Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել: Գյուղացիները նրանց համարում են «աղանդավորներ», և հրաժարվում են դպրոց ուղարկել երեխաներին, քանի դեռ վերջիններս աշխատում են դպրոցում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ուղղված դիմումում ուսուցիչները հայտնել են, որ այդ համատեքստում շրջանառվում է չորս ուսուցչի անուն, որոնցից միայն մեկն է Ավետարանչական եկեղեցու հետևորդ: Բայց բոլոր չորսը հեռացման վտանգի տակ են: Ուսուցիչները համոզմունք ունեն, որ իրենց դեմ գործողությունների կազմակերպիչները դպրոցի տնօրենն ու փոխմարզպետերից մեկն են, վերջինս տնօրենի ազգականն է:
Նրանք նաև հայտնել են, որ տեղեկություն ունեն, որ ոստիկանությունը դպրոցի տնօրենի կողմից 40 մլն դրամի չարաշահում է բացահայտել, բայց փորձում են կոծկել ու ավելի մեղմ հոդվածով բավարարվել:
Ուսուցիչների հայտնած այս տեղեկությունների հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ. սեպտեմբերի 3-ին դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Հարությունյանին և ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին՝ դպրոցում անխափան դասապրոցեսը և նշված ուսուցչուհիների բնականոն աշխատանքը ապահովելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և դիմումում ներկայացված չարաշահումների վերաբերյալ համապատասխան գործողություններ իրականացնելու պահանջով:
Երեկ՝ 2018թ. սեպտեմբերի 5-ին, shabat.am-ը տեղեկատվություն տարածեց, որ Ելփին գյուղ են այցելել և խնդրի շուրջ քննարկում ունեցել Վայոց Ձորի փոխմարզպետը Նանե Ասատրյանը, ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը,ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ