստամյանը համոզված է` Հայաստանի ներքին իրադարձությունները չպետք է ազդեն ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների վրա. «Քայլը, որը կատարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի հետ կապված, ՌԴ-ի մոտ կարող էր տպավորություն առաջացնել, որ այդ կազմակերպության հեղինակության հետ կապված հարց է առաջանում: Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին առանց հետ կանչելու մեղադրանք առաջադրեն, այդ կարգավիճակով մեղադրյալի աթոռին նստի»:
Իսկ տեղեկությունները, որ Ռուսաստանը Հայաստանի իրավապահներին չի հանձնի Մարտի 1-ի գործով իբրեւ մեղադրյալ ներգրավված պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին՝ պատճառաբանությամբ, թե նա ՌԴ քաղաքացի է, Արմեն Ռուստամյանը մտահոգիչ է համարում. «Մեզ համար էլ կարեւոր է հասկանալ, թե խնդիրների լուծումն ինչ դաշտում պետք է գտնել: Բայց սա նշանակում է, որ, այո, Ռուսաստանն անթաքույց ասում է, որ այն, ինչ քրեական հետապնդման առումով տեղի է ունենում Հայաստանում, դրանից, մեղմ ասած, իրենք ոգեւորված չեն»:
Եթե Միքայել Հարությունյանին ՌԴ-ում ապաստան տան, ապա, ըստ բանախոսի, պաշտոնական Մոսկվան այդպիսով կհասկացնի, որ Միքայել Հարությունյանը հանիրավի հետապնդվում է: Սա, Արմեն Ռուստամյանը չի համարում ուղղակի միջամտություն Հայաստանի ներքին գործերին, բայց, կարծում է, որ տվյալ երկրի իրավունքն է գնահատել, թե որքանով է առաջադրվող մեղադրանքն իր համար ընդունելի:
Իսկ այն, որ Ռոբերտ Քոչարյանը չխուսափեց Հայաստան վերադառնալուց եւ իրավապահների հեռ առերեսվելուց, Արմեն Ռուստամյանին հիմք է տալիս մտածելու, որ նա որևէ ձեւով կաշկանդված չէ իր իրավունքները պաշտպանելու առումով եւ իր անմեղությունն ապացուցելու համապատասխան ռեսուրս ունի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ