«Ես կարծում եմ, մեր ռազմավարական շահերն այնքան կարեւոր եւ նշանակալից են, որ ցանկացած խնդիր էլ պետք է ստորադասվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն`անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին եւ դրանցում առկա խնդիրներին: Այս համատեքստում, Արմեն Ռուստամյանը մեծ ակնկալիքներ ունի սեպտեմբերի 8-ին կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպումից. «Այս հանդիպումները հենց նրա համար են, որ խնդիրները վերջնականապես պարզաբանվեն եւ իրենց լուծումները ստանան, մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ որեւէ կերպ չխաթարվի, այլապես դա կունենա մեզ համար լուրջ, ճակատագրական հետեւանք»:
Արմեն Ռուստամյանի կարծիքով, առաջիկա հանդիպումը լինելու է լիարժեք, քանի որ երկկողմանի առաջին լուրջ հանդիպումն է: Նախորդ երկուսը տեղի են ունեցել այլ նպատակների շրջանակներում եւ հընթացս: «Հիմա պետք է բաց խոսել բոլոր թեմաներով: Հայաստանը միշտ աչքի է ընկել իր արտաքին քաղաքականության մեջ նրանով, որ նույն բանն է ասել թե Մոսկվայում, թե Բրյուսելում, թե Վաշինգտոնում, սա պետք է կարողանանք պահել»: Aravot.am-ի դիտարկմանն ի պատասխան`հիմա նույնը չի՞ ասում, Արմեն Ռուստամյանը տարակուսեց:
ՀՅԴ-ական պատգամավորը հատկապես է կարեւորում այն, որ հստակ ներկայացվի Արցախի հարցի կարգավորման հետ կապված Հայաստանի դիրքորոշումը: Aravot.am-ի հարցին`իր կարծիքով Նիկոլ Փաշինյանը հայեցակարգ ունի՞ Արցախի հիմնահարցի վերաբերյալ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Փաշինյանի հետ մեր հանդիպման ժամանակ այս հարցի հետ կապված ելակետը գոհացուցիչ էր: Խոսքը գնում էր նրա մասին, որ Հայաստանը պետք է առաջնորդվի Արցախի հարցի լուծման այն տրամաբանությամբ, որ պետք է հիմնվի ԼՂՀ ժողովրդի արտահայտած կամքի վրա: Հիմա խնդիրներ են առաջացել այն բանի հետ կապված, որ անմիջական բանակցություններ չպիտի տանի վարչապետը, որովհետեւ չունի այն լիազորությունները, ինչ-որ Ղարաբաղից եկած իր նախորդ պաշտոնյաներն են ունեցել: Բայց սա չի կարող որեւէ կերպ մեկնաբանվել, որ Հայաստանը փորձում է դրանով խուսափել բանակցություններից: Սա է գլխավոր խնդիրը, որ պետք է հստակեցվի: Բացի այդ, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները Ադրբեջանը փորձում է շրջանցել` նկատի ունենալով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, սա չպետք է թույլ տանք»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Հիշեցնենք, ՀՀԿ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը տեսակետ էր հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցի վերաբերյալ հայեցակարգ չունի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ